Բաժիններ՝

Որտեղ պետք է պահվեր ՔԿ–ից հափշտակված գումարը և ինչու էր մնացել պահարանում. մեկնաբանություն

Քրեական վարույթով ձեռք բերված իրեղեն ապացույց գումարները կամ թանկարժեք իրերը պահպանելու ամենաարդյունավետ տարբերակը դատախազության հաշվեհամարին դրանք փոխանցելն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով ՔԿ-ից ավելի քան կես միլիոն դալարի հափշտակության դեպքը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս բացահայտել էր քննչական կոմիտեից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 դոլար հափշտակելու աղմկահարույց դեպքը։ Ըստ նախաքննական վարկածի` գործել է հանցավոր խումբ, որի կազմակերպիչը եղել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ կատարողը` Էդգար Գրիգորյանը։

«Կարծում եմ` քննչական կոմիտեն փորձել է պահել ԿԲ-ի պահոցներում, որպեսզի թղթադրամները չփոխվեն, նույնը մնան։ Բայց ԿԲ-ն, փաստորեն, չի ընդունել»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը։

Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը մայիսի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն այդ, այլև մի շարք այլ քրեական վարույթներով առգրավված գումարներն ու թանկարժեք իրերը անվտանգ պահպանելու նպատակով քննչական մարմինը գրությամբ դիմել է Կենտրոնական բանկին։ Սակայն ԿԲ-ից պատասխանել են, որ 2024թ. դեկտեմբերի 31-ից հետո ԿԲ–ն այլևս պահպանության չի վերցնում։

ԿԲ–ի նման պատասխանը Րաֆֆի Ասլանյանի համար անհասկանալի է, քանի որ, ըստ նրա, օրենքի համապատասխան փոփոխություն այդ ընթացքում տեղի չի ունեցել։

Իրավաբանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գործով իրեղեն ապացույց ճանաչված գումարի պահպանման մի քանի եղանակ է նախատեսում` պահել բանկում, այդ թվում` ԿԲ–ում, դատախազության դեպոզիտային հաշվեհամարին (եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում) կամ դատարանի հաշվեհամարին (եթե գործը գտնվում է դատական քննության փուլում)։ Միաժամանակ նախատեսվում է նաև քրեական վարույթին կից պահելու տարբերակը, ասել է թե` քննչական մարմնում, չհրկիզվող պահարանում, ինչը և արվել էր։

«Տվյալ իրավիճակում պետք է հասկանալ` ինչ պատճառով է պահվել վարույթին կից, այսինքն` չհրկիզվող պահարանում»,- նշեց իրավաբանը` չբացառելով, որ ԿԲ–ից մերժում ստանալուց հետո նախաքննական մարմինը մասնավոր բանկերին չի վստահել, որովհետև դրանք պահպանման դիմաց գումար են գանձում, ինչը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական մարմնի համար։

Բացի այդ, Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ բանկերում կամ դեպոզիտայի հաշվեհամարներին փոխանցելու դեպքում թղթադրամները նույնությամբ չեն պահվում, մինչդեռ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում պահպանել իրեղեն ապացույց ճանաչված գումարի անհատական հատկանիշները։

«Օրինակ` քննության ընթացքում կարող է իրեղեն ապացույցի զննության կարիք առաջանալ, իսկ հաշվեհամարին փոխանցված գումարը նույնությամբ չի պահպանվում, պահպանվում է միայն գումարի չափը։ Գումարը հետ պահանջելու դեպքում տրվում է համարժեք դրամ, բայց արդեն ոչ միևնույն թղթադրամներով, ինչը քրեական վարույթի առանձնահատկություններից ելնելով, կարող է խնդրահարույց լինել»,– նկատեց Ասլանյանը։

Դեպքից հետո հանրային տիրույթում ակտիվացել են պետական համակարգում ու հատկապես իրավապահ մարմիններում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, պաշտոնատար անձանց բարոյական նկարագրի մասին դատողությունները։

Դատախազությունում աշխատանքային երկարամյա փորձառություն ունեցող Րաֆֆի Ասլանյանը նկատում է, որ դեպքը որքան էլ աղմկահարույց է, բայց աննախադեպ չէ։ Նրա խոսքով` նման դեպքեր շատ են եղել` քննչական մարմիններից ու դատարաններից հափշտակվել է ոչ միայն գումար, այլև թմրամիջոցներ։ Հափշտակողներն էլ, որպես կանոն, եղել են քննիչները կամ համակարգի աշխատակիցները։

«2019-ին իտալացիների վերաբերյալ գործով գողացել էին իրեղեն ապացույց հանդիսացող գումարը։ Այն ժամանակվա Արաբկիր վարչական շրջանի դատարանում, երբ իրեղեն ապացույցը բացեցին, պարզվեց գումարը ամբողջությամբ գողացել են ու մեջը մանր թղթադրամներ են դրել։ Եթե չեմ սխալվում` մոտ 20 000 եվրոյի կարգի գումար էր»,– պատմեց Ասլանյանը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի բարոյահոգեբանական վիճակին, մեր զրուցակիցն այս հարցում կիսում է հանրության մտահոգությունները` ասելով, որ իրավապահ համակարգում բարոյահոգեբանական վիճակն այս պահին լավ չէ, որովհետև այն գործում են մեկ անձի պաշտամունքի սկզբունքով։ «Իրավապահ համակարգն այսօր ապրում է իր ամենաքաղաքականացված փուլը, որը նպաստում է համակարգում թույլ ու ոչ պատշաճ կադրերի առկայությանը»։

Եվ չնայած քննադատական վերաբերմունքին` Րաֆֆի Ասլանյանը չի ընդունում մեկ քննիչի անբարեխղճության կանխավարկածով առաջնորդվելը։ Ըստ նրա, վատ քննիչների կողքին միշտ էլ եղել են լավերը, որոնք այսօր էլ կան, պարզապես մնում են վատերի ստվերում։

Հիշեցնենք` գործի նախաքննությամբ պարզվել է, որ Էդգար Գրիգորյանը քննչական կոմիտեի շենք է մտել երկու անգամ, կերպարանափոխված, Գոռ Թադևոսյանի կողմից իրեն նախապես տրամադրված կեղծ փաստաթղթով ու պահատուփի բանալիներով։ Հափշտակված գումարը բաժանվել է մի քանի մասի ու տրվել տարբեր անձանց` հանցանքի հետքը կորցնելու համար։ Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` թե՛ Գոռ Թադևոսյանը, թե՛ Էդգար Գրիգորյանը տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված 590 000 դոլարի մի մասը՝ 578․800 դոլարը։ Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11 200 դոլարը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս