
Իլհամ Ալիևն անսպասելի այցով մեկնել է Սաուդյան Արաբիա

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ անսպասելի այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Ադրբեջանի նախագահի կայքն ու պաշտոնական ԶԼՄ-ներն առաջին անգամ նախապես տեղեկատվություն չեն տարածել Իլհամ Ալիևի առաջիկա այցի մասին:
Նրանք այդ մասին տեղեկատվություն են տարածել միայն այն բանից հետո, ինչ Իլհամ Ալիևը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի հետ: Ալիևը հանդիպել է նաև Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատների խորհրդի նախագահ Աբդուռահման ալ-Զամիլի ու Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմիի հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են միջազգային շուկաներում նավթի գների շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև «Հարավային գազային միջանցքի» իրագործման հարցը: Իլհամ Ալիևը Սաուդյան Արաբիայում բարձրացրել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նավթի գների պատճառով հունվարին կորցրել է ավելի քան կես միլիարդ դոլար: Բացի այդ, փետրվարի վերջին Իլհամ Ալիևը խոստովանել էր, որ նավթի գնանկումը հարվածել է Ադրբեջանի եկամուտներին: Իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կանխատեսել է, որ 2015 թվականին Ադրբեջանում նավթի օրական արդյունահանման ծավալը կնվազի 40.000 բարելով: