
«Ալեն Սիմոնյանը փաստացի ստանձնել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պարտականությունները». Արմեն Հարությունյան
ՀՀԿ ՈւԿ ղեկավար Արմեն Հարությունյանն ամոթ է համարում այն, որ Հայաստանը ղեկավարում և ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը:
«Փաշինյանն այսօր Սարդարապատում մի շարք հայտարարություններ է արել, որոնք դժվար է մեկնաբանել: Նա նախ պետք է հիշի, որ ինքն է սկսել Ցեղասպանության ուրացման պրոցեսը, ուղիղ բանակցություններն Ադրբեջանի հետ: Ինքն իրեն հակասելով՝ ասում է, որ պատմությունից պետք է դասեր քաղենք, և, որ մենք հիմա ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ: Ի՞նչն ենք ավելի ինքնիշխան, երբ ավելի շատ ենք կախյալ ցանկացած մեր հարևանից, քան նախկինում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ եթե Փաշինյանը խոսում է խաղաղությունից, նշանակում է՝ լինելու է պատերազմ. «Բացի պատերազմից, ուրիշ ոչինչ չենք տեսել խաղաղության վերաբերյալ նրա հայտարարություններից հետո»:
Նա աբսուրդ համարեց պառլամենտական երկրի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե՝ Ալիևը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, որովհետև Հայաստանում խոսվում է արցախցիների վերադարձի մասին, այսինքն՝ Ալիևի ասածը հայելային պատասխան է:
«Ալեն Սիմոնյանը փաստացի ստանձնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պարտականությունները ու պատասխանում էր Ադրբեջանի կողմից: Դրանից առաջ էլ ասում էր՝ այնպես չպետք է հարցերին նայել, ասես ամբողջ աշխարհը պտտվում է միայն մեր երկրի շուրջ. Այո, չպետք է այդպես նայել, բայց պետք է մեր երկրի շահերն առաջ տանել, իսկ դուք Ադրբեջանի շահերն եք առաջ տանում: Այս իշխանությունների թեթև ձեռքով են արցախահայերը զրկվել իրենց հայրենիքից»,- ասաց Արմեն Հարությունյանը:
ՀՀԿ ՈւԿ ղեկավարը նշեց, որ իրենց կուսակցությունն ընդդիմադիր լինելով՝ ավելի շատ է արտերկրում բոլոր ամբիոններն օգտագործում, որպեսզի ՀՀ շահերը տանի առաջ, քան գործող իշխանությունները:
«Ժողովուրդը սրանցից հոգնել, է զզվել է: Եթե նույնիսկ ընդդիմությունը չխոսի, ցանկացած քաղաքացի վերցնի Փաշինյանի նախորդ հայտարարություններն ու համեմատի ներկայիս հայտարարությունների հետ, կհասկանա, թե ինչ կրիտիկական վիճակի է Փաշինյանը հասցրել մեր երկիրը: Ընտրությունների մասին հիմա խոսելը վաղ է, որովհետև դեռ մեկ տարի կա: Համեմայնդեպս, մեր կուսակցությունը լծված է այն գործին, որ սրանց հնարավորինս շուտ ճանապարհենք, սրանք չկարողանան հասնել 2026-ի ընտրություններին, որովհետև սրանց օր առաջ հեռացնելը մեր երկրին միայն օգուտ է բերելու: Ինչքան երկար սրանք մնան իշխանության, այնքան հավանականություն կա, որ մեր հայրենիքից ինչ-որ մի մաս կկորցնենք»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում