
«Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ամիսներին, ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր գիտակցում ենք պահի լրջությունը». Իշխան Սաղաթելյան
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում ընթանում է տոնական միջոցառում։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը միջոցառման մեկնարկին հանդես եկավ ելույթով՝ շեշտելով՝ ունեն առաքելություն ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու։
«Կառուցելու այնպիսի Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որ հպարտ է իր պատմությամբ, վստահ իր ուժերին և վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը և ազգային ինքնությունը։
Դաշնակցությունը՝ որպես անկախության գաղափարի կրող և իրագործող քաղաքական ուժ, 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաև այսօր։
Այո՛, մենք ծանր մարտահրավերների առջև ենք, Արցախն օկուպացված է, պետականության հիմքերը՝ խարխլված, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բայց մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա շեշտեց՝ հայոց պատմությունը, հատկապես մայիսի 28-ը սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում հայ ազգի ներքին ուժը, որ կարող է ազգը պարտվել, բայց պարտությունը վախճան չէ։
«Ի վերջո, ազգերի ճակատագիրը որոշում է ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Այստեղ այսօր մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում պետք է խոստանանք՝ հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլ ամենակարևորը՝ ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անտարբերությանը։ Մայր հայրենիքն առավել քան երբևէ այդ հավատքի, այդ ուժի կարիքն ունի։ Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը գերկարևոր է։
Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ամիսներին, ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր գիտակցում ենք պահի լրջությունը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ, վերստին վերականգնել Սարդարապատի վճռականությունն ու միասնականությունը։ Միայն այդ դեպքում մեզ աշխարհում կընդունեն, կհարգեն ու մեզ հետ հաշվի կնստեն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Շարունակելով միտքը՝ նա նաև հավելեց, որ Սարդարապատում զոհվեցին հանուն հիշատակի ու ապագայի, և այսօր ապագան կրկին հայ ազգին դարձնելու համար պարտավոր են վերականգնել Սարդարապատի ոգին՝ խոսքով ու պայքարով։
«Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև քաղաքական ուղեցույց։ Ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմն՝ ներկայում ու ապագայում։ Իսկ նրանք, որոնք կփորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կկոտրվեն հենց իրենք»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։