
Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն մեր պարզած ձեռքը մնում է օդում. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն Անկարայում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:
Իր ելույթում Չիչեքն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին. «Թուրքիան տրամադրված է բոլոր կողմերով բացահայտել 1915 թվականի դեպքերի ողջ ճշմարտությունը:
Առաջին համաշխարհային պատերազմն ամենաարյունալի պատերազմներից մեկն է, զոհվել է 20 միլիոն մարդ: Պատերազմի մի մեծ մասն ընթացել է Թուրքիայի աշխարհագրական գոտում:
Եթե կա պատերազմ, ապա կա նաև ցավ: Բոլորն են ցավեր վերապրել: Թուրքիան քանիցս հայտարարել է, որ պատրաստ է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն` վեր հանելու համար 1915 թվականի դեպքերի ողջ ճշմարտությունը:
Անկարան թույլ չի տա, որ որևէ մեկը 1915 թվականի դեպքերն օգտագործի Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն մեր պարզած ձեռքը մնում է օդում»: