Եթե տնտեսության չափերը մեծանում են, ապա տրամաբանական է, որ միասնական արժույթ կլինի. Զոյա Թադևոսյան

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը` տնտեսական առումով,  առաջիկա տարիներին ոչինչ չի տա, որովհետև Հայաստանը տնտեսական օգուտներ կարող է ակնկալել միայն այն պարագայում, եթե լիներ զարգացած ու ինտեգրվեր զարգացած երկրների ընտանիքի: Փաստորեն, այս չորս երկրեները, որոնք իրենց առջև դրել են ինտեգրման ծրագիր, կարելի է ասել, թույլ զարգացած (եթե ոչ հետամնաց) երկրներ են: Թույլ զարգացած երկրների միջև տարածաշրջանային ինտեգրման գործընթացները երբևէ արդյունավետ չեն եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ վարչության անդամ, ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյաը:

Ըստ նրա` թույլ զարգացած երկրներն ուղղակի միանում են քաղաքական նպատակներով, և կարծես թե ստեղծում են, այսպես կոչված, պաշտպանական մի խումբ, որ միասնական դիմագրավեն արտաքին քաղաքական վտանգները:

168.am-ի հարցին` ճի՞շտ կլիներ, որ եվրոպական երկրների հետ համագործակցեինք, նա ատասխանեց. «Ոʹչ: Ես սկզբունքորեն կողմ եմ այս խմբավորմանը, բայց ոչ այս տեսքով: Եթե մենք մտնում ենք ընդհանուր տնտեսական միության մեջ, նշանակում է` պետք է ունենանք առնվազն միասնական սահման, քանի որ տնտեսական միությունը ենթադրում է նաև մաքսային միություն: Մենք այդ սահմանը չունենք:  Եթե մեզ հետ լիներ նաև Վրաստանը, դա կլիներ չտեսնված, ճիշտ ճանապարհ և ընդհանուր սահմանի բացակայության գործոնը կմեղմվեր: Այս պարագայում մենք կարծես թե դառնում ենք քաղաքական գործընկերության մաս, այլ ոչ թե տնտեսական: Իսկ այդ միությունները տնտեսական նպատակներ են հետապնդում»:

Իսկ այն հարցին, թե ԵՏՄ անդամ երկրներում կլինի՞ միասնական արժույթ, տնտեսագետը պատասխանեց` այո, կլինի և հավելեց, որ դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա. «Օրինակ`մարդկանց մի մասն ուզում էր, որ ինտեգրվեինք Եվրամիությանը: Եվրամիությունը տնտեսական այն փուլում է գտնվում, երբ առկա է միասնական արժույթ: Դա տարածաշրջանային ինտեգրման զարգացման տրամաբանական փուլ է: Եթե տնտեսական կապերն այնքան են զարգանում, որ յուրաքանչյուր ազգային տնտեսություն ազգային դրամական միջոցով այլևս չի կարող հարաբերվել մնացած գործընկերների հետ, առաջանում է միասնական արժույթ ստեղծելու գաղափարը: Ամեն մի դրամական փոխանակման ժամանակ մենք կորուստներ ենք ունենում` փոխարժեքի տարբերություններից: Իսկ եթե տնտեսության չափերը մեծանում են, ապա տրամաբանական է, որ միասնական արժույթ կլինի»:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս