Ռուբեն Բալոյան. Տուժող կողմը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը վթարի պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Նաիրիի բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին: Փաստաբանը միջնորդեց նաև Նաիրիի բժշկական կենտրոնից պահանջել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության հիվանդանոցում առկա օրինակը:
Ռուբեն Բալոյանն ասաց. «Սույն դատաքննությամբ ապացույցների հետազոտման ժամանակ պարզ դարձավ, որ գոյություն ունեն Վ. Պետրոսյանի սթափության վիճակի զննության թիվ 113 արձանագրության առնվազն 2 օրինակներ, որոնք էապես տարբերվում են միմյանցից: Այս կապակցությամբ նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Վ. Պետրոսյանի սթափության վիճակը ստուգող բժիշկ Համազասպ Գևորգյանը, որը դատարանում միանշանակ նշեց, որ սթափության վիճակի զննության արձանագրությունը լրացվել է ավագ բուժքրոջ կողմից, արձանագրությունը լրացվել է կապրիովկայով: Թե՛ իմ և թե՛ պաշտպանի նույնաբովանդակ հարցին բժիշկ Հ. Գևորգյանը պատասխանեց, որ արձանագրությունը ստորագրվել է կիապրիովկայով:
Այսինքն այն ստորագրությունները, որոնք առկա են արձանագրության առաջին օրինակի վրա, նույնը պետք է առկա լինեն նաև Նաիրիի ԲԿ-ում գտնվող արձանագրության օրինակի վրա: Ի տարբերություն բժշկի պնդումների՝ պաշտպանը վկայի հարցաքննությունից հետո հայտարարությամբ հայտնեց, որ փաստաթղթի 2 օրինակներում էլ ստորագրությունները բնօրինակ են»:
Ռ. Բալոյանն ասաց, որ 25.04.2014թ. տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, երբ տուժող կողմը կասկածներ հայտնեց Վ. Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության մեջ առկա ուղղումների վերաբերյալ, նրա պաշտպանը դատարանին ներկայացրեց Վ. Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության 2-րդ օրինակը՝ նշելով. «Վերանյանի պատասխանին կից ներկայացվել է խմածության վիճակի արձանագրությունը: Հարգելի դատարան, նույն փաստաթուղթն է ներկայացվել, ուղղակի թղթի որակից ելնելով՝ չի երևում, եթե անհրաժեշտություն կա, այս փաստաթուղթը կարող եմ ներկայացնել: Նույն փաստաթուղթն է»,- մեջբերելով Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերը՝ ասաց Ռուբեն Բալոյանը:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ իրականում պաշտպանի կողմից ներկայացված սթափության վիճակի զննության թիվ 113 արձանագրությունը ոչ միայն բովանդակային առումով է տարբերվում քրեական գործում առկա նույն զննության արձանագրությունից, այլև տարբեր են նաև արձանգրությոններում առկա ստորագրությունները, կետադրական նշանները և այլն: «Տուժող կողմի հարցին, թե ինչ եղանակով է ստացվել պաշտպանի մոռառկա սթափութան վիճակի զննության արձանագրությունը, բժկը տվեց տարաբնույթ պատասխաններ: Այսպես, ի սկզբանե նշեց, որ պաշտպանին տրամադրված օրինակը նորից է լրացվել բուժքրոջ կողմից, գործում առկա 2 արձանագրությունները (քննիչին և պաշտպանին տրամադրված օրինակները) լրիվ տարբեր փաստաթղթեր են և բնական է, որ դրանց գրառումները պետք է տարբերվեն միմյանցից: Պարզելով, որ արձանագրության առաջին օրինակում առկա ուղղումները առկա են նաև պաշտպանին տրամադրված և դատարան ներկայացված օրինակում՝ վկան հրաժարվեց այն մտքից, թե պաշտպանին տրամադրված արձանագրությունը ինչ եղանակով է ստացվել:
Միգուցե այս հակասությունները կպարզաբանի արձանագրությունը կազմող ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանը: Պարզելու համար, թե Նաիրիի ԲԿ-ում առկա Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության օրինակը որքանո՞վ է տարբերվում քրեական գործում առկա օրինակից, հարցում կատարեցի Նաիրի ԲԿ-ի տնօրեն Նազարյանին (Վերանյանն աշխատանքից ազատել է՝ իր դիմումի համաձայն) հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ հնարավորություն տալ ծանոթանալ Նաիրիի ԲԿ-ում առկա, 20.10.2013թ. կազմված Վարդան Եղիշի Պետրոսյանի սթափության վիճակի զննության թիվ 113 արձանագրության 2-րդ օրինակի հետ և տրամադրել այդ արձանագրության պատճեն»»:
Ռուբեն Բալոյանի խոսքով՝ ի պատասխան իր հարցմանը՝ Նաիրիի ԲԿ-ի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանը բանավոր հայտնել է իրեն, որ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության 2-րդ օրինակը հիվանդանոցում չի պահպանվել, ուստի այն չեն կարող տրամադրել ծանոթացման համար.
«Այսինքն՝ այս ճանապարհով ևս տուժող կողմը հնարավորություն չունեցավ պարզել, թե ինչ եղանակով է ստացվել պաշտպանի կողմից ներկայացված արձանագրությունը և ինչով են բացատրվում 2 արձանագրությունները: Անհասկանալի է նաև, թե ինչու և ում հանցավոր միջամտությամբ չի պահպանվել Վ. Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության 2-րդ օրինակը Նաիրիի ԲԿ-ում, եթե պաշտպանի հարցմանը պատասխանելիս տրամադրվել է դրա պատճեն:
Հարգելի դատարան, տուժող կողմը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը վթարի պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Բժիշկ Համազասպ Գևորգյանի հարցաքննությունից հետո տուժող կողմի կասկածները է՛լ ավելի խորացան, որ Եղվարդի հիվանդանոցում կատարվել է պաշտոնական կեղծիք:
Հիմք ընդունելով Հ. Գևորգյանի կողմից դատարանում տված հակասական, իրարամերժ ցուցմունքները, պաշտպանական կողմի անհարկի միջամտությունները, իր առարկություններով հուշումները, իմ կողմից Եղվարդի հիվանդանոցում կատարված գործողությունները և Եղվարդի ԲԿ-ի կողմից ինձ ծանոթացման համար արձանագրության 2-րդ օրիակը չտրամադրելը, ավագ բուժքրոջ հայտարարությունները՝ տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ Նաիրիի ԲԿ-ի կողմից պաշտպանին տրամադրված արձանագրությունը իրականում Վ. Պետրոսյանին սթափության վիճակի զննության արձանագրության մայր, առաջին օրինակն է և այդ փաստաթղթերում տեղի է ունեցել քիմիական, գունավոր պատճենահանման կամ այլ միջամտություն:
Գտնում ենք, որ դատարանը պետք է տուժող կողմին հնարավորություն տա՝ սպառելու օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ իր վկայակոչած փաստերը հիմնավորելու համար: Մանավանդ որ տուժող կողմի վկայակոչած փաստը ուղղակի պատճառական կապի մեջ է ԲՄՎ-ի վարորդի կողմից ՃԵԿ-ի խախտում թույլ տալու և վթարի առաջացման հետ»:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ եթե հիվանդանոցի ավագ բուժքրոջ հարցաքննությամբ ևս հնարավոր չլինի պարզել տուժող կողմի առաջադրված, պարզաբանման ենթակա հարցերը, անհրաժեշտություն կառաջանա գործում առկա երկու սթափության վիճակի զննության արձանագրություններով նշանակել դատափաստաթղթաբանական և դատաձեռագրաբանական համալիր փորձաքննություն:
Գործով մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ գործը քննվում է Վարդան Պետրոսյանի կողմից վթար կատարելու փաստի առթիվ և եթե տուժողի ներկայացուցիչը գտնում է, որ Նաիրիի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պաշտոնական կամ փաստաթղթի կեղծիք, այդ հարցով կարող է դիմել համապատասխան իրավապահ մարմիններին: Մեղադրողն ասաց, որ բուժքրոջը կանչելը և հարցաքննելը կապ չունի գործի հետ. նա դա անիմաստ գործողություն համարեց:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ կազմված երկու օրինակներից մեկը տրամադրվել է քննիչին, մյուս օրինակի վրա բուժքույրը լրացրել է սթափության վիճակի ստուգման եղանակը և այն տրամադրվել է իրեն, որն էլ ինքը ներկայացրել է դատարան:
«Այն, ինչ դուք պահանջում եք հիվանդանոցից, հիվանդանոցը չի կարող ձեզ տալ, որովհետև մեկ օրինակը տվել է քննիչին, երկրորդ օրինակը, որին ավելացրել էր նախադասությունը և տվել ինձ, իմ կողմից տրվել է դատարանին,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` ավելացնելով,- Սա արվում է միայն մի պատճառով. ալկոհոլի օգտագործման թեման միշտ պահպանել՝ վարկաբեկելու համար Վարդան Պետրոսյանին, որպեսզի ի հայտ չբերեն մյուս կարևոր հանգամանքը, որ դեպքի վայրը տեղափոխվել է բանուկ մասից դեպի կողնակ»:
Ռուբեն Բալոյանը ավելի ուշ խնդրեց չքննել հիվանդանոցին դիմելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատավորը որոշեց մերժեց միջնորդությունը՝ որպես վկա հրարցաքննելու հիվանդանոցի ավագ բուժքրոջը «անհիմն լինելու պատճառաբանությամբ»: