Պուտինն այնպես է արել, որ անհնար լինի Ռուսաստանը պատկերացնել առանց նրա. Le Monde
Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այնպես է արել, որ անհնար լինի Ռուսաստանը պատկերացնել առանց նրա:
Իսկապես իմաստ ունի այն դրույթը, որ առանց Վլադիմիր Պուտինի «գոյություն չունի Ռուսաստան», քանի որ նրա նախագահության 15 տարում ռուսական պետությունը փաստացիորեն անհետացել է: Այն վերածվել է «առաջնորդին» ենթակա տարածքի:
Մարտի 31-ին լրացավ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի ընտրվելու 15-ամյակը: Ռուսաստանում այդ տարեդարձը նշեցին համեստորեն:
ТАСС լրատվական գործակալության սրահում կազմակերպված մամուլի ասուլիսը վարող Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրեց, որ ռուսական քաղքականությունում «կա միայն Պուտինը»:
«Չկա Պուտինը, չկա Ռուսաստանը» դրույթը հնչեցվել է նախորդ տարի: Այժմ Կրեմլն ամեն օր անում է ամեն բան, որպեսզի ռուս հասարակությունում ամրապնդի այդ միտքը:
Նրանք ասում են, որ գործող վարչակարգը չունի այլընտրանք, որովհետև թշնամիներն ամենուրեք են. ՀԿ-ները իբրև «Արևմուտքի գործակալներ» են, ընդդիմությունը` «հինգերորդ շարասյուն», իսկ օտար մամուլը փորձում է Ռուսաստանը ներքաշել տեղեկատվական պատերազմի մեջ:
Կրեմլում վստահեցնում են, որ առանց Պուտինի, երկրին սպասվում է քաոս: Երբ Պուտինը եկավ իշխանության, ապա թվում էր, թե լիբերալների շրջապատում նա հաստատեց հավասարակշռություն: Սակայն կառավարման տարիներին նա իրեն շրջապատեց ուժայիններով, իսկ լիբերալները մղվեցին երկրորդ պլան:
Փորձագետները համոզված են, որ առանց Պուտինի, Ռուսաստանում իսկապես կարող է սկսվել իշխանության համար կլանային պատերազմ: Ներկայիս նախագահը ստանձնել է քաղաքական գործընթացները կարգավորողի դեր: Սակայն Ռուսաստանի մասին այլևս չես արտահայտվի որպես պետության. Ռուսաստանը դարձել է տարածք, որը վերահսկվում է առաջնորդի կողմից: