Սերունդ, որը միշտ երիտասարդ է մնում

Անկախ Հայաստանի պատմությունը 2-3 տարին մեկ կրկնվում է: Ընդ որում, նույն սցենարով, դերասանների նույն կազմով: Զանգվածային տեսարաններում կամ էպիզոդներում նկարահանվելու դերը վերապահված է ժողովրդին: Այս համատարած դեժավյուի պայմաններում, երբ քաղաքական դաշտում նույն, մահու չափ ձանձրացրած դեմքերն են, թվում է, թե նոր սերունդը կյանք չի մտել:

Հայաստանում սերնդափոխության և միայն սերնդափոխության միջոցով ընդդիմություն և իշխանություն ձևավորելու, առողջ հասարակություն ունենալու հույսեր են կապում շատերը: Ներքաղաքական կյանքին ապշած հետևող շատ վերլուծաբաններ այսպես են սփոփվում՝ կգա մի օր, երբ քաղաքական գործիչների այս սերունդը, որը բանականության օրենքին չենթարկվելով՝ չի հեռանում քաղաքական դաշտից, գոնե բնության օրենքով այլևս երկնքից կհետևի քաղաքական անցուդարձին, և նոր սերունդը կգա և կստեղծի քաղաքական նոր մշակույթ, փոխհարաբերությունների նոր, արժանապատիվ մակարդակ…

Եվ չենք նկատել, որ երիտասարդները վաղուց արդեն ասպարեզում են: Չենք նկատել օբյեկտիվորեն: Երիտասարդները, ովքեր հավակնում են զբաղվել քաղաքականությամբ կամ տեղ ունեն պետական ապարատում, չունեն երիտասարդներին հատուկ մաքսիմալիզմը, հանդգնությունը, առաջնորդներին ձեռնոց նետելու, նոր խոսք ասելու համարձակությունը:

Կուսակցական երիտասարդներն այլ թեմա են: Հիշում եմ, Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի նկարահանումներին մասնակցելու էին գնացել հարյուրավոր երիտասարդներ՝ 20-25 տարեկան: Նրանք, բնական է, այնտեղ էին իրենց կամքով, իրենց ցանկությամբ, պատրաստ էին գեղեցիկ հաղորդավարուհու հրահանգով կիսվել, ինչպես ծովը՝ Մովսեսի կոչով, և ճանապարհ բացել իրենց թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի համար: Այս երիտասարդներն ունեն կուսակցական տոմսեր, մասնակցում են «Բազե» ճամբարին, բուհերում ուսանողական խորհուրդների նախագահներ են: Նրանք ունեն իրենց ավագ կուսակիցների գրավիչ օրինակը՝ վերցնել ՀՀԿ-ի կուստոմսերը, որոնց վրա չի չորացել թանաքը, և տեղ զբաղեցնել կուսակցության ցուցակներում կամ կառավարությունում:

Առավել կայտառությամբ երիտասարդներն անդամագրվում են մեկ այլ կուսակցության՝ ԲՀԿ-ին: Տակավին վերջերս 300 տղաներ ու աղջիկներ համալրեցին ԲՀԿ-ի խիտ շարքերը: Կուստոմսերը ստացան անձամբ ԲՀԿ առաջնորդի ձեռքից: Համբույրներ, շնորհավորանքներ, շամպայն… Եվ այդ առիթով աղջիկները գեղեցիկ հարդարել էին իրենց մազերը, տոնական տրամադրությամբ եկել՝ ստանալու իրենց կուսակցական տոմսերը:

ՀԱԿ երիտասարդական թևը, ի տարբերություն ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների, գաղափարական է, փարված չէ առաջնորդի քսակին, կոնգրեսական լինելն էլ արտոնություններ չի տալիս: Այստեղ, ի տարբերություն ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների, կարող են հպարտանալ, որ իրենց առաջնորդը ներկայանալի է, կրթված, ինտելեկտուալ, ունի քաղաքական հարուստ փորձ:

Սակայն բոլոր այս կուսակցություններն ավտորիտար կառույցներ են, իսկ իշխանության ձգտում են՝ պնդելով, թե իրենց հետ կգան նաև հայաստանցիների լավ օրերը: Կարելի էր և հավատալ: Սակայն անհանդուրժողականության ու ատելության այն դոզան՝ ուղղված ոչ իշխանական ուժերի հանդեպ որոշակի և հիմնավոր անվստահություն ունեցողների վրա, սարսափելի է:

Վախենում ես անգամ պատկերացնել, թե ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ հանկարծ իշխանության գան նրանք:

Բայց ո՞ւր են այն երիտասարդները, որոնք ունեն փայլուն կրթություն, պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքին: Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն: Ավելի տիպական օրինակ, քան մասնագիտությամբ բժիշկ Բյուրակն Իշխանյանի օրինակն է, թերևս չկա: Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում կրթություն ստացած, իր գիտելիքն ու փորձը հայրենիքում կիրառելու նպատակով Հայաստան վերադարձած երիտասարդ մասնագետին մեր երկրում չէին սպասում:
Փոխարենը՝ ոչ այնքան փայլուն, բայց տանելի կրթություն ունեցող շատ երիտասարդներ արդեն պետական ապարատում մեծ տոկոս են կազմում:

Նոր կադրերն այնքան էլ քաղաքականացված չեն, որքան թվում է առաջին հայացքից: Նրանց քաղաքական գիտակցությունը մաքուր թուղթ է, որին կարելի է գրել ցանկացած տեքստ: Նրանք պատրաստ են դրան, միայն թե իրենց աշխատանքային, կարիերայի աճին ոչինչ չխոչընդոտի:

Իր կառուցվածքով ֆեոդալական է Հայաստանի պետական ապարատը, որը դանդաղորեն, անշտապ ձևավորել է կանոնավոր բյուրոկրատների բանակ: Ֆեոդալական է կուսակցությունների կառուցվածքը՝ նրանք ունեն միայն մեկ ուղեղ, մեկ կենտրոն: Դա գործատուն է, կուսակցական ղեկավարը, ֆինանսական աղբյուր օլիգարխը: Չինովնիկի, կուսակցականի անհատական կամքը լուծվում է առաջնորդի, շեֆի տեսակետում:

Ավագները՝ կուսակցականացված, բազմաթիվ սխալներ գործած, իրենց անհաջողություններից բարդույթավորված, անձնական հավակնությունները ժողովրդի շահ ներկայացնելով, կուլ են տվել ազնիվ, իրենց կուռք համարող երիտասարդների երիտասարդությունը: Այդ երիտասարդները՝ կարող, խելացի, իրենց երիտասարդությունը նվիրել են առաջնորդին, որ նա իրեն լավ զգա, իրեն պահանջված զգա:

Այնպես որ, երազած սերնդափոխությունը տեղի է ունեցել նույնքան աննկատ, որքան աննկատ մեծացել են այդ երիտասարդները, որոնք իրենք էլ չեն նկատում, որ իներցիայով իրենց երիտասարդ են համարում:

Ավագ սերունդը ցանկանում է աճեցնել այնպիսի կադրեր, որոնք իրենցից ոչ մի քայլ առաջ չգնան, կախված լինեն իրենց կամքից, փողից:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին իր նման է, և վաղը մեծ է հավանականությունը, որ կշարունակի հոր գործը Սյունիքում:

Հանրապետական կուսակցության երիտասարդներն իրենց մտածողությամբ և գործողություններով ընդօրինակում են Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հովիկ Աբրահամյանին:

ԲՀԿ երիտասարդների համար ընդօրինակման օբյեկտը մեկն է և անփոխարինելի՝ Գագիկ Ծառուկյանը:

ՀԱԿ երիտասարդների համար, ավելորդ է ասել, տիեզերքի կենտրոնը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այնպես որ, քաղաքական առումով արդեն էական չէ սերնդափոխությունը՝ որպես փոփոխությունների, թարմության երաշխիք, քանի որ այդ սերնդափոխությունն ուղղորդված է: Ընդ որում, ուղղությունը ոչ թե առաջ է, այլ ետ…

Տեսանյութեր

Լրահոս