Ադրբեջանի նավթային եկամուտներն այս տարի ավելի էական անկում կապրեն. Իլհամ Շաբան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`  Caspian Barrel նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը մեկնաբանել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի այն խոսքերը, որ Ադրբեջանը նավթի վաճառքից տարեկան ստացել է 20 միլիարդ դոլար, և որ նավթի գնանկման հետևանքով տարեկան եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով.

«2014 թվականի արդյունքներով` Ադրբեջանն ընդհանուր առմամբ արտահանել է 23.5 միլիարդ դոլարի հում նավթ: Նույն նախորդ տարում Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը նավթի վաճառքից շահույթի տեսքով ստացել է մոտ 15.2 միլիարդ դոլար:

Ըստ ամենայնի` նախարարն այդ եկամուտները համեմատել է պիկային ժամանակաշրջանի հետ, երբ 2011 թվականին նավթի վաճառքից Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել ավելի քան 19 միլիարդ դոլար:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա եկամուտների նվազեցումը կլինի էական: Եթե հաշվենք, որ նավթի արտահանման միջին գինը կազմելու է մոտ 60 դոլար` մեկ բարելի համար, ապա նախորդ տարվա համեմատ` գնանկումը կստացվի 40 տոկոս:

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկրում նավթի արդյունահանման ծավալը նվազել է ավելի քան մեկ միլիոն տոննայով: Այ դեպքում Նավթային հիմնադրամը լավագույն դեպքում նավթի վաճառքից կստանա 7.5 միլիարդ դոլար»:

2015 թվականի հունվարի 31-ի դրությամբ` Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի հաշվին առկա է 37.1 միլիարդ դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևն անսպասելի այցով մեկնել է Սաուդյան Արաբիա:

Ընդ որում` Ադրբեջանի նախագահի կայքն ու պաշտոնական ԶԼՄ-ներն առաջին անգամ նախապես տեղեկատվություն չեն տարածել Իլհամ Ալիևի առաջիկա այցի մասին: Ըստ ամենայնի` Ալիևը սաուդյան կողմին խնդրել է բարձրացնել նավթի համաշխարհային գները, քանի որ դրա հետ կապված` գնալով ավելի է ծանրանում Ադրբեջանի ֆինանսական դրությունը:

Տեսանյութեր

Լրահոս