Չեմ կարծում, որ Քոչարյանն այստեղ քաղաքական ապագա ունի
Հարցազրույց տնտեսագետ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանի հետ
– Կառավարության փոփոխության ժամանակ կարևորել էիք թիմի ձևավորումը: Ըստ Ձեզ՝ Հովիկ Աբրահամյանին հաջողվե՞լ է այդ խնդիրը լուծել, և ինչպե՞ս եք գնահատում այս ամիսներին գործադիրի աշխատանքը:
– Թիմ ասվածը մի քիչ ավելի լայն, ընդգրկուն հասկացողություն է: Նկատի ունեմ քաղաքական թիմ՝ միասնական գաղափարախոսությամբ, որոշակի քաղաքական նպատակներով, որում յուրաքանչյուրը տեսնում է իր խնդիրները և լուծում դրանք: Այս իմաստով թիմի մասին խոսելը լուրջ չէ:
– Այսինքն՝ գլոբալ առումով թիմը չի՞ փոխվել:
– Ոչ, չի փոխվել: Մարդիկ են փոխվել, բայց թիմայնություն չկա: Վերցրեք կառավարության յուրաքանչյուր անդամի անցած ուղին, թե, օրինակ, ներկայիս կառավարության անդամներն իրենց կենսագրության ընթացքում քանի կուսակցություն են փոխել, ինչ ճանապարհներով են դարձել հանրապետական: Արդյո՞ք նրանք միայն հանուն «աստղային» պահի չեն դարձել ՀՀԿ անդամ: Դե, հայտնի է, որ այս կառավարության մեջ կարմիրն էլ կա, սևն էլ, կան ակնհայտորեն անսկզբունք հարմարվողներ ու պատեհապաշտներ, կան անազնիվ, եթե ոչ` գողեր, կան հավանաբար նաև ազնիվ մարդիկ: Թերևս Սերժ Սարգսյանին պետք է շնորհավորել, որովհետև իր նպատակին հասել է, ինչպես ասում են` dream team-ն է ստեղծել:
– Գործադիրի աշխատանքը կգնահատե՞ք:
– Շոշափելի ոչ մի արդյունք չկա: Եթե անկեղծ և օբյեկտիվ լինենք, մի քիչ էլ բախտները չի բերել, քանի որ այս կառավարությունը վատ ժամանակ է ձևավորվել, արտաքին ազդակները միայն բացասական են՝ ՌԴ-ի հետ կապված այս իրադարձությունները լավ բան չեն խոստանում: Եվ այս պայմաններում մի խնդիր էլ չեն դրել, ընթացիկ խնդիրներ են՝ ավելի շատ հարկ հավաքել, և այլն: Ի դեպ, այս կարգի համակարգերը, «թիմ» չասենք, կարճատև խնդիրներ ի վիճակի են լինում լուծել: Ես կասկած չունեմ, որ 2014 թ. բյուջեն կկատարվի, բայց նաև համոզված եմ, որ տնտեսական աճի դրված խնդիրը, և դա ակնհայտ է, չի կատարվի: Այս կարգի համախմբերը երկարատև խնդիր չեն լուծում, և երկարատև հեռանկարում մենք ավելի լուրջ կորուստներ ենք ունենալու: Այսօր ես կարող եմ պնդել, որ գալիք տարիների ընթացքում չենք կարող խոսել առնվազն 6-7% տնտեսական աճի մասին:
Իսկ ՀՀ-ի պարագայում, հայտնի է, որ տնտեսության վերականգնման գործընթացը դեռևս չի ավարտվել: 6-7%-ից ավելի տնտեսական աճի պարագայում է, որ կարելի է խոսել տնտեսական առաջընթացի մասին և ակնկալել, որ սոցիալական ոլորտի (բնակչության կենսամակարդակ, արտագաղթ, ծնելիության անկում) վրա ազդեցությունը կզգացվի, և արդյունք կլինի: Համոզված եմ, որ լայն իմաստով իշխանությունը գրաված այս քաղաքական թիմում մարդկանց համախմբման հիմնական շարժառիթը պատեհապաշտությունն է, հարմարվելը` հանուն նեղ անձնային շահի: Այս մարդկանց զգալի մասը կուսակցական են դարձել պաշտոնյա դառնալու պարագայում, տեղյակ չեն հարազատ կուսակցության ոչ գաղափարներին, ոչ ծրագրին:
Ցավալի է, եթե ոչ` ողբերգական: Թերևս, մի ակնհայտ ընդհանրություն առկա է՝ այս կառավարության անդամների զգալի մասն իր կենսագրության հիմնական մասի ընթացքում պաշտոնավարել է և հարստություն կուտակել պաշտոնավարման ժամանակահատվածում: Իսկ սա շատ մեծ ռիսկեր է պարունակում:
– Դա ռի՞սկ է, թե՞ ինչ-որ տեղ դրական գործոն է, որ, այսպես ասած, աչքները կուշտ է:
– Իհա՛րկե ռիսկ է: Աչքը երբեք չի կշտանում: Իսկ մեր իրողությունը զավեշտի թատրոնի է նմանվում: Տեսեք, սա կարծես նոր երևույթ է՝ պաշտոնատար անձինք հսկայական միջոցներ են հայտարարագրում, հավանաբար՝ նման պահանջ է դրված: Սակայն ոչ մեկը չի հարցնում, թե քանի՞ կոպեկ հարկ են վճարել նրանք: Պաշտոնեության և բիզնեսի համատեղումը կյանքի նորմ է դարձել, անգամ խրախուսվում է իշխանության կողմից, և այս պայմաններում «կուշտ աչքի» մասին խոսելն անիմաստ է: Ի՛նչ է, այդ մարդիկ ի վնաս իրենց բիզնեսի՞ պետք է գործեն, թե՞ ընդդիմանան գործող համակարգին:
– Վարչապետի առաջին քայլերից մեկը եղավ այն, որ խոշոր գործարարներին ժողովեց, հորդորեց դուրս գալ ստվերից՝ սպառնալով խիստ մոտեցում ցուցաբերել, և խոստացավ սկսել հենց իրենից: Ի՞նչ փոփոխություն կարող եք արձանագրել:
– Շոշափելի արդյունք չկա, միայն ինչ-ինչ ցուցանիշների, մասնավորապես՝ առևտրի և ծառայությունների ոլորտի աճ: Սակայն հարկ է արձանագրել, որ ՀՀ ներկայիս իրավիճակում ստվերն ու հարկերի թերհավաքումն առաջնային խնդիրը չեն: Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Օրեցօր ավելի բարդացող արտաքին գործոններին գումարվում են ներքին խնդիրները՝ ծավալուն արտագաղթը, համատարած հիասթափությունը: Վերջերս մամուլում հրապարակվել էին հարցման արդյունքներ, որ մեր երկրի երիտասարդների 80 տոկոսից ավելին իրենց ապագան դրսում են տեսնում: Իսկ սրա առաջնային պատճառը հաստատ հարկ վճարել-չվճարելը չէ: Երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, և առաջնայինը քաղաքական կոռուպցիան է:
Ընտրակեղծիքներով և 5000 դրամով ձևավորված քաղաքական համակարգերը շատ լուրջ սպառնալիք են հասարակության ու պետության կայուն զարգացման համար: Իսկ այս ամենը շատ ավելի է խոչընդոտում որևէ զարգացման, քան հարկերից խուսափելը կամ ստվերային տնտեսությունը:
– Սերժ Սարգսյանն ասում է՝ պետք է շատ խոսենք մեր խնդիրներից…
– Այդ տեղը որտե՞ղ է, որ պետք է խոսեն: Խորհրդարանն՝ ի դեմս իշխող ուժի, նախօրեին մերժեց երկրի առավել ցավոտ խնդիրներից մեկի՝ արտագաղթի վերաբերյալ քննարկումն ու ընդհանրապես ի վիճակի չէ որևէ հարց դնել՝ գործարարներն ու երգիչ-երգչուհիները միայն քաղաքական հատվածի պատվերն են կատարում, իսկ քաղաքականները (եթե այդպիսիք իշխողների շարքերում մնացել են) սպասում են «վերևի» հրահանգներին: Կամ, օրինակ, կառավարությունում որևէ նոր խնդիր դրվե՞լ է: Ասենք՝ ստվերի դեմ պայքար, բայց ստվերի դեմ (հիմնականում վատ) պայքարել են բոլոր ժամանակներում բոլոր կառավարությունները:
– ՀՆԱ աճի փոխարեն` առաջնային հայտարարվեց քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:
– Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է սա նշանակում, ի՞նչ է՝ տնտեսություն զարգացնելու խնդիր չունե՞նք, թե՞ իշխանությունները հերթական անգամ գյուտ են արել, ըստ որի՝ կարող ենք ոչ բան չանել և լավ ապրե՞լ: Եթե դրվում է կենսամակարդակի բարձրացման խնդիր՝ սա, իհարկե, լավ է, բայց ինչպե՞ս: Գիտեք, լավ նպատակներ հռչակել են բոլորը, բայց գործնական ի՞նչ է արվել: Ես ՀՀ քաղաքացի եմ, ի՞նչ երաշխիք կարող եմ ունենալ, որ առաջիկա տարիների ընթացքում սոցիալական այս խայտառակ իրավիճակը որևէ կերպ շտկվելու է: Ի՞նչ երաշխիքներ ունենամ, որ արտագաղթը կանգնելու է, որի չափերն այժմ սարսափելի են՝ Հայաստանից տարեկան 50 000 մարդ է դուրս գալիս: 90-ականներին մարդիկ փախնում էին երկրից, բայց պատերազմ էր, վատ էր: Արդարացում չէ, բայց ինչ-որ չափով ընկալելի է: Իսկ այսօր, որ համեմատական կայունություն է, խոսում են աճի մասին, ինչո՞ւ է այսպես: Որևէ մեկը փորձե՞լ է այս հարցն օրակարգ մտցնել:
– ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը ՀՀԿ-ին հրավիրում են լսումներ անցկացնելու արտագաղթի թեմայով:
– Եվ մերժում են ստանում, այս թեման իշխանությունը քննարկման առարկա չի ուզում դարձնել: Մինչդեռ նորաստեղծ կառավարությունը հենց իր առաջին նիստում, առօրյա որոշումները մի կողմ թողած, որոնցից ոչինչ չի փոխվելու, պետք է քննարկման առարկա դարձներ: Գուցե խնդիրները շուտ չլուծվեն, բայց պետք է դրվեն: Ամենաշատն ինձ զայրացնում է իշխանավորների մոտ մտահոգվածության բացակայությունը: Տարբեր մակարդակների պաշտոնյաները «կոմսոմոլական» վառ ժպիտներով զեկուցում են, թե ինչ հաջողություններ ունեն: Այդպես ոչ մի խնդիր չի լուծվելու, առավել ևս այս բարդ շրջանում, իսկ հուսախաբությունն ավելի կխորացվի:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ակտիվություն է դրսևորում և վերջերս խիստ բացասական գնահատականների է արժանացրել վարվող տնտեսական քաղաքականությունը: Ձեր կարծիքով` Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի կառավարման շրջանում տնտեսական քաղաքականությունները համեմատության ի՞նչ եզրեր ունեն և ինչո՞վ են հակասում իրար:
– Էական տարբերություն չկա: Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է, որտեղ ինչ-որ տարրեր թուլացել են: Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար: Իհարկե, մի բան պետք է ընդունել՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներն արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից լավագույն շրջանն էր: Դրսից ֆինանսական հոսքը, ինչո՞ւ չէ, թե՛ նախկինում իրականացված բարեփոխումների, թե՛ արտաքին ու ներքին համեմատական կայունության, ու թե՛ նաև այդ ժամանակահատվածում ձևավորված կոռուպցիոն, սակայն արդյունավետ գործող համակարգը տվեցին որոշակի արդյունք:
– Բայց դա Քոչարյանի՞ շնորհքն էր:
– Իր ժամանակաշրջանում էր, իսկ քաղաքական ու կառավարման համակարգը՝ իր ստեղծած: Հիշում եք, անգամ մի պահ բանավեճ եղավ իշխող կուսակցության դերի վերաբերյալ, և Քոչարյանն ուղղակի հայտարարեց, որ ընտրությունների նախօրեին ինքն է այդ ցուցակը ձևավորել: Հիմա կարող ենք իրեն վերագրել, կարող ենք՝ չվերագրել:
Ունեցել ենք 10-11% աճ, բայց, կարող ենք միանշանակ ասել, որ եթե ավելի խելացի լինեինք, այդ աճը կարող էր շատ լինել, եթե այս-այս խնդիրները ճիշտ լուծվեին: Այո, արտաքին հոսքը կար, բայց դա մեր վաստակած փողը չէր, և մեր արժույթը չպետք է արժևորվեր, որի արդյունքում արտահանման հնարավորությունները փոքրացան և կտրուկ ավելացան ներկրման ծավալները: Այս ընթացքում ունեցանք տնտեսական աճ, սոցիալական վիճակի բարելավում տեղի ունեցավ, բայց նշեք տնտեսության մի ոլորտ, որը զարգացում ապրեց և երաշխավորեց տնտեսության վերարտադրողական ներուժը:
Մնաց տեսանելի տնտեսական աճի կարևոր տարրերից մեկը՝ Հյուսիսային պողոտան, որն ուղղակի կոռուպցիայի ձեռնարկ է, որի հեղինակը Ռ.Քոչարյանն է: Պետք է՝ մարդկանց տներից կշպրտեն դուրս, միայն թե ոչ մի խոչընդոտ՝ ներդրում իրականացնելու համար: Այս յուրաքանչյուր գործողության հետևում կանգնած են եղել կոնկրետ շահեր, և իշխանությունը սպասարկել է դրանք: Ու եթե դա ի վնաս հասարակության չարվեր, իրոք, ողջունելի կլիներ: Ս. Սարգսյանը, փոքր-ինչ խմբագրումներով, փորձեց շարունակել այդ քաղաքականությունը: Սակայն ներկայումս այդ ուղղաձիգ կապերը թուլացել են, և այս առումով հին համակարգը ոչ այնքան արդյունավետ է աշխատում:
Այժմ իրադրությունը փոխվել է, արտաքին միջավայրի կամ արտաքին կոնյունկտուրայի ազդեցությունը բացասական է: 2008 թ. ճգնաժամը բացահայտեց այն թերությունները, որ այդ համակարգն ուներ: Այդ պատճառով էր, որ 14-15% անկում ունեցանք: Իհարկե, ճգնաժամին հետևեցին այլ արտաքին բացասական իրադարձություններ, որոնցից ես համարում եմ կտրուկ շրջադարձը դեպի Մաքսային միություն, հատկապես այն իրողությունների ներքո, որ վերջին 1 տարվա ընթացքում դրսևորվեցին Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում:
– Պարբերաբար հանրությանն իր մասին հիշեցնելիս` Քոչարյանը լռում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին: Ինչո՞ւ, կարո՞ղ է հուսալ, թե իր մոռացկոտությունը վարակիչ կլինի:
– Չեմ կարծում: Հոկտեմբերի 27-ը գուցե ինչ-որ առումով պատմություն է դարձել, բայց Քոչարյանի կերպարը բնորոշում է Մարտի 1-ը, որը թարմ է հասարակության մոտ: Քոչարյանը մեկ այլ բացասական ժառանգություն է թողել՝ վերացնելով ՀՀ-ում «ընտրություն» բառը: 2005թ. Սահմանադրության հանրաքվեն, հիշում եք, միայն նախավարժանք էր ապագա քաղաքական համակարգը ձևավորելու առումով, և դա երբեք չի մոռացվի: Չի մոռացվի նաև այն, որ Քոչարյանը հսկայական գույքի տեր է: Չեմ կարծում, որ Քոչարյանն այստեղ քաղաքական ապագա ունի:
Բնական է, որ երբ մարդը խոսում է իր մասին, միշտ հիշեցնում է լավը և մոռանում վատը: Ցավոք, Քոչարյանի կենսագրության մեջ բացասականը շատ-շատ գերակշռում է: Ես իրեն հիշում եմ Ղարաբաղի առաջին տարիներից և, անկեղծորեն, շատ դրական էի վերաբերվում՝ պատասխանատու էր, սկզբունքներ ու ձգտումներ ուներ, բայց ապշեցնում է այստեղ գալուց հետո կերպարափոխումը:
– Դուք դեմ եք արտահայտվում Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը, որի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Այժմ որոշման կայացման ժամկետ է նշվում հոկտեմբերի 10-ը: Ի՞նչ գնահատական ու սպասումներ ունեք:
– Ակնհայտ է, որ դա հանդիսանում էր և այսօր էլ մնում է քաղաքական նախագիծ, իսկ տնտեսական բաղադրիչը բավականին փոքր է: Ակնհայտ է նաև` Հայաստանի` մեկ օրում դեպի ՄՄ շեղվելը քաղաքական ճնշումների արդյունք էր: Բայց այսօր մենք այլ լեզվով պետք է խոսենք, որովհետև ներկայիս ՌԴ-ն անցած տարվանը չէ, ՄՄ-ն էլ անցած տարվանը չէ՝ իր ձգտումներով, իր ներուժով: Այսօր այն անհամեմատ ավելի թույլ է, այսօր Ռուսաստանն աշխարհից մեկուսացած, ավելի ու ավելի ռազմատենչ է, թեև ուղղակի խեղդվում է պատժամիջոցների տակ: Ձևացնում են, թե լավ է, բայց վերջին ռեսուրսն են օգտագործում՝ ճեղքերը փակելու համար: Այս տարի սպասվող մեկ տոկոսից ավելի ցածր տնտեսական աճն արդեն կայացած փաստ կարելի է համարել: Սակայն նաև ակնհայտ է, որ գալիք տարիներին ավելի վատ է լինելու, առավել սպասվող զարգացումը ռեցեսիան է:
– Եվ դա անմիջականորեն ազդում է Հայաստանի վրա:
– Իհարկե: Պետք չէ մոռանալ, որ քաղաքական առումով ևս խնդիրները բնավ էլ չեն նվազել, վերջին շրջանում Ղազախստանի հետ կապված դրությունը սրվեց: ԵՏՄ-ն բազմաթիվ հարցականներ ունի` թե՛ տնտեսական, թե՛ կառուցվածքային, և թե՛ քաղաքական: Եվ այս պարագայում ՀՀ-ն շարունակում է գնալ դեպի այդ անորոշություն:
Մի կարևոր կետ կա. հայտնի է, որ եվրոպացիները դանդաղաշարժ են, բայց Վրաստանը ոչ միայն ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, այլ նաև սեպտեմբերի 1-ից այն արդեն գործում է: Մինչդեռ, Հայաստանը, որ եվրոասոցիացման գործընթացներում Վրաստանից, համակարգային առումով, բազմաթիվ խնդիրների առումով, իսկապես առաջ էր, միայն շարունակում է ձգտել ՄՄ/ԵՏՄ: Կորն ակնհայտորեն բացասական է, Մաքսային միության ճակատագիրն՝ անորոշ: Ն.Նազարբաևն անկախության վտանգը տեսավ ու հայտարարություն արեց, որ նման սպառնալիքների դեպքում դուրս կգա: ՄՄ-ն եղել է ու մնում է քաղաքական նախագիծ: Իսկ ՀՀ-ի անդամակցության հարցը մի քիչ ավելի արդիական էր Ուկրաինայի հետ կապված անցած տարվա զարգացումների պարագայում, որն այսօր արդիականությունը կորցրել է, և ՀՀ անդամության հարցն անընդհատ ձգձգվում է, և, թե ինչ է լինելու, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում:
– Ըստ Ձեզ` հոկտեմբերի 10-ին որոշումը կընդունվի՞:
– Եթե անգամ որոշեն, հարկ է ընդգծել, որ ՀՀ-ն համակարգային առումով որևէ կերպ պատրաստ չէ ՄՄ-ին անդամակցել: Մեր երկրի տնտեսական համակարգը, լավ կամ վատ, բայց որոշակի համակարգ է. համամասնություն, տնտեսական քաղաքականության որոշակի ծրագրեր, դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականություններ, օրենսդրություն` հարկային, մաքսային, բանկային և այլն: Այդ և բազմաթիվ այլ առումներով մենք շատ ենք տարբերվում ՄՄ անդամ երկրներից: Ակնհայտ է, որ ՄՄ անդամ բոլոր երկրների տնտեսություններում շատ մեծ է պետության դերը, պետությունն ինքը խոշորագույն տնտեսվարող է: Պարզ մի օրինակ՝ անցած տարվա համեմատ` ՌԴ ռուբլին եվրոյի, դոլարի նկատմամբ մեծ անկում ապրեց՝ մոտ 15%, որին Ղազախստանը ուղղակի արձագանքեց և կամային կարգադրությամբ թենգեն կտրուկ արժեզրկեց` 25-30%: Այսինքն, իրենց համակարգը նման որոշումներ կայացնելու հնարավորություն տալիս է: Իսկ ՀՀ-ն այսօր չունի այդ մեխանիզմները:
Նույնը հարկային, տնտեսական քաղաքականության բնագավառում է: Բոլոր երկրներում շատ մեծ է պետության մասնակցությունը տնտեսության մեջ: ՀՀ-ում` չնչին: Էլ ինչպե՞ս պետք է մրցակցենք նրանց տնտեսվարողների հետ, որոնք թիկունքում ունեն հզոր, հումքային հսկայական ներուժ ունեցող պետություններ: Այսօր ի՞նչ է կատարվում ՌԴ ֆինանսական համակարգում՝ հանուն համակարգի կայունության և զարգացման պետության պահուստային միջոցներից ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Մենք երբևիցե նման վճիռ չենք կայացրել և ի վիճակի չենք կայացնելու: Այս առումով այդ միության պայմաններում մենք այն, ինչ չունենք, չենք էլ ունենա, իսկ ինչ ունենք՝ ֆինանսական համակարգ, որ քիչ թե շատ արդյունավետ զարգացել է այս տարիների ընթացքում, մրցակցությանը դժվար դիմանա: Այս ռիսկերի մասին ոչ մեկը չի խոսում:
Մի կարևոր հարց էլ կա՝ նկատեցիք, որ Ղրղըզստանը սկսեց բանակցել ՄՄ-ի հետ և հենց սկզբից, գնահատելով սպասվող կորուստները, պահանջներ է դնում, մասնավորապես` Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների վերանայման հետևանքներով պայմանավորված: Եվ գումարային մեծ պահանջներ են դնում՝ 500 մլն, 1 մլրդ դոլար: ՀՀ-ում երբևիցե լսե՞լ եք, որ նման խնդիր դրվի: ՀՀ-ում բոլորը միամտաբար կամ, կներեք, ապուշի միամտությամբ կարծում են՝ կանցնի, մի բան կլինի: Ո՞նց թե: Կոնկրետ համակարգային փոփոխությունների ենք գնում, տույժերի և տուգանքների տակ ենք ընկնելու` նույն ԱՀԿ անդամության, առևտրային ռեժիմների փոփոխման հետ կապված: Ո՞վ է վճարելու, ինչպե՞ս է վճարելու, ի՞նչ գին է վճարելու:
Հայ արտադրողի համար անցած երկու տասնամյակների ընթացքում, լավ թե վատ, բայց կայուն համակարգեր, առևտրային հարաբերություններ են ձևավորվել, սրանց քայքայման համար ո՞վ է վճարելու: Խնդիրներ են, որ պետք է դրվեն բաց քննարկման, բայց ես չեմ լսել, որ որևէ տեղ դրանք քննարկման առարկա դառնան:
Իսկ սրա արդյունքն այնքան էլ լավ չի լինելու: Ես մնում եմ եվրաինտեգրման հետևողական կողմնակից, նաև քաղաքական պատճառներով` ՌԴ-ն կա և մնում է կայսրություն, որը քայքայվելու է և չի կարող մեր անվտանգության երաշխավոր լինել: Մենք պետք է ձգտենք ԵՄ: Պետք է կողմնորոշվենք ու մեր կյանքում, ուղեղներում այդ հեղափոխությունն անենք` ուղղակի գնահատելով անցյալը և ապագայի նկատմամբ պահանջներ դնելով:
– Անվտանգության հետ կապված՝ որքան էլ ՀՀ իշխանավորները փրոձում են իրենցից հեռու վանել և ժխտում են, որ Մաքսային միության կազմում Արցախի հետ սահմանին մաքսակետ է լինելու, այնուամենայնիվ, ՄՄ-ն դա է պահանջում:
– Իհարկե, դա ակնհայտ է: Միամտություն կլինի այլ բանի մասին խոսել: Հիշում եք՝ ինչ փաստարկներ էին բերում ՀՀԿ կարկառուն անդամներն անցյալ տարի այս ժամանակ: Կուրծք էին պատռում, ասում էին՝ ԵՄ-ին անդամակցելը կնշանակի` դիրքերը զիջել Ղարաբաղի հարցում, դե, թող հիմա խոսեն: Բայց նրանք արժանապատվություն չունեն, որ կանգնեն-ասեն՝ ներողություն, հասարակությո՛ւն, Ձեզ մոլորության մեջ ենք դրել: Թքած ունեն հասարակության վրա: Ցավալի է, բայց իրողություն:
– Ի՞նչ է լինելու մաքսակետ դնելու դեպքում:
– Դրվելու է, անպայման դրվելու է: Իշխանության հույսը խնդիրը «հայավարի» լուծելն է, «ես` քեզ, դու` ինձ» սկզբունքով: Սա են փորձելու անել: Բայց դա մինչև որոշակի ժամանակ կարող է ձգվել, դա չի կարող հավերժ լինել: Ու մի օր քաղաքական ինչ-ինչ զարգացումների ներքո այդ տնտեսական սահմանն իրական է դառնալու, քաղաքական բովանդակություն է ստանալու, որը հղի է վտանգներով: Ղարաբաղի տնտեսությունը շատ թույլ է, անպաշտպան, այն ինքնաբավ չի կարող լինել: Ամեն դեպքում շարունակում եմ ենթադրել, որ ՄՄ-ԵՏՄ-ն չի կայանալու: