Եվրաինտեգրացիայի՞, թե՞ բալանսավորման քաղաքականություն․ պաշտոնական Երևանի անհաջող բառախաղը

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարած դիվերսիֆիկացված, բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականության շրջանակում մտադիր են ռազմավարական դաշնակցություն հաստատել Ֆրանսիայի հետ՝ զուգահեռաբար հայտարարելով իրենց եվրոպական ընտրության մասին։

Չնայած մայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԳ նախարարությունում հայտարարեց, թե «Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական դաշնակցությունը փոփոխելու մտադրություն չունեն», ԱԳ նախարարության նույն սրահից մայիսի 26-ին նա հայտարարեց նաև Ֆրանսիայի հետ ռազմավարական դաշնակցության մասին, իսկ ավելի վաղ՝ մայիսի 20-ին, հայտարարել էր այն մասին, որ Հայաստանն ընտրել է Եվրոպան։ Նա մասնավորապես ասել էր, թե ՀՀ-ն կանգնած է վճռական պահի առաջ:

«Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա»,- ասել էր նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերություններն արդեն մեծապես ռազմավարական են՝ հաշվի առնելով այն համագործակցությունը, որ կա.

Կարդացեք նաև

«Բացի այդ՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ դեր կհաղորդի արդեն գոյություն ունեցող համագործակցությանը, նաև կնախատեսի ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում նաև՝ պաշտպանության ոլորտում»,- նշել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, թե Գորիսում Ֆրանսիան հյուպատոսություն կբացի։

Միրրզոյանն էլ իր հերթին՝ ասաց, թե Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների հագեցած երկկողմ օրակարգը և հարաբերությունների՝ համատեղ ձևավորված խճանկարը, ինչն այդ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Նա նաև ասել էր, թե Ֆրանսիան ու Հայաստանն այնքան խորը համագործակցություն ունեն, որ շատ ռազմավարական դաշնակիցներ չունեն։

Վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ պահպանելով հայտարարություններում հակառուսական շեշտադրումները, ՀՀ իշխանությունները փորձում են իրենց հռետորաբանությունում հավասարակշռություն մտցնել՝ փոքր-ինչ մեղմելով Ռուսաստանի հետ քաղաքական «սուր անկյունները», սակայն պահպանելով արտաքին քաղաքական եվրաինտեգրացիայի տրամաբանությունը և ակտիվ շփումներն ու ձգտումները դեպի Եվրոպա, որի վառ ցուցիչը նաև վերջերս տարածված այն տեղեկատվությունը դարձավ, որ հաջորդ տարի ՀՀ-ում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը։

Մեզ հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ աշխարհի այսչափ խորը տուրբուլենտ փուլում բարդ է արտաքին քաղաքական հստակ գիծ որդեգրել, կատարել ընտրություն հենց այս ժամանակահատվածում։ Ըստ նրա, Հայաստանի համար այդ փուլն ու աշխարհաքաղաքական ցնցումները համընկան, ուստի Հայաստանը ցանկանում էր շարժվել դեպի Արևմուտք, դեպի ԵՄ անդամակցություն, սակայն զարգացումներն անկանխատեսելի են թվում և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի շուրջ։

«Ուստի, Հայաստանը չի խզում կապերը Ռուսաստանի հետ, չի լքում ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն, սակայն ընթանում է ԵՄ ինտեգրման ճանապարհով, և եթե լինի իրատեսական հնարավորություն, ապա Հայաստանը երևի թե հենց այդ ճանապարհով կգնա։ Սակայն իրավիճակի բարդությունն այն է, որ կան իրողություններ, որոնցից մեկն այս ռեգիոնում ՌԴ ազդեցության հարցն է և ապագա հնարավոր վերադասավորումները, մտայնությունը, որ գուցե ՌԴ-ն չհեռանա ռեգիոնից։ Մեկ այլ իրողությունն այն է, որ ԵՄ անդամակցությունը տևական ու բարդ գործընթաց է, որը երբեմն ուղեկցվում է ծանր արտաքին ու ներքին զարգացումներով, ուստի այս աշխարհաքաղաքական միջավայրում նաև Ուկրաինայի, Մոլդավայի, Վրաստանի անցած ճանապարհները ցույց տվեցին, որ այդ ընտրությունը հարաբերական երևույթ է»,– ասաց նա։

Նրա կարծիքով, մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ արտաքին քաղաքական ազատ ընտրության համար այս դեպքում հարկավոր է բոլոր հակամարտությունների կարգավորում.

«Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի, հետևաբար՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը տեղի չի ունենում, ինչը ևս խոչընդոտող հանգամանք է։ Ուստի, հայտարարվում է ոչ թե ԵՄ ինտեգրացիայի մասին, այլ հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, որովհետև կա ցանկություն՝ ընթանալ դեպի ԵՄ, սերտացնել հարաբերությունները, բայց կա նաև համագործակցություն ՌԴ-ի հետ։ Սակայն ես կարծում եմ, որ սա ժամանակավոր իրավիճակ է, աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հաստատումից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունն ավելի հստակ է լինելու»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ իրականում դա եվրաինտեգրացիայի անհաջող ճանապարհ է, ուստի այն անվանում են հավասարակշռված քաղաքականություն։ Նրա խոսքով, եթե եվրոպական կողմը հստակ երաշխիքներ տրամադրեր Երևանին, ապա հռետորաբանությունը, ձևակերպումները լիովին այլ կլինեին։

«Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ փոխվեց Թրամփի նախագահությանը զուգահեռ, քանի որ Արևմուտքի քաղաքականությունը, հաշվարկները փոխվեցին, առաջնահերթությունները Հարավային Կովկասում փոխվեցին, ուստի Հայաստանում հասկացան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել պետք չէ, այլ պետք է պահպանել բնականոն համագործակցություն։ Սակայն խորքային մտադրությունները չեն փոխվել։ Իսկ «բալանսի արտաքին քաղաքականությունն» իրականում բառախաղ է, կարևորն իրական քայլերն են, գործողությունները»,- նման համոզմունք հայտնեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ հնարավոր ռազմավարական դաշնակցայնությանը, վերլուծաբանը գտնում է, որ Երևանն ու Փարիզն ամենայն հավանականությամբ նման փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ նրա, Փարիզը ցանկանում է էական ազդեցության հասնել Հայաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում։

«Փարիզի համար կարևոր են նաև ճանապարհները, Ֆրանսիան ունի շահեր այդ հարցերում, բայց թե կոնկրետ ի՞նչ ազդեցիկ երաշխիքներ կարող է Ֆրանսիան տրամադրել Հայաստանին, որպեսզի բավարարի Հայաստանի կարիքները, մեծ հարց է ինձ համար»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս