Բաժիններ՝

Ո՞վ է պատասխան տալու խայտառակ գազաֆիկացման համար. ՎՊ-ն բացահայտել է ԳՆ ԾԻԳ-ի խախտումները

Անցած տարի Վերահսկիչ պալատը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտել է կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադառնում ոլորտի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ՎՊ 2-րդ վարչութան պետ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրեց, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի համար նախատեսվել է 31 մլն ԱՄՆ դոլար: Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ ԲԸ (Ֆրանսիա)-Բլեսկ ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի և «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ և 803.4 մլն դրամ արժեքով:

Գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Պարզվել է, որ Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են և չեն շահագործվել:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Ընդհանուր առմամբ՝ այդ քայքայված և չշահագործվող մայր գազատարների շինարարության ծախսը կազմել է շուրջ 147.6 մլն դրամ:

Նախկինում կառուցված անորակ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով 2012 թվականին կնքված պայմանագրերում քայքայված և անպիտան խողովակների վերականգնման, փչամաքրման և փորձարկման աշխատանքների համար նախատեսվել է շուրջ 22.2 մլն դրամ գումար: Սյունիքի մարզի Խնածախ համայնքում պայմանագրով խողովակների փչամաքրման համար նախատեսվել է ծախսել 21.2 մլն դրամ` 23704 գծամետրի համար:

Կարդացեք նաև

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խողովակների երկարությունը (ներառյալ` նախկինում կառուցված գազատարը) իրականում ավելի քիչ է 4300 գծամետրով: Ավելին՝ նախատեսված 4.7 մլն դրամը ենթակա է պայմանագրի գումարից նվազեցման: Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախահաշվում մետաղական խողովակների փչամաքրման և փորձարկման միավորների սխալ կիրառման արդյունքում նախահաշվային արժեքն ավելի է հաշվարկվել 13.8 մլն դրամով:

Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները, Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ գազատարների մասով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, հարուցվել է քրեական գործ:

«ՎՊ-ն բոլոր այս չորս ծրագրերը ռիսկային է համարել և հաջորդ տարիներին դրանք լինելու են ՎՊ ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Ի.Զաքարյանը:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ նախարարից հետաքրքրվել է և պարզել է, որ գազատարները մինչ օրս կառավարության բալանսում են. «50 մլն եք ծախսել, ի՞նչ եք արել, ի՞նչ վիճակում են գազատարները, կարո՞ղ է նվեր եք տվել «ՀայՌուսգազարդին»:

«Ես ուզում եմ, որ այս ծրագրի ղեկավարները հիմա ասեն՝ բոլոր բերված տվյալները ճի՞շտ են, թե՞ ոչ»,- հարցրեց ՎՊ նախագահը, բայց պատասխան չլսեց՝ դահլիճում լռություն էր:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախարարը նիստին չի մասնակցում, հանդիպման է, որի մասին նախապես տեղեկացրել է:

ԳՆ ԾԻԳ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը ոտքի կանգնելով հայտարարեց, թե ընդամենը 2 ամիս է աշխատում, տեղյակ է, որ գործը դատախազությունում ընթացքի մեջ է. «Իմ կարծիքով՝ գյուղերը պետք է գազաֆիկացվեին, ընդամենը աշխատանքները ուշանում են: Հայտարարվել է մրցույթ, որ միջին գազատարը փոխվի: Գազատարներն անցնում են համայնքի հաշվին, հետո անհատույց հանձնում են «ՀայՌուսգազարդին»: Արդեն ներկայացրել ենք այն համայնքների ցանկը, որ ցանկություն են հայտնել միանալու գազատար համակարգին»:

Պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին՝ ինչի՞ համար է անհատույց տրվում «ՀայՌուսգազարդին», Ա.Վարդանյանը պատասխանեց, որ գոյություն ունի կառավարության որոշում. «Բայց ՀայՌուսգազարդի հետ այդքան էլ հեշտ չի: Մարզերում գազաֆիկացումն արվում է, բայց շահառուները քիչ են և գյուղական հայանքներում նախընտրում են փայտ վառել: «Գազպրոմի» այս առարկումը անհերքելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս