Ո՞վ է ասել Պերմյակովին, որ հենց հունվարի 12-ին գործի այդ հանցագործությունը՝ ճիշտ Բաքվի ջարդերի 25-ամյակի նախօրեին. Լարիսա Ալավերդյան

«Չկան ապացույցներ, որ այնտեղ ոչ թե Պերմյակովի շորերն ու կոշիկներն են հայտնվել, այլ եղել է ինքը անձամբ: Այդ առումով՝ կասկածի տակ եմ դնում այն միակ վարկածը, որ մեզ տրամադրել են այսքան բարդ իրավիճակում: Եթե նա լքել է բազան, ինչո՞ւ գոնե 2 ժամ հետո դա հայտնի չի եղել հայկական պատկան մարմիններին: Երկրորդ վարկածը, որը չի դիմանում քննադատության՝ այն է, որ նրան գտել են սահմանի մոտ: 15 կմ-ի վրա գտնվող բազայից ինչպե՞ս է նա այդտեղ հասել և ինչո՞ւ մեղադրանքների մեջ չկա սահմանն անցնելու փորձը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականություննրի» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա կասկածելի է համարում այն, թե ի՞նչ պատճառով է մեկ ամիս առաջ Պերմյակովը խնդրել, որ իրեն տեղափոխել Հայաստան ու հենց այդ բազա. «Ինչպե՞ս է տեղի ունենում այդ ընտրությունը, որը ոչ թե ռուսական օրենքներով, այլ միջազգային պայմանագրերով է տեղի ունենում: Սա փորձ չէ Պերմյակովին արդարացնելու կամ նրանից լվանալու այդ մեղքը: Հայաստանն այն երկիրն է, որը հագեցած է իրավաբանական կրթություն ունեցող մարդկանցով: Ինչո՞ւ են նսեմացնում բոլորիս ազգային արժանապատվությունը»:

Լ. Ալավերդյանը նկատեց՝ ռուսաստանյան կողմը զայրույթ առաջացնող կամայականություն է թույլ տալիս. «Ի՞նչ իրավունքով է ռուսաստանյան կողմը հարուցում իրենց Քրեական օրենսգրքի 105-րդ կետով սպանության վերաբերյալ գործը, եթե դա ընդհանրապես չի վերաբերում իր իրավասությանը: Մեր իշխանությունները պարտավոր էին այս ամենը 3 օրվա մեջ կարգավորել: Պետք է կազմվեր միասնական հանձնաժողով, որտեղ երկու կողմից համապատասխան անձինք կնշանակվեին:

Ցանկացած միջազգային պայմանագիր ոչ միայն իրավական, այլև քաղաքական փաստաթուղթ է: Դրա վառ ապացույցը Բազայի մասին միջազգային պայմանագրի 21-րդ հոդվածն է, որն ասում է՝ եթե հանկարծ հանձնաժաղովի անդամները չկարողանան կարգավորել խնդիրը իրավագիտական ձևով, ապա դա պետք է տեղափոխվի դիվանագիտական ատյաններ: Այսինքն՝ պետք է հստակեցնենք, որ պայմանագրերը չէ, տեղ են թողնում այն անորոշությունների համար, որ հիմա կա:

Մենք ունենք պահանջ իշխանություններից՝ գործել օրենքի և միջազգային հարաբերությունները կարգավորող պայմանագրերի շրջանակում: Ես զարմացած եմ, որ առաջին իսկ ժամերի ընթացքում մեր բարձրագույն իշխանությունը չի հայտնվել Գյումրիում: Չկան հարցեր, որոնց պատասխանը չտրվի այս պայմանագրերի մեջ:
Գերդաստանի մի մեծ ճյուղ է կոտրվել և դա հայերի համար ցավերից ցավն է: Ոչ թե մեր գլխավոր դատախազը պետք է խնդրանքով դիմի Ռուսաստանի դատախազին, այլ Ռուսաստանի դատախազը, ներողություն խնդրելով, ինքը խնդրի, որ ռուսական կողմը միանա ու համատեղ վարեն այդ գործը: Ինձ զարմացնում է մեր իշխանության նման պահվածքը»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ գործը պարտակելու փորձեր են արվում. «Որևէ մեկը չի հետաքրքրվել՝ ո՞վ է Պերմյակովը, Չիտայում ի՞նչ շրջապատ է ունեցել, 5 ամիս ծառայելու ժամանակ ի՞նչ կարող է տեղի ունեցած լինել, ո՞վ է իրեն դրդել դիմում գրել ու սեփական ցանկությամբ տեղափոխվել հենց հայկական բազան, ո՞վ է ասել, որ ինքը հենց հունվարի 12-ին գործի այդ հանցագործությունը՝ ճիշտ Բաքվի ջարդերի 25-ամյակի նախօրեին: Ես չեմ ասում, որ սրա կամ նրա պահանջով է դա արվել, այլ՝ չի ուսումնասիրվել: Եվ վերջապես, միակ աղբյուրը, որ մեզ տեղեկություն է տալիս՝ ռուսական կողմն է, որին նախապես արդեն հայտնում եմ իմ անվստահությունը»:

Տեսանյութեր

Լրահոս