Բաժիններ՝

Ինչպե՞ս լավ մարդ դաստիարակել

Կան որոշ բաներ, որոնք պետք է սովորեցնեք ձեր որդիներին, և երբեմն էլ ինքներդ ձեզ հիշեցնեք այդ մասին: Մի օր հայրը լսեց իր որդու աղոթքը. «Տե՛ր Աստված, օգնիր ինձ դառնալ հորս նման լավ մարդ»: Հենց այդ գիշեր հայրը դիմեց Աստծուն. «Տե՛ր իմ, օգնիր ինձ դառնալ այնպիսի մարդ, ինչպիսին ինձ ցանկանում է տեսնել որդիս»:

Ինչպե՞ս եք պատկերացնում լավ մարդուն: Ինչպե՞ս կնկարագրեիք նրան ձեր որդուն: Լավ մարդու ի՞նչ հատկանիշներ պետք է սերմանեք ձեր որդու մեջ: Այսօրվա հասարակությունում գերակայում են «հաջողակ-անհաջողակ», «գայթակղիչ-ոչ գայթակղիչ», «հետաքրքիր-ձանձրալի» հասկացությունները: «Լավ մարդ» արտահայտությունը հաճախ չենք լսում: Իսկ ի՞նչ է նշանակում՝ «լավ մարդ»: Պետք չէ նույնացնել «լավ մարդ» հասկացությունն «իդեալականի» հետ: Սակայն կան որոշ բաներ, որ պետք է սովորեցնեք ձեր որդիներին և ժամանակ առ ժամանակ ինքներդ ձեզ հիշեցնեք այդ մասին:

1. Աշխատիր բարի լինել:

Այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է, հատկապես, երբ ցավ եք ապրում: Հենց այդ պահերին էլ պետք է բարություն ցուցաբերել:

Կարդացեք նաև

2. Մի՛ խառնիր բարությունն ու վստահությունը:

Որոշ մարդիկ փորձում են օգտվել ինչ-որ մեկի բարությունից, իսկ դա աններելի է: Թույլ մի՛ տուր այդպես վարվեն քեզ հետ, և ինքդ էլ երբեք այդպես մի՛ վարվիր:

3. Ամուր ձեռքսեղմումն ու հայացքների փոխանակումը շատ կարևոր են:

Տղամարդիկ դրան մեծ ուշադրություն են դարձնում

4. Երբեք, ոչ մի պարագայում մի՛ հարվածիր կնոջը կամ երեխային:

Անելով դա թեկուզ մեկ անգամ՝ կարող ես ընդմիշտ մոռանալ այն մասին, որ դու տղամարդ ես:

5.Սովորիր կառավարել փողերդ:

Առանց դրա հեռուն չես գնա: Բայց թույլ մի տուր, որ փողերդ կառավարեն քեզ:

6. Զբաղվիր թիմային սպորտով:

Խաղի ժամանակ շատ բան կարող ես սովորել դաշտում խաղացողներից: Շատ բան կհասկանաս ընկերության, տղամարդու բնավորության, կամքի ուժի մասին: Եթե մարդ խաղի ժամանակ քո թիկունքը չի պահում, ապա դա չի անի կյանքի և ոչ մի իրավիճակում:

7. Դեմ գնա վիրավորողներին:

Հատկապես, եթե նրանք ուրիշին են վիրավորում:

8. Հիշիր, թե ինչին ես հավատում:

Միայն այդ դեպքում կարող ես դրան հասնել և կիմանաս, թե երբ ես սխալ:

9. Աստծո սիրուն, ճի՛շտ խոսիր:

Այդ դեպքում քեզ լավ հիշողություն պետք չի գա:

10. Եթե ինչ-որ մեկը կոտրել է քո սիրտը, ապա մի փորձիր նույն կերպ պատասխանել:

Ուրիշի հետ այդպես մի՛ վարվիր:

11. Ընկերությունն ամենամեծ հարստությունն է:

Շատ կարճ ժամանակում կարող ես հասկանալ, թե ով է քո իսկական ընկերը: Նա քեզ խմելու բան կհյուրասիրի այն բանից հետո, երբ հասնես առաջին հաղթանակիդ կամ հրապարակային պարտություն կրես (այո, այդիպիսի բան էլ մի օր կլինի):

12. Բացի՛ր դռները կանանց առջև:

Մեր հայրերն այս ամենը սովորեցրել են մեզ, և այդ կանոնը երբեք չի հնանում: Թույլ մի՛ տուր, որ կինը միայնակ գնա մութ ճանապարհով, անգամ, եթե հենց նոր եք վիճել:

13. Իսկական տղամարդը միշտ քայլում է ճանապարհի մայթեզրով:

Նա այդպես է անում, որպեսզի սլացող մեքենաներից պաշտպանի կնոջը, երեխային կամ ծերերին: Հիմար է հնչում, բայց հենց այդպես էլ պետք է անել:

14. Լավ որդի եղիր մորդ համար:

Դու անգամ չես էլ պատկերացնում, թե նա ինչեր է արել, որ դու դառնաս այն, ինչ հիմա դարձել ես:

15. Երբեք թույլ մի՛ տուր, որ վախը խանգարի քեզ ճիշտ գործել:

Երբեմն դու ստիպված կլինես համառել քո ասածի վրա՝ անկախ հանգամանքներից: Դու կհասկանաս, երբ այդ պահը գա:

16. Հիշիր, դու ապրում ես այնպիսի մի աշխարհում, որտեղ բոլորը հեռախոսների մեջ ունեն ֆոտոխցիկ:

Անգամ, եթե քեզ համար միևնույն է՝ Աստված հետևո՞ւմ է քեզ, թե՞ ոչ, դու պետք է գոնե թե մտածես facebook-ի մասին:

17. Սիրի՛ր կնոջդ/ընկերուհուդ:

Նույնիսկ, եթե չես սիրում կնոջդ կամ ընկերուհուդ, մի՛ դավաճանիր նրան. այլ ելք գտիր: Խոսքիդ տերը եղի՛ր: Եթե կարողանաս ապրել այդ ամենով, դու ոչ մի տեղ չես փախչի քո ինքնահարգանքից:

18. Եթե երեխադ խնդրում է, որ խաղաս իր հետ, երբեք մի ասա նրան՝ «հնարավո՞ր է՝ մեկ ուրիշ անգամ»:

Եթե դրա համար ժամանակ չգտնես, ապա ամբողջ կյանքում կփոշմանես:

19. Հիշիր՝ անվախ մարդիկ չկան:

Որովհետև վախի պահերին մեզ պետք է հատուկ դիմացկունություն: Այդպիսի օր վաղ թե ուշ լինելու է: Այդ պահին հավաքիր քո ամբողջ կամքի ուժը, որպեսզի պայքարես այն բանի համար, ինչին հավատում ես, և նրանց համար, ում սիրում ես:

20. Լսի՛ր սրտիդ ձայնը:

Հետևի՛ր դրան: Մի՛ վհատվիր, եթե այն քեզ չբերի այնտեղ, ուր ցանկանում էիր: Ավելի լավ է այդպես, քան ինքդ քեզ չլսես:

Հիշեք, որ այն երեխան, որն ամբողջովին շոկոլադով պատված՝ նստած է հեռուստացույցի առջև և փորձում է գունավոր կավիճներով շուն նկարել, օրերից մի օր մեծանալու է և դառնա հասուն տղամարդ: Եվ երբ այդ օրը գա, մենք ցանկանում ենք, որ նա լավ մարդ լինի:

Բայց ամեն ինչ սկսվում է մեզնից: Մենք կարող ենք ասել մեր որդիներին, թե ինչպես ճիշտ վարվեն, բայց, այնուամենայնիվ, նրանք ինքնուրույն են որոշումներ կայացնելու՝ հետևելով այն սկզբունքներին, որոնցով մենք ապրում ենք, և սովորեցնում ենք իրենց՝ սկսած ծննդյան առաջին իսկ օրերից:

Ձեր որդուն նամակ գրեք, պատմեք, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը: Իսկ ամենակարևորը՝ եղե՛ք այդպիսին: Եթե ձեզ մոտ ստացվի, ապա իր մոտ էլ կստացվի:

Աղբյուրը՝ vospitaj.com
Նյութը հրապարակման պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս