Բաժիններ՝

Գիտնականների ստեղծած սնունդը կօգնի փրկել աշխարհը սովից

Կոլումբիայում գտնվող Արևադարձային գյուղատնտեսության միջազգային կենտրոնում պահպանվում են կենսական նշանակություն ունեցող մշակաբույսեր (բրինձ, լոբի և այլն): Կենտրոնն ունի գենետիկական բանկ, որտեղ պահպանվում է տարբեր տեսակի լոբազգիների մոտ 36 000 սերմ: Այս բանկն աշխարհի գիտնականներին անգին նյութ է տրամադրում՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար:

Մոլորակի տաքացմանը զուգընթաց՝ հրատապ է դառնում այնպիսի սորտերի ստացումը, որոնք կկարողանան դիմակայել բարձր ջերմաստիճանին: Բարեբախտաբար, կենտրոնի գիտնականները գտել են այս խնդրի լուծումը: Սերմերի հազարավոր նմուշներ փորձարկելուց հետո նրանք կարողացան գտնել լոբու ջերմա- և չորադիմացկուն տեսակ և այն խաչասերեցին լոբու տարածված մշակովի սորտերի հետ՝ այդ հատկանիշները վերջիններիս փոխանցելու նպատակով: Ստացվեցին դրական արդյունքներ. նոր սորտերը կարողանում էին դիմակայել 3 և նույնիսկ 4 աստիճանով բարձր ջերմաստիճանին:

ciat-bean-1

Հայտնագործությունը մեծ նշանակություն ունի հատկապես Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրների համար: Գլոբալ տաքացման հետևանքով մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի շարք աֆրիկյան և հարավամերիկյան երկրներում խափանել մշակաբույսերի արտադրությունը: Համակարգչային սիմուլյացիաների մեթոդով հետազոտողները պարզել են, թե ինչպես կարող է գլոբալ տաքացումը կրճատել լոբազգիների աճեցման համար նախատեսված տարածքները: Ըստ ստացված մոդելի՝ 2050 թվականին այդ տարածքները կկրճատվեն 50%-ով:

Կարդացեք նաև

Այսպիսի հայտնագործությունների համար կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական կենսաբազմազանության պահպանումը: Ինչպես լոբին, այնպես էլ մյուս մշակաբույսերն ունեն բազում թաքնված հատկանիշներով օժտված վայրի ցեղակիցներ: Այդ հատկանիշները կարող են օգնել լուծել ապագայի մարտահրավերները: Գենետիկական բանկերը լուրջ դերակատարություն ունեն կենսաբազմազանության պաշտպանության հարցում:

daniel-debouck

Սակայն գենետիկական բանկերի ստեղծումը և պահպանումը չափազանց ծախսատար է: Բացի այդ, պատերազմները և բնական աղետները կարող են կործանել գենետիկական բանկերը: Ըստ գիտնականների հաշվարկների՝ մշակաբույսերի վայրի տեսակների միայն 5%-ն է պատշաճ կերպով պահպանվում: Իսկ մնացած մասը գտնվում է վերացման վտանգի տակ: Վերացումը կնշանակի՝ գենետիկական հատկանիշների հսկայական և չօգտագործված հավաքածուի կորուստ, մինչդեռ դրանք կարող են օգնել հաղթահարել բնական աղետները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս