Բաժիններ՝

Սևամո՞րթ, թե՞ զտարյուն անգլիացի. «Հայկական մրգի» ղեկավարը չկարողացավ արդարանալ Իշխան Զաքարյանի առջև

Այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցրերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը խիստ մանրակրկիտ ձևով պարզաբանում էր, թե ինչու է «Հայկական միրգ» ընկերության «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» ծրագիրը ձախողվել:

Ծրագրի նպատակը, հիշեցնենք, աղքատ և փոքր սեփականատերերին հայկական մրգի և ընկուզեղենի արտադրության մեջ ներգրավելով նրանց ունեցվածքն ու եկամուտները մեծացնելն է: Ծրագիրը մեկնարկել է 2011 թ., բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվում էր իրականացնել շուրջ 700հա ծիրանի, դեղձի և ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ:

Սակայն իրականում նույն բյուջեով ստեղծել է ընդամենը 306 հա այգի, ծրագիրն էլ զգալիորեն փոփոխվել է: 2013 թ. համար նախատեսված 43.6 հեկտարի փոխարեն փաստացի դեղձ/նեկտարինի այգի հիմնվել է միայն Տավուշի մարզի Արճիս համայնքում` 4.28հա տարածքում: Իտալիայից ձեռք բերված 10 000 հատ ընկուզենու պատվաստացուները 16.5 մլն դրամ արժեքով ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում, բայց նրան վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ աշխատավարձ: «Հայկական միրգ»-ն Հայաստանում ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ հիմնելու և ծրագրին աջակցելու նպատակով պայմանագիրը կնքել է Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ` 462.7 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Ստուգման պահի դրությամբ աֆրիկյան ընկերությանն արդեն վճարվել էր 292.5 հազ. ԱՄՆ դոլար: Թե, ինչ ծառայության դիմաց է վճարվել այս գումարը, հնարավոր կլինի պարզել միայն հանդիպակաց ստուգմամբ:

«Միջազգային փորձագետների վճարման համար նախատեսված գումարի չափը նաև նախարարությանն է մտահոգել, բայց դրամաշնորհ տրամադրող IFAD կազմակերպությունը պնդել է այդ չափը, այլապես չէր ֆինանսավորի»,- փորձագետների աստղաբաշխական աշխատավարձն արդարացրեց Ս.Գալստյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ «Հայկական միրգը» լավագույն օրինակը կդառնա ինտենսիվ այգեգործության համար:

Կարդացեք նաև

Ի.Զաքարյանի հարցը՝ ՎՊ զեկույցի ո՞ր կետի հետ համաձայն չեն ծրագրի իրականացնողները, խիստ անհարմար դրության մեջ դրեց «Հայկական միրգ» ընկերության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Հովհաննիսյանին, ով չէր կարողանում պատասխան գտնել:

Ս. Գալստյանը փորձեց փրկել Հովհաննիսյանին. «Գործադիր տնօրենը կպատասխանի՝ իր ղեկավարած ժամանակաշրջանի համար»,- ասաց նա:

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկում է եղել, մեկ շաբաթ հետո տնօրենն ազատվել է իր դիմումի համաձայն: Դա ինձ չի հետաքրքրում,- առարկեց Ի.Զաքարյանը,- նախկին տնօրեն Ալվինա Ավագյանը հայտարարել է, թե Իշխան Զաքարյանը միայն շոու է անում, Դուք «Արմնյուզի» ուղիղ եթերում ասում եք՝ սև PR են անում, խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող փաստեր են ասում, գյուղացու հավատը սուտ-մուտ բաներով ուզում են կոտրել: Ո՞նց եք սա մեկնաբանում: Դուք կարծում եք, որ ՎՊ-ն ինչ-որ բացահայտումներ անում է, մարդկանց հավատը կոտրո՞ւմ է»:

Հ.Հովհաննիսյանը շտապեց կարևորել ՎՊ դերը ու հայտարարեց, թե լրատվության որոշ ներկայացուցիչներ տարբեր կերպ են մեկնաբանում. «Եթե ասվում է Զիմբաբվե, անպայման ի նկատի են ունենում սևամորթ»:

Ի.Զաքարյանը վերընթերցեց ՎՊ զեկույցի հատվածն ու հայտարարեց. «Թե ԶԼՄ-ներն ինչ են ասում, ով է ասոցացնում սևամորթի, հետ, զտարյուն անգլիացու հետ, Դուք պետք է հենվեք միայն ՎՊ հաշվետվության վրա»: ՎՊ նախագահի հարցադրումներն ըստ էության պատասխաններ չստացան:

«Ի՞նչն է սխալ գրել ՎՊ, որ դուք այսօր ասում եք, հայտարարում եք, թե դրամաշնորհ է, ինչ կապ ունի պետական բյուջեի հետ»,- վրդովված տոնով շարունակեց Ի.Զաքարյանը և ներկայացրեց 2012թ. պետական բյուջեից հանված տողը, որով 2 տարում 18մլն և 14 մլն դրամ համաֆինանսավորում է եղել, հավելած նաև դրամաշնորհային գումրները՝ ընդհանուր 130.8 մլն դոլար, և ամողջը «Հայկական մրգին» է փոխանցվել:

Զաքարյանը մեջբերեց «Բյուջետային համակարգի մասին» օրենքից, ըստ որի՝ դրամաշնորհը նույնպես բյուջեից միջոց է համարվում. «Եթե որևէ պաշտոնյա չի տարբերում, որ դրամաշնորհը պետբյուջեի մաս է և վեր է կենում, մամուլով հայտարարում, թե՝ ինչ կապ ունի պետբյուջեի հետ, ես ի՞նչ ասեմ»: Նա նշեց, որ նախկին վարչապետը ասել էր, թե ծրագիրը վենչուրային է, այսինքն՝ ռիսակային, և ասաց, որ գոնե այս պատճառաբանությունը կարելի էր բերել որպես արդարացում:

Հ.Հովհաննիսյանը վստահեցրեց, թե չի ցանկացել վիրավերել ՎՊ նախագահին և հավելեց. «Ու էդ ընկերությունն էլ Զիմբաբվեում չի գրանցված եղել, ավստրալիական է, ուղղակի…»:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը կոչ արեց չշարունակել, այլապես Հովհաննիսյանն իրեն ավելի վատ դրության մեջ է դնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս