Այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարություննյանն ու իր ընկերները. Ալեքսանդր Արզումանյան

Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով: Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ լսումներին հրավիրված ԱԺ Դատախազությունը հրաժարվել է մասնակցել՝ պատճառաբանելով, թե հանձնաժողովը չի կարող իրենց հրավիրել նման քննարկումներին:

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալների գործերի 95%-ի սանկցիաները տվել է դատախազությունը և դատախազությունն է մշտապես հերքել քաղբանտարկյալների առկայությունը: Ըստ նրա՝ զարմանալի է, որ դատախազության աշխատակիցները ոչ միայն անտեսում են ԱԺ հանձնաժողովի կողմից ուղարկված տարբեր բողոքները, այլև խուսափում են բաց ճակատով գալ ու խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են:

Ա.Արզումանյանը նկատեց, որ որպես նախկինում մի քանի անգամ քաղբանտարկյալ եղած մարդ` քաջատեղյակ է խնդիրներին: Նա արձանագրեց, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարություննյանն ու իր ընկերները: Ոստիկանների հարվածներից հորը պաշտպանել ցանկացած Շանթի անաչափահաս որդու համար դատախազի պահանջած պատիժն Ա.Արզումանյանը որակեց որպես «ամենաամոթալի» ու «արտառոց».

Երբևէ մեր պատմության մեջ չի եղել նման ամոթալի բան: Քիչ ենք խոսում այդ մասին, բայց սա աղաղակելու թեմա է: Նման բաներ կային Ուզբեկստանում, երբ կանանց ու երեխաներին էին հալածում, կա նման նաև Ադրբեջանում, որ ընտանիքներով են բանտ նետում, բայց մենք իրավունք չունենք ասել, որ մենք էապես տարբերվում ենք, առաջին քրսիտոնյա ժողովուրդն ենք ու նման դրսևորումներ ունենք»:

«Հաճախ համամետություն են տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որ այնտեղ ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան մեզ մոտ։ Անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև սարուձորի տարբերություն կա: Բայց եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում, և ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ»,- ասաց պատգամավորը:

Այնուամենայնիվ, Ա.Արզումանյանի կարծիքով, Հայաստանն իր ստանձնած պարտավորությունների կատարման առումով որոշակի փոփոխություն արձանագրել է, օրինակ՝ նախկին 150 քաղբանատարկյալի փոխարեն հիմա 14-ն են. «Դա լավ է, բայց քանի դեռ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, մենք չենք կարող ասել, որ առաջընթաց ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս