«13 տարեկանում մեքենա եմ լվացել, 14-ում՝ «Օրանժի» քարտեր էի տարածում՝ տնից տուն այցելելով»
Հարցազրույց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ
Այս ոչ հայկական արտաքինով և ազգանունով հաղորդավարուհին եթերում հայտնվելու առաջին իսկ օրերից աչքի է ընկել իր անկեղծությամբ, անվերջ խոսելու ցանկությամբ և վարակիչ ժպիտով։ Որքանո՞վ է այս ամենը համապատասխանում նրա իրական «ես»-ին, և որքանո՞վ է այդ ամենը պարզապես հեռուստատեսային կերպար։ Ի՞նչ պայմանների առկայությամբ է Դիանան պատրաստ` նկարահանվել բաց և ինտիմ տեսարաններում, և արդյո՞ք արժե Հայաստանում նման ռիսկի դիմել։ Այս և այլ հարցերի շուրջ է ծավալվել մեր զրույցը Դիանա Մալենկոյի հետ։
– Ձեզ երևի թե մանկուց ասում են, որ գեղեցիկ եք։ Դա Ձեզ համար «բարևի»-ն համարժեք մի խո՞սք է դարձել։
– Իրականում փոքր ժամանակ ես այնքան գեշ, անճոռնի երեխա էի, որ չեք էլ կարող պատկերացնել։
– Ի՞նչ իմաստով։
– Բառիս ամենաուղիղ իմաստով։ Գլուխս մի քիչ մեծ էր մարմնիցս, ականջներս էլ` «լոշտակ»։ Մի տեսակ շատ անհամաչափ էի, ախր… (ծիծաղում է.- Ք.Մ.)։
– Դուք մեծացաք` Ձեր գլուխը փոքրացա՞վ, ականջներն էլ տե՞ղն ընկան։
– Այո։ Ծիծաղում ենք հիմա, բայց ես լուրջ եմ ասում։ Խոստանում եմ ցույց տալ մանկությանս լուսանկարը։ Դեգեներացիա, իհարկե, չկար, բայց իրոք մի քիչ անհամաչափ երեխա էի։
– Լավ, իսկ հիմա, երբ ամեն ինչ իր տեղն է ընկել, ինչպիսի՞ն է Ձեր զգացողությունը, երբ Ձեզ շարունակ ասում են, որ յուրահատուկ գեղեցկություն ունեք։
– Գնահատում եմ ցանկացած հաճոյախոսություն։ Սակայն շատ ավելի հաճելի է, երբ ոչ շաբլոն ձևով են այդ մասին ասում։ Համեմատում են երևույթների, ինչո՞ւ ոչ` նաև առարկաների հետ։
– Զգացե՞լ եք, որ Ձեր բնատուր ազատությունը, հմայքը տղամարդկանց զինաթափ է անում։ Ձեզ դո՞ւր է գալիս այդ գիտակցումը։
– Իհա՛րկե դուր է գալիս։ Իսկ այդ ո՞ր աղջկան կամ կնոջը դուր չի գա` զգալ, որ կարողանում է ազդեցություն թողնել տղամարդու վրա։ Պարզապես կան աղջիկների տարբեր տեսակներ։ Կան ամփոփ աղջիկներ, որոնք առավել առեղծվածային են և կրկին այդպես զինաթափ են անում տղամարդկանց և հետաքրքիր են իրենց տեսակով։ Կան ազատ, ակտիվ, թեթև, բայց ոչ խորը աղջիկներ։ Նրանք էլ ունեն իրենց տեսակի նախընտրողները։ Եվ կան աղջիկներ, որոնք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Ես պատկանում եմ երրորդ տեսակին։ Ամենից շատ ատում եմ, երբ մարդն առաջին հերթին` ինքն իր հետ անկեղծ չէ։ Չեմ սիրում շինծու շարժուձևը, խոսելաոճը։ Ըստ իս` իմ ամենամեծ «ֆիշկան» իմ անկեղծությունն է։
– Ժպիտը Ձեզ մոտ ինքանպաշտպանության միջո՞ց է դարձել։
– Ընկերներիցս մեկն օրեր առաջ հարցրեց. «Քեզ մոտ իրո՞ք միշտ ամեն ինչ կարգին է, որ մշտապես ժպտում ես, թե՞ պարզապես քողարկում ես ներսդ կուտակված բացասականը»։ Պատասխանեցի` ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Դա ունի միայն մի պատճառ. ուղղակի չեմ ուզում իմ խնդիրները փաթաթել դիմացինիս վզին։ Կարող է ես հիմա, օրինակ, շատ լավ տրամադրությամբ հարցազրույց տամ, իսկ հետո գնամ տուն, հիշեմ իմ խնդիրներն ու բարձս գրկեմ ու լաց լինեմ։ Բայց ես տեսակով չեմ սիրում բարդացնել ո՛չ իմ, ո՛չ էլ դիմացինիս կյանքը։
– Ե՞րբ է կինն իրեն իդեալական զգում։
– Կինն իրեն իդեալական է զգում միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իրենով հիանում են։ Ես, դեռևս իմ կարճ կյանքից, շատ հստակ եմ դա հասկացել։ Երբ քեզնով հիանում են, դու քեզանից անկախ` այնպիսի բաներ ես հայտնաբերում, որ մինչ այդ գլխի էլ չէիր ընկնում։
– Այսինքն` Ձեզ համար կարևո՞ր է, որ Ձեզանով հիանան։
– Պարտադիր է։ Ես դա սիրում եմ և խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց։ Չկա տգեղ կին։
– Կամ, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Не бывает некрасивых женщин, бывает мало водки»։
– Ուղղակի կան կանայք, ովքեր իրենց դեռ չեն գտել, ինչի հետևանքով էլ դեռևս չեն գտել իրենց տղամարդուն։ Շատ կարևոր է, երբ փոքր տարիքից սկսում ես ինքնուրույն քայլեր անել, որոշումներ կայացնել։ Երբ կարողանում ես «ինքնաանալիզով» զբաղվել, արածդ քայլերն ու հետևանքները վերլուծել, այդ դեպքում միայն հնարավոր է առաջընթաց թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում։ Բոլորին թվում է` ինձ մոտ միշտ ամեն ինչ շատ հարթ է եղել և հեշտ տրվել։ 13 տարեկանում մեքենա եմ լվացել, 14-ում «օրանժի» քարտեր էի տարածում` տնից տուն մտնելով։ Այդ հետո է եղել առաջարկը հեռուստաընկերությունից։
– Մալենկո, պատմեք Ձեր ազգության մասին։
– Պապիկս ուկրաինացի է եղել։ Պատերազմի ժամանակ հոսպիտալացվել է Հայաստան, որտեղ և ծանոթացել է տատիկիս հետ։ Հայրական կողմից ուկրաինացի ենք, այստեղից էլ և ազգանունս` Մալենկո։
– Արագախոսությունն օգնո՞ւմ է հեռուստատեսությունում։
– Փոքրուց շատախոս եմ եղել։ Միշտ մտածում էի` այդ ի՞նչ աշխատանք պետք է գտնեմ, որ իմ շատախոսությունը ոչ միայն չնյարդայնացնի, այլև պետք գա։ Ու գտա այդ աշխատանքը։ Իհարկե, խոսում եմ անդադար, բայց լռել ևս գիտեմ։ Իմ տեսակով շատ խոսող եմ։ Մի տարբերակ կա, երբ կարելի է հասկանալ, որ ես դեպրեսիայի մեջ եմ. Այդ ժամանակ ես ընդհանրապես չեմ խոսում։ Մի բառ անգամ չեմ ասում. դա նշանակում է, որ ես շատ խորը դեպրեսիայի մեջ եմ։
– Միայն անկեղծ` ինչո՞ւ դուրս եկաք «Դար 21-ից»։
– Ավելի լավ առաջարկ ստացա։ Երբ «Արմնյուզը» ռեբրենդինգի ենթարկվեց, Հրաչ Քեշիշյանն ինձ կանչեց և առաջարկեց ավելի լավ պայմաններով, ավելի մեծ գումարով` համագործակցություն «Արմնյուզում»։
– Այսինքն` նախորդ հեռուստաընկերության հետ ընդհարումներ չե՞ն եղել։
– Այնտեղի տնօրենի և աշխատակիցների հետ ես այնպիսի հարաբերություններ եմ ունեցել, որ այնտեղ գնում էի` ինչպես կգնայի տուն։
– Հենց այդ «տնավարի» հարաբերությունների առկայությունը հաշվի առնելով` նրանց համար վիրավորական չէ՞ր, որ ընտրում եք մեկ այլ հեռուստաընկերության առաջարկ, քանի որ այնտեղ ավելի բարձր են վարձատրում։
– Ցավալի էր, բայց ոչ վիրավորական։ Ինձ համար ևս ցավալի էր։ Ինձ «աճեցրել» են «Դար 21-ում»։ Սակայն կյանքն այդպիսին է. որտեղ հաց` էնտեղ կաց։
– Հարցազրույցներից մեկում նշում եք, որ մշտապես հրաժարվել եք ֆիլմերում նկարահանվելու առաջարկներից։ Էլ չեմ ասում` սերիալների մասին։
– Սերիալներում նկարահանվելն առհասարակ բացառել եմ իմ կարիերայից։ Նորմալ եմ համարում, երբ դերասանները նկարահանվում են սերիալներում։ Եվ, ի դեպ, այնպիսի դերասաններ են նկարահանվում, որոնց մազի կեսի կեսն էլ չկամ` որպես դերասանուհի։ Ուղղակի ամեն մեկս ընտրում ենք կարիերան ձևավորելու մեր ուղին։ Իմ ուղու վրա սերիալներ չկան։
– Ձեր ուղու վրա չկային նաև գեղարվեստական ֆիլմերում նկարվելու պլաններ։ Սակայն շեղվեցիք այդ ուղուց։
– Չկար, սակայն ենթագիտակցորեն սպասում էի, որ մի օր կլինի այնպիսի լավ առաջարկ, որից ուղղակի չեմ կարողանա հրաժարվել։ Եվ այդ առաջարկը եղավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կողմից` նկարահանվելու իր նոր «The laky ones» ֆիլմում։ Սկզբում առաջարկել էին կերպար, ով պետք է նկարահանվեր բաց տեսարաններում, և ես հրաժարվեցի միանգամից։ Հետո, երբ արդեն ռեժիսորը եկավ Հայաստան, ինձ կրկին կանչեցին քասթինգի` արդեն մեկ այլ կերպարի` գլխավոր դերի համար։ Մհեր Մկրտչյանը պրոֆեսիոնալիզմի մի ուրիշ սանդղակ է։
– Ինչո՞ւ են հայ դերասանուհիները խուսափում բաց տեսարաններում նկարահանվելուց։
– Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Ինչո՞ւ հոլիվուդյան դերասանուհիները չեն խուսափում նկարահանվել բաց տեսարաններում։
Առաջին` նրանք դրա դիմաց ստանում են աստղաբաշխական հոնորար, ստանում են համաշխարհային ճանաչում, ստանում են պրոֆեսիոնալ աշխատանք «թույն» ռեժիսորի հետ։ Հիմա գանք հայաստանյան իրականություն. չկա աստղաբաշխական հոնորար, չկա համաշխարհային ճանաչում։ Այս ֆիլմի պարագայում կա շատ լավ ռեժիսոր` Մհերը Մկրտչյան, ում հաստատ կարելի է վստահել։
– Փաստորեն, եթե լինեն Ձեր թվարկած բացակայող երկու պայմանները` համաշխարհային ճանաչում և աստղաբաշխական հոնորար, պատրա՞ստ եք նկարահանվելու բաց տեսարաններում։
– Գուցե։ Գուցե, եթե Լարս Ֆոն Տրիերը կամ Տարանտինոն ասեր` «պետք է իմ ֆիլմում գլխավոր դեր խաղաս, բայց լինելու է նաև սեքսի տեսարան», գուցեև համաձայնեի։
– Ասում են` լավ ֆիլմը ֆիլմ է բերում։ Ֆիլմում նկարահանվելու նոր առաջարկներ լինո՞ւմ են։
– Կա երեք ֆիլմի առաջարկ, որոնցից մեկն է դեռևս հստակ։ Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմում եմ նկարահանվելու, որը պետք է որ նկարահանվի մայիս-հունիս ամիսներին։
– Ամուսնության առաջարկներ հաճա՞խ են լինում։
– Վերջին մեկ ամսում` 3 հատ։
– Իրավիճակն այնպիսին է, որ արդեն «հատո՞վ» եք հաշվում։
– Նախ` առաջին հերթին` իմ կողքին չկա այն մարդը, ում հետ ես կցանկանայի կապել իմ ամբողջ կյանքը։ Հիմա ամուսնության մասին հաստատ չեմ մտածում։ Երբեմն զգում եմ, որ տղամարդիկ շատ են նեղվում իմ կարիերիստ լինելուց։
– Ձեզ կարիերիստ համարո՞ւմ եք։
– Այո, ես կարիերիստ եմ։
– Ի՞նչ է Ձեզ համար «կարիերիստ» ասվածը։
– Կարիերիստը նա է, ով ժամանակի, մտքի, զգացմունքների, նպատակների մեծ մասը հատկացնում է իր կարիերային։ Իմ պարագայում դեռ այդպես է։ Դա չի նշանակում, որ ես երբևէ չեմ ամուսնանա։ Եթե լինի այն մարդը, ով իմը կլինի, հանուն որի ես պատրաստ կլինեմ անգամ կարիերայից հրաժարվել` հարկ եղած դեպքում, ես դա կանեմ։