Առկա ոսկու գների պայմաններում ընկերությունը կվճարի մոտ 35 մլն դոլար հարկեր. «Գեոթիմ»-ի տնօրեն
Նախորդ շաբաթ հրապարակվեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իրականացնող «Գեոթիմ» ընկերության տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախնական տվյալները։ Ըստ հաշվարկների՝ ընկերությունը արդեն իսկ ներդրել է 69 միլիոն դոլար և 2015-2016թթ. կներդնի ընդհանուր առմամբ 426 միլիոն դոլար։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախորդ շաբաթ խոսելով այս ցուցանիշների մասին՝ նշել էր, որ այս և նման այլ նախագծերը կնպաստեն օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։
Ընկերության տեխնիկատնտեսական հաշվետվության, հեռանկարների և անելիքների մասին զրուցեցինք ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ։
– Թեպետ հաշվետվության մեջ նշվում է, բայց առավել հասկանալի լեզվով խնդրում ենք ասել՝ քանի միլիոն դոլար է մինչ այս պահը ներդրել ընկերությունը, որքան գումար է նախատեսվում ներդվել հաջորդ տարիներին և ընկերությունը երբ կսկսի շահույթով աշխատել։
– Նախ և առաջ, ուզում եմ ընդգծել, որ Ամուլսարի ծրագիրը եզակի ներդրումային ծրագիր է, և այն կունենա էական դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա: Հանքավայրը հայտնաբերելուց հետո ընկերությունը ներդրել է ավելի քան 69 միլիոն ԱՄՆ դոլար որոնողահետախուզական և այլ աշխատանքներում: Ինչպես գիտեք, շինարարությունը և հանքարդյունահանումը դեռևս չեն սկսվել Ամուլսարում: Ծրագրի կապիտալ ծախսերը կկազմեն 426 միլիոն դոլար: Կարծում եմ հնարավոր չէ ասել՝ երբ ընկերությունը կսկսի շահույթ ստանալ, քանի որ հնարավոր չէ կանխագուշակել ոսկու գինը նման ճշգրտությամբ: Այդ իսկ պատճառով մենք ընդգծում ենք այս ներդրման կարևորությունը Հայաստանի համար, քանի որ մետաղական հումքի շուկայի անկայունության նման պայմաններում հեշտ չէ ներդրումներ ներգրավելը: Ակնկալում ենք, որ ընկերությունը զգալի հարկեր և ռոյալթիներ կսկսի վճարել ՀՀ բյուջե 2017թ.-ից սկսած, երբ հանքը արտադրության մեջ կլինի: Թեև դեռևս չենք սկսել հանքի շահագործումը, սակայն արդեն իսկ ներդրել ենք 1.6 միլիոն դոլար տեղական համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերում: Մեզ համար շրջակա համայնքների կայուն զարգացումը Ամուլսարի ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը պետք է լինի:
– Որքա՞ն ոսկի կարդյունահանվի 10 տարվա ընթացքում: Ի՞նչ կարժենա արդյունահանումը, և ի՞նչ գնով կվաճառվի ոսկին: Որտե՞ղ է արտահանվելու արդյունահանված ոսկին: Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը արդյունահանելու է արծաթ:
– Տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն հանքի շահագործումը կտևի ավելի քան 10.4 տարի, կորզվող ոսկու պաշարը՝ 2.1 միլիոն ունցիա է՝ ոսկու 1 ունցիայի արդյունահանման ընդհանուր կայուն գինը 701 դոլար է: Իհարկե չենք կարող հաստատ իմանալ, թե միջազգային շուկայում ինչ գին կունենա ոսկին մոտ 2 տարի անց, երբ սկսենք արդյունահանումը կամ հանքի շահագործման ընթացքում: Բայց տեխնիկատնտեսական հիմնավորումը ցույց է տալիս, որ ծրագիրը շահութաբեր է ոսկու գների որոշակի տատանման շրջանակում:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ինչպես գիտեք, մենք պետք է արտադրենք D‘ORE, որը ոսկու և արծաթի համաձուլվածք է: Արծաթը Ամուլսարի ոսկու հանքի հավելյալ արտադրանքն է լինելու: Հայաստանում արտադրված D’ORE-ն կվերամշակվի սերտիֆիկացված ձուլարան ունեցող երկրներից մեկում: Վերամշակված ոսկին և արծաթը, որոնք բավարարում են շուկայական չափանիշներին, այնուհետև կվաճառվեն գործող բորսաների միջոցով (օրինակ, Լոնդոնի մետաղների բորսան): Կարևոր է նշել, որ հարկերը վճարելու է Գեոթիմը՝ վաճառքի ողջ շահույթից, անկախ այն բանից, թե որտեղ է վաճառվում արտադրանքը:
– Ըստ հիմնավորման, ներքին հատուցադրույքը (IRR), կախված ոսկու գնից, տատանվում է 13-26%: Արդյո՞ք սա նորմալ ցուցանիշ է ներդրողների համար:
– Ոսկու գինը հնարավոր է տատանվի, և չնայած դա նորմալ է ցանկացած ներդրողի համար, սակայն, ես կրկին ուզում եմ ընդգծել, որ շատ ջանք է պահանջվում պահպանելու համար ներդրողների հետաքրքրվածությունը ծրագրերի նկատմամբ: Հատկապես ներդրողների համար քիչ ծանոթ երկրներում, ինչպիսին է Հայաստանը: Որպես Հայաստանի քաղաքացի, ես հպարտ եմ, որ Ամուլսարը Հայաստանը ներակայցրել է միջազգային ներդրումային շուկայում:
Տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ երևում է, որ նախագիծը ապահովում է շահույթի գրավիչ դրույքաչափ տարբեր ասպեկտներում: Այն առաջարկում է հարկերի վճարումից հետո 20.2% առանց փոխառության ներքին հատուցադրույք՝ հիմնված մեկ ունցիայի համար $ 1,250 ոսկու գնի վրա (բազայինի դեպքում):
– Հիմնավորումը նախատեսում է ընկերության կողմից վճարման ենթակա ռոյալթիների ու հարկերի գումարը՝ արտահայտված տոկոսով: Կարող եք նշել, թե որքան եկամուտ Հայաստանի բյուջեն կստանա Ամուլսարից յուրաքանչյուր տարի հարկերի ձևով՝ դոլարարային արտահայտությամբ:
– Ամուլսարի ծրագիրը օտարերկրյա ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է Հայաստանում:
Առկա ոսկու գների պայմաններում ընկերությունը կվճարի մոտ 35 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ամեն տարի հանքի շահագործման ընթացքում սկսած 2017 թ.-ից:
Ընկերությունը, նաև, համայնքային բյուջե կվճարի տարեկան մոտ 1 մլն դոլար հողի վարձակալության վարձ:
Սակայն, նախագծի ազդեցությունը տնտեսության վրա էական է լինելու նաև տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման առումով: Բացի այդ, Ամուլսարի նման խոշոր ծրագիրը կունենա զգալի բազմապատկող էֆեկտ տեղական բիզնեսների համար:
– Որքանո՞վ է կարևոր տեխնիկատնտեսական հիմնավորումը ներդրողների համար, եթե նրանք արդեն իսկ մեծ գումարներ են ներդրել։ Ինչ ազդեցություն կունենա այս հաշվետվությունը և ընդհանրապես հանքի շահագործումը պոտենցիալ ներդրողների վրա։ Կարո՞ղ է այն որոշ չափով հետաքրքրություն արթնացնել Հայաստանի նկատմամբ։
– Տեխնիկատնտեսական հիմնավորումը շատ կարևոր է, այն ներկայացնում է Հայաստանը որպես օտարերկրյա ներդրումների համար գրավիչ երկիր: Այն ներկայացնում է գերազանց արդյունք և տեխնիկական և ներդրումային տեսանկյունից՝ դիտարկելով Ամուլսարը որպես լավ ներդրումային հնարավորություն և ժամանակակից հանքի շահագործման օրինակ:
Հանքի շահագործման առաջին 5 տարիների ընթացքում հարկերի վճարումից հետո ավելի քան 570 մլն դոլար կանխիկ գումարային հոսքեր առաջացնելու մեր ծրագիրը նախատեսում է գրավիչ հատուցադրույք նախնական ներդրումը վերադարձնելու և ծրագրային ֆինանսավորման հնարավորությունները ընդլայնելու նպատակով:
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությանը, իհարկե, ներդրողները ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մյուս ոլորտներնում ցանկացած երկրում, որտեղ որոշում են ներդրումներ կատարել, փնտրում են օտարերկրյա ներդրումների հաջողված օրինակներ: Այդ առումով, մենք հուսով ենք, որ Ամուլսարը կդառնա նման հաջողված օրինակներից մեկը:
– Բնապահպանական կազմակերպություններին տնտեսական հիմնավորումները մեծ հաշվով չեն հետաքրքրում, և նրանք պնդում են, որ տնտեսական օգուտները չեն կարող հատուցել բնապահպանական վնասները: Որքանո՞վ է զգալի լինելու ծրագրի բնապահպանական ազդեցությունը:
– Մտահոգությունները հասկանալի են, հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտում առկա օբյեկտիվ խնդիրները: Սակայն, ես ուզում եմ հիշեցնել, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեդիան և այլն, ունեն ակտիվ հանքարդյունաբերություն: Եթե հանքարդյունաբերությունը այդ երկրներում կարող է իրականացվել լավագույն փորձին համապատասխան, ինչու՞ Հայաստանը նույնպես չի կարող այդպիսի ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալ: Ինչպես կարող եք տեսնել ծրագրի նախագծից, մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում է զարգացած երկրներում, ծրագիրը չի ունենալու պոչամբարներ, շրջակա միջավայր չեն արտանետվելու արտադրական թափոններ, և օգտագործելու է ավելի քիչ էներգիա:
Մենք նպատակ ունենք իրականացնել այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան. դա պահանջում են մեր ներդրողներն ու խրախուսում Lydian-ի ղեկավար թիմը: Եվ մենք՝ անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության, կառավարության և Ամուլսարի հարակից համայնքների մասնակցությամբ, կհետևենք, որ այդ չափանիշները պահպանվեն: Մենք համոզված ենք, որ անվտանգ, լավ կառավարվող և արդյունավետ հանքարդյունաբերությունը երկրում որակական դրական փոփոխության ներուժ ունի: