Ակնարկ Քաջազի արվեստի մասին (լուսանկարներ)
20-րդ դարի հայ արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի գեղանկարիչ, գունավոր տպագրության փայլուն մասնագետ Քաջազի (Քաջազունի Քեչեճյան, 1924-2004 թթ.) ստեղծագործական ժառանգությունը:
1946-1949 թթ., Հայաստան են ներգաղթում ցեղասպանությունից փրկված, տարբեր երկրներում ապաստանած մի շարք սփյուռքահայ գեղանկարիչներ ու քանդակագործներ` Մելքոն Քեպապճյան (1880-1949), Ռաֆայել Շիշմանյան (1885-1959թթ.), Առաքել Պատրիկ (1894-1984թթ.), Գրիգոր Ահարոնյան (1896-1980թթ.), Բարդուղ Վարդանյան (1897-1987թթ.), Ասատուր Ճsերմակյան (1898-1987թթ.), Գրիգոր Մկրտչյան (1902-1948թթ.), Պետրոս Կոնտուրաջյան (1905-1956թթ.), Տիրան Սյուտճյան (1906-1967թթ.), Արամ Ղարիբյան (1908-1991թթ.), Հարություն Կալենց (1910-1967թթ.), Հովհաննես Ասատուրյան (1914-2006թթ.), Արմինե Կալենց (1920-2007թթ.) և ուրիշներ, որոնց ստեղծագործությունները Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Նկարչի տանը 1947թ. բացված հայրենադարձ արվեստագետների ցուցահանդեսում:
1924թ. Բեյրութում ծնված Քաջազունու ընտանիքը ևս, երանելի հայրենիքում լուսավոր ապագայի նվիրական հույսերով համակված, այս տարիներին հաստատվում է Խորհրդային Հայաստանում:
Հայաստանյան 25-ամյա ստեղծագործական ուղու ընթացքում մեծամասամբ ինքնուս Քաջազը ամբողջապես կազմավորվում է որպես ուրույն ձևամտածողություն ունեցող հայեցի գաղափարներով նկարիչ, որին հաջողվում է մշակել գունագծային իր պլաստիկան, ձևաոճական մեթոդները, գեղարվեստի նյութը կտավի շոշափելի մակերևույթի ու աչքի համար անտեսանելի ժամանակային չափման մեջ արժևորելու հնարները:
Քաջազը հայ և համաշխարհային արվեստասեր հասարակությանը գեղարվեստական բարձրարվեստ գործերի հարուստ ժառանգություն է ավանդել: Նկարիչն իր լավագույն երկերում անդրադարձել է աստվածաշնչյան թեմատիկային, հայ ժողովրդի պատմական-հերոսական անցյալին` նախաքրիստոնեական ու քրիստոնեական շրջաններով, Հայ դատի հույժ կարևոր և առ այսօր արդիական թեմային, 20-րդ դարի տեխնածին հասարակության ու միջուկային պատերազմի արհավիրքի նախաշեմին տատամսած մարդուն սպառնացող խնդիրներին, վրձնել է հայ մեծանուն արվեստագետների դիմանկարները:
Քաջազի ստեղծագործության մեջ գեղանկարչական մարմնավորում է ստացել երիտթուրքերի բարբարոսության հանդեպ իր բողոքը բարձրաձայնած Պարույր Սևակը ու հայ ազգի նվիրյալ Կոմիտասի լուռ աղոթքը:
Փորագրիչ Քաջազի ձևավորումը որպես ապագա անվանի նկարիչ, բազմաթիվ անհատական ու խմբային ցուցահանդեսների մասնակից, համաշխարհային մի շարք գիտական կազմակերպությունների պատվավոր անդամ, մրցանակների դափնեկիր խմորվել է հայազգի փայլուն վարպետների` Ե. Քոչարի, Մ. Սարյանի, Հ. Կալենցի և այլոց միջավայրում, նրանց արվեստն ուսումնասիրելու, նրանցից արժեքավոր մասնագիտական ցուցումներ ու ոգևորիչ խոսքեր լսելու շնորհիվ:
Քաջազի վաղ շրջանի ստեղծագործություններում («Արարատի արծիվը», «Արարատ լեռը», «Երեք կակաչ», «Կուժով նատյուրմորտ») զգալի է Մ. Սարյանի, Հ. Կալենցի, ինչպես նաև ֆրանսիական գունապաշտների դպրոցի վառ ու հագեցած երանգների, Մատիսի գունային-ծավալային հարթային կառուցման, Սեզանի ու կուբիստների ծավալա-տարածական նորովի ընկալման ու ձևաստեղծման անմիջական ազդեցությունը:
Ապլիկատիվ գույների համարձակ համադրություններով նկարիչը փորձում է հասնել հայրենի բնաշխարահի պատկերման առավելագույն արտահայտչականության:
1960-ական թթ. ստեղծագործություններում Քաջազի վրձինը բոլորովին այլ ելևէջներ է ծնում, որոնք գույնի, լույսի, տոնի սիմֆոնիկ հեղեղ են ստեղծում: Թերևս այսպես կարելի է բնորոշել գունաբծերի, տարբեր չափի վրձնահարվածներով, ուղղաձիգ կամ պարուրաձև ռիթմով ստեղծված բնանկարները(«Գետակ», «Դեպի տիեզերք», «Առագաստանավեր»):
Խավաքարտի վրա Քաջազի վրձինը մոգական ջութակի հնչողությամբ վերստեղծում է բնության կատարելության տիեզերական հրաշքը: Առաջին հայացքից կարելի է նկատել իմպրեսիոնիզմի և Վան Գոգի տեխնիկայի չափավոր ազդեցությունը գունաբաշխման և լույսի պատկերման մեջ:
Այնուամենայնիվ, ծիածանափայլ գույների հորձանուտ հիշեցնող բնապատկերներն ու դիմանկարները Քաջազի լավագույն գործերը հատկանշող հեղինակային, ուրույն ձեռագրի նախնական որոնումներն են:
Կոմիտասի, Վ. Փափազյանի, Ե. Քոչարի, Մ. Սարյանի, Հ. Ներսիսյանի դիմապատկերները յուղաներկի տեխնիկայի կիրառության ինքնատիպ հնարավորությունների հետաքրքիր բացահայտում են: Քարե բազմագույն խճեր հիշեցնում են բնորդների աչքերը, որոնք դիմապատկերում կրում են հիմանական հուզական շեշտը: Կոմիտասի դեմքը մարդու ներքին հոգեկան գերլարման և ողբերգության պատկերն է:
Կոմիտասի դիմապատկերում խտացել է հայ ժողովրդի ցավը, պատմության ընթացքը փոխելու անզորությունը և հայ նահատակների համար մատուցվող մշտնջենական պատարագը:
Հայ ժողովրդի անդառնալի ողբերգության վերհուշ, միաժամանակ անարդարության դեմ բողոք հնչեցնող «Սարսափահար մայրություն», «Սրի դեմ գրիչ», «Այսքան չարիք, թե մոռանան…», «Կոմիտաս-ցեղին ձայնը», «Կոմիտաս», «Կոմիտաս-երրորդություն» գործերում Քաջազի ոճն արեն հղկվել, բյուրեղացել և ընդգծված հատկանիշներ է ձեռք բերել:
Նկարիչը գրեթե ամբողջապես ապավինում է իր ներքին տեսողությանը, սեփական երևակայության, անձնական ապրումների, հուզական և հոգեբանական ազդակների վրա, որոնց շնորհիվ ծնված նրա սիմվոլիկ կերպարները խորապես ազդում են դիտողի վրա:
«Սարսափահար մայրություն» պատկերի կինը մայր Հայաստանն է խորհրդանշում, հայրենիքը, որը կորցրեց բյուրավոր զավակների, հայրենի հողը, որը որբացավ և ցողվեց անմեղների արյամբ: Քաջազն իր այս կտավում ցուցադրել է սարսափած հայ մորը, որը կորցրել է ամբողջ ընտանիքը, ամեն ինչ: Գրկում ամուր սեղմած վերջին զավակը հայ ժողովրդի սպանդից ազատված փոքր հատվածն է, որին մայրը ուզում է փրկել և կյանքն ապահովելշ:
«Այսքան չարիք, թե մոռանան…» վերնագիրը հայության հանդեպ իրագործված մեծագույն ոճրագործությունը մոռացությունից փրկելու շարունակական պայքարի անհրաժեշտությունը շեշտող խորագիր է: Կտավում ձեռքերը դեպի վեր հառած խաչաձև կանացի կերպարանքն Աստծո ողորմածությունն է հայցում անմեղ նահատակների հոգիների լուսավորության համար:
Քաջազի ստեղծագործությունը մարդասիրական ուղերձ է համայն աշխարհին, որ չարը, անօրենը մոռանալ անկարելի է . մարդիկ հիշելու են, մշտապես դատապարտելու են հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի եղերական իրադարձությունները:
«Սրի դեմ գրիչ» ստեղծագործությամբ Քաջազն արտահայտել է իր կենսահաստատ, լավատես, դեպի լուսավոր ապագա մեծ հավատքով ու սիրով լեցուն մարդու հաստատակամ դիրքորոշումը: Անցյալի դառը կսկիծով լի տխրահռչակ դեպքերին նկարիչն արձագանքում է հայ ժողովրդի բազմադարյան քրիստոնեական ավանդույթներում, փառապանծ տաճարներում, մեսրոպատառ մատյաններում, մանրանկարչության գլուխգործոցներում ամփոփված ազգապահպան խորհուրդներով ու վեհ հայրենասեր գաղափարներով:
Նկարիչն իր ժողովրդի փրկությունն ու երջանիկ ապագան տեսնում է հայ ժողովրդի դարավոր մշակույթի, քրիստենեության հուշարձանների, տերունական աղոթքի լույսի ներքո, Նարեկացու, Քուչակի, Աբովյանի, Թումանյանի, Չարենցի, Սևակի հանճարեղ տողերում: Քաջազի ստեղծագործական երկարամյա ուղին ընթացել է չարը բարով մաքրագործելու քրիստոնեական պատգամով: Քաջազի համար այս ստեղծագործությունը մեր ժողովրդի հավատո հանգանակն է:
Անցյալ դարի զարհուրելի անցքերի ընդհանրական եռապատկերն է ներկայացնում «Ցեղասպանություն (1915-1923)-Տեր Էլ Զոր», «Սադիզմ», «Ողջակիզում (1939-1945), Բուխենվալդ-Աուշվից» շարքը`արնաշաղախ ու միաձույլ կապտականաչ գունաշարով:
Լերդացած արյան օվկիանոսից դեպի երկինք վերընձյուղվող հազարավոր ձեռքեր, անօգնական, աղերսող կոչեր, դառը կսկիծ, խլացած սարսափելի ցավ, սադիզմին զոհ գնացած լլկված գերիներ, պղծված հայրենիք, այլանդակված մանկություն, խեղված ճակատագրեր, որոնց անանց դրոշմն են կրում այս պատկերները:
Նկարչին անընդհատ հետապնդող մտքերն ու ապրումները, նրա հոգեկան տվայտանքները, ցավն ու ցասումն այստեղ սաստկացել են և արտահայտվել անդիմադրելի, արտակարգ ուժով:
1976 թ. վրձնած եռապատկերի գաղափարական շարքը լրացնում են նույն և 1997 թվականներին ստեղծված «Կախաղան», «Անոնք մեռան ապրելու համար», «Ան ընդամենը հինգ տարեկան էր», «Ո՜վ Աստված» պատկերները, որոնցում կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն թանձր քարակոփ խորքից ելնող տխուր աչքերում տեսնում ենք որբացած մանուկների և ազգերի տառապանքն ու ողբերգությունը:
Քաջազը ստեղծագործական կյանքի մեծ մասն անցկացրել է արտերկրում` ամերիկահայ և առհասարակ արվեստասեր հանրությանը պարբերաբար ներկայանալով նորանոր գործերով, որոնց թեմաները` հայրենիք, մայրություն, սեր, սպասում, երաժշտություն, բնություն, հարություն, հայ ժողովրդի հեթանոսական և քրիստոնեական մշակույթի տարրեր, մշտական կենարար աղբյուր են դարձել նկարչի հայրենակարոտ վրձնի համար:
«Իմ նկարչությունը հայկական է: Անիկա կընդգրկե մեր հին զարդանկարչության և մանրանկարչության հատկանիշները: Անիկա իր մեջ խտացրած է մեր ազգային ավանդույթները»:
Մարտիրոսցած նախնիների, կորսված հայրենիքի, հազարագանձ Անիի սրբազան խորհուրդն են ամփոփել «Անիի ազատագրումը», «Անի-աղբյուր հուշարձան», «Ձոն Անիին», «Իմ զմրուխտ Անի» (բոլորը`1984 թ.) գործերը, որոնցում Քաջազի` տարիների բեղմնավոր ստեղծագործական փորձով հղկված վարպետ վրձինը վերակերտել է մեր ժողովրդի փառապանծ անցյալի սրբազան մայրաքաղաքի հերոսական կերպարը:
Բագրատունիների հարստության փառավոր կենտրոնը` հազար ու մի եկեղեցիների, հայ գրի ու մշակույթի օջախ Անին, որն այսօր ննջել է սեփական ավերակների փոշու մեջ, որի հուշարձանները պղծվում են օտարալեզու ստահոդ արձանագրություններով, որի տաճարները ռմբակոծել և ավերել են, Քաջազի կտավներում արթնանում ու հարություն է առնում իր դարավոր ննջից: Հարություն են առնում, ղողանջում Անիի Մայր տաճարի ու այլ եկեղեցիների զանգերը, նորից կարկաչում են գետերը, հայրենի կիրճերով ու ձորերով վերստին դոփում են հայ հերոս ռազմիկների նժույգները, հայ գեղջուկը ճաշակում է հայրենի հողի քաղցրահամ պտուղները, ըմբոշխնում է զուլալ ջուրը: Անիի պատմական-մշակութային հարուստ անցյալը հայ ժողովրդի համար մշտական ոգեշնչման աղբյուր է, Բագրատունիների հայկական թագավորությունը հայ ժողովրդի հոգևոր վերածնության առհավատչյան է:
Քաջազը սփյուռքահայ այն սակավաթիվ արվեստագետներից էր, որոնց գործերում հայկական շունչը, ազգային ոգին դրսևորվել են ոչ միայն դրանց գաղափարական`թեմատիկ ու կերպարային բովանդակության, այլև գեղարվեստական մտածողության, նկարչական ինքնատիպ լեզվի, ստեղծագործական անկրկնելի ձեռագրում:
Հավատարիմ մնալով տարիների ընթացքում բյուրեղացած ստեղծագործական ոճին` Քաջազը երկար ու ձիգ տարիներ հյուսում է հայրենի հողի ու մարդկության հանդեպ անթաքույց ու անսահման սիրով, կարեկցանքով ու նրբությամբ լի իր` քաջազյան անզուգական մեղեդին: Վերջինիս մեջ արձանագրվել են հայ ժողովրդի պատմական հերոսական ու տառապալից հնչյունները, մեր ազգին կեղեքող ցավն ու միաժամանակ անկեղծ հույսը, որ ծնվելու են նոր հերոսներ, հայրենիքի պաշտպան զինվորների համար խաղաղության արևն է շողալու, հայոց պատմական հայրենիքում հնչելու է կոմիտասյան պատարագ, հայ մարդն ապրելու է իր հայրենիքում խաղաղ ստեղծարար աշխատանքով:
Տե՛ս Արարատ Աղասյան, Քաջազի մշտավառ կանթեղը, Ե., 2009, էջ 6:
2 Տե՛ս Արարատ Աղասյան, Քաջազի մշտավառ կանթեղը, Ե., 2009, էջ 30:
3 Տե՛ս Սաթենիկ Քեչեճյան, Նկարիչ Քաջազի ցուցահանդեսը Ապրիլյան Եղեռնի 60-ամյակի առթիվ//Պայքար, Բոսթոն, 1975, ապրիլ 29: Հետաքրքիր է ցուցահանդեսին մասնակցած կտավների ձեռագիր ցանկը (հայերեն լեզվով)` հեղինակային համառոտ բացատրություններով ու մեկություններով, որը պահվում է Քաջազի արխիվում:
4 Տե՛ս Արարատ Աղասյան, Քաջազի մշտավառ կանթեղը, Ե., 2009, էջ 45:
5 Տե՛ս Քաջազ և ցեղին վիշտը (հարցազրույց) և Հենրիկ Բուդաղյան, «Լեոնարդո դա Վինչին ի Հայաստան» պաստառս որոշ հետաքրքրություն ստեղծեց հանդեպ հայության, հայ մշակույթի և հայ ժողովրդի հոգևոր գանձարանները, էջ 7:
6 Տե՛ս Արարատ Աղասյան, Քաջազի մշտավառ կանթեղը, Ե., 2009, էջ 49:
ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն