Ռուսաստանը ցանկանում է՝ ԵԱՏՄ-ն ընդլայնվի՝ ներառելով այն երկրները, որոնք ավելի շատ միգրանտներ են ուղարկում

Ռուսաստանը նպատակահարմար է գտնում ընդլայնել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ՝ ներառելով այն երկրները, որոնք այստեղ ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ են ուղարկում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունների բացակայությունը ստեղծում է ավելի լավ պայմաններ այդ մարդկանց մեր հասարակության մեջ ինտեգրման համար, ազդում է նրանց կյանքի որակի վրա, նրանց առավել վստահ է դարձնում իրենց իրավունքների նկատմամբ, ավելի քիչ կախվածեն լինում սփյուռքից և մեծապես պաշտպանում է աշխատանքային միգրացիայի հետ կապված հանցագործություներից։ Այս ամենը բացատրում է, թե ինչու ենք մենք ցանկանում ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ ներառելով այն երկրները, որոնք մեզ մոտ ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներն են ուղարկում», – բացատրել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ «ԵԱՏՄ օրենսդրությունը նպաստում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածության որոշ չափով մեղմացմանը» և «թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ այն երկրի քաղաքացիները, որտեղ նրանք ապրում և աշխատում են»։

Բացի այդ, մասնրամասնել է Օվերչուկը՝ «Նրանք ենթարկվում են նույն անձնական եկամտային հարկերին»։

«Ժողովրդագրական իրավիճակը, աշխատուժի պահանջարկը և դրա արժեքը այնպիսին են, որ անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտներ՝ տնտեսությունը զարգացնելու և գնաճը զսպելու համար։ Իհարկե, այս խնդրի մի մասը կարելի է լուծել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ և աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, բայց սա երկարաժամկետ լուծում է, որը պահանջում է ներդրումներ, որոնք այսօր հատկապես թանկ են», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ «ամբողջ աշխարհում, և Ռուսաստանը բացառություն չէ, աշխատանքային միգրանտների հոսքը խնդիրներ է ստեղծում, որոնք պայմանավորված են ոչ միայն աշխատաշուկայի առանձնահատկություններով, այլև մշակութային տարբերություններով, օրենքների անտեղյակությամբ և լեզվական արգելքով, ինչը հանգեցնում է մեկուսացված ազգային սփյուռքի ձևավորմանը, հանցագործության աճին և կոնֆլիկտային իրավիճակներին։ Մենք բոլորս հետևում ենք, թե ինչպես է Եվրոպայում տեղի բնակչությունը փոխարինվում և շատերը դրական չեն տրամադրված դրա նկատմամբ։ Հարցն այն է, թե ինչպես աշխատանքային միգրացիայի խնդիրները պակաս ցավոտ դարձնել հասարակության համար», – ամփոփել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս