
Յացենյուկը վրացի նախարարի պատճառով կառավարության առաջին նիստը վարել է ռուսերենով

Lenta.ru-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նոր կառավարության առաջին նիստը, որի ժամանակ վարչապետ Արսենի Յացենյուկը հարկադրված է եղել ուկրաիներենից անցում կատարել ռուսերենի: Այս մասին հայտնում են իրազեկ աղբյուրները:
Նրանց համաձայն` Յացենյուկը նիստի հանրային մասը (տեսախցիկների առջև) վարել է ուկրաիներենով: Սակայն ավելի ուշ, երբ նախարարները սկսել են աշխատել փակ ռեժիմով, Յացենյուկը նորանշանակ օտարազգի նախարարներից հետաքրքրվել է, թե արդյոք նրանք բոլորն են հասկանում ուկրաինաերեն:
Ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն (նախկինում ԱՄՆ-ի քաղաքացի) ու տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրոմավիչյուսը (Լիտվայի քաղաքացի) դրական պատասխան են տվել: Մինչդեռ առողջապահության նախարար, վրացի Ալեքսանդր Կվիտաշվիլին հայտարարել է, որ իր մոտ դժվարություններ են ծագում այդ հարցում:
Դրա հետ կապված` Յացենյուկը նախ փորձել է ուկրաիաներենից անցում կատարել անգլերենին, սակայն դա դուր չի եկել մի շարք նախարարների: Արդյունքում, Յացենյուկը հարկադրված է եղել կառավարության նիստը վարել ռուսերենով: Ընդգծվում է, որ Կվիտաշվիլին ազատորեն տիրապետում է վրացերենին, անգլերենին, ռուսերենին: