Ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը. Նախարարը թույլ չտվեց տնօրենին խոսել
«Նաիրիտ» գործարանն այսօր կարող է աշխատել երկու եղանակով էլ՝ և՛ բութադիենային, և՛ ացետիլենային եղանակով, համապատասխան ներդրումների դեպքում: Նման հայտարարություն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ արեց գործարանի նոր ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ համապատասխան կազմակերպությունները կքննարկեն և կներկայացնեն ներդրողներ գտնելու և աշխատանքը կազմակերպելու առաջարկներ:
Նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման ժամանակ «ռեալ ներդրումային առաջարկություններ չեն ստացել»: Ըստ նրա՝ նախկինում «Իտեռա», «Ռոսնեֆտ» և այլ ընկերություններ հետաքրրքվել են, բայց վերջին ամիսներին ինչ ներկայացվել է, եղել են տեխնիկական և տեխնոլոգիական հիմնավորումներ, բայց ներդրումային առաջակներ չկան:
Քննարկման ժամանակ հնչող տարբեր ելույթների շարքում կրքերը թեժացրեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցադրումը՝ ուղղված Ռուբեն Սաղաթելյանին.
«Ո՞վ է կնքել Ձեզ հետ աշխատանքային պայմանագիրը: Ինչո՞ւ իրենք այստեղ նստած չեն»: Նա նշեց, որ գուցե բուն սեփականատերը կասի՝ «ես չեմ ուզում հարցը քննարկեք, բերում եմ` պարտքերը փակեմ» և այլն, և այս քննարկումով օրենք է խախտվում:
Ու թեև հարցն ուղված էր Սաղաթելյանին, պատասխանեց նախարար Ե.Զախարյանը: Նա հայտարարեց, որ ոչ մի օրենք չի խախտվել և տնօրենի նշանակմամբ ղեկավարվել են ՀՀ օրենքներով ու «Նաիրիտի» կանոնադրութամբ: Զախարյանի խոսքով՝ գործող տնօրենն իր լիազորությունները վայր է դրել և կանոնադրության համաձայն պարտավորություններն անցել են Սաղաթելյանին, ով տնօրենի պաշտոնակատար է.
«Ոտնձգություն չենք անում, մենք բոլոր աշխատակիցների իրավունքների պաշտպան մարմինն ենք, ընդամենը ձևավորում ենք առաջարկություններ՝ հետագա իրավիճակի բարելավման համար»:
Նախարարը նաև հավելեց, որ եթե օրենքը պահանջի, առաջարկությունները կներկայացնեն սեփականատիրոջը: Նա նշեց, որ «Նաիրիտի» տնօրենների խորհրդի անդամներից մեկը էներգետիկայի նախարարի տեղակալն է և կառավարությունը մոտ 10%-ի բաժնետերն է:
«Այդ 10%-ը բավարա՞ր է, որ որոշում կայացվի»,- հարցրեց Թ.Պողոսյանը:
Նախարարը պատասխանեց, որ այս հանդիպման ընթացքում ձևավորելու են առաջարկություններ, ուղարկելու են կառավարությանն և ընկերության խորհրդին:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հարկավոր է օրենք ընդունել «Նաիրիտի» մասին: Նա նշեց, որ բազմաթիվ ներդրողներ հետաքրքրված են, բայց բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում, կամ ապատեղեկատվություն է հնչում և, եթե հարցերին պատասխան տրվի, լուծում կգտնվի: