Մտնելով ԵՏՄ՝ ՀՀ-ն բանակցությունների է գնալու ԱՀԿ անդամների հետ
Մաքսային սակագների մասով ստանձնած պարտավորությունների փոփոխման վերաբերյալ բանակցությունների հայտն Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հայաստանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ մտնելով ԵՏՄ, ՀՀ-ն փոխելու է իր մաքսային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով ընդհանուր քաղաքական գծին: Այս պարագայում, Մինասյանի խոսքով, ՀՀ-ն գնալու է բանակցությունների ԱՀԿ անդամների հետ:
«Այնտեղ մեծ երկրների համար, մեծ սպառման շուկա ունեցող երկրների համար իսկապես բավականին պրոբլեմային խնդիր է, որովհետև այդ բանակցությունների ժամանակ, եթե երկիրը կարողանում է դատարանում ապացուցել, որ այդ շուկայում, օրինակ՝ ռուսական շուկայում, ճապոնական որևէ ընկերություն իր ապրանքներն իրացնելու համար մեծ ներդրումներ է կատարել, և այժմ, մաքսատուրքի փոփոխության հետևանքով՝ իր ապրանքը դառնում է ոչ մրցունակ այդ շուկայում, այս պարագայում իսկապես փոխհատուցման հարց է առաջանում:
Մեր պարագայում որևէ երկիր ՀՀ շուկայով պայմանավորված ներկրումներով որևէ արտադրություն չի հիմնել: Եվ այդ քննարկումները, որքանով տեղեկացված եմ, պետք է անցնեն բավականին սահուն: Ովքեր խնդիրներ ունեն, պատրաստ ենք նրանց հետ քննարկել, պարզաբանումներ տալ և համապատասխան գործընթացներ սկսել: Նույնիսկ կարող է այդ տեսական գործընթացը մեզ համար աննկատ անցնել»,- ասաց Գ.Մինասյանը:
Նշենք, որ 2003-ից ԱՀԿ անդամ Հայաստանը կիրառում է 0-10% մաքսադրույք, իսկ ԵՏՄ-ում 60%-ից ավելի ապրանքների մաքսատուրքերը շատ ավելի բարձր են: Ներմուծման մաքսային դրույքաչափերի մասով ԱՀԿ-ում Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափն ամրագրել է առավելագույն 15 %-ի չափով, այսինքն՝ մաքսատուրքի դրույքաչափերը կարող են բարձրացնել միայն մինչև 15 %։ Դրանից ավելի բարձրացնելու համար, ըստ ԱՀԿ-ի կանոնների, նախ՝ Հայաստանը պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և երկրորդ՝ ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց Հայաստանը պարտավոր կլինի փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա կլինի առևտրա-տնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից։