ՕԵԿ հերթական՝ ոչինչ չտվող օրենքի նախագիծը
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»:
Օրենքն ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնող Մհեր Շահգելդյանն ասում է, որ իրենց նպատակն է՝ պաշտպանել միջին և փոքր առևտրային օբյեկտները, քանի որ, ըստ վիճակագրության՝ 2013թ. փակվել է այդպիսի 8 հազար օբյեկտ: Իսկ փակվելու պատճառն այն է, որ նրանք չեն դիմանում խոշորների հետ մրցակցությանը:
Բայց արդյո՞ք ՕԵԿ-ի կողմից ներկայացված այս օրենքի նախագիծը լուծում է այդ խնդիրը և փոքրերին պաշտպանում մեծերից: Բացարձակապես՝ ոչ: 8 հոդվածից կազմված այս օրենքի նախագծում տրված է ընդամենը սահմանումը, թե ինչ է ըստ ՕԵԿ-ի պատկերացման՝ հիպերմարկետը, սուպերմարկետը և առևտրային պահեստը: Ըստ այդմ՝ հիպերմարկետը 3 հազար քմ և ավելի առևտրային տարածք ունեցող առևտրի օբյեկտն է, սուպերմարկետը՝ 300քմ և ավելի տարածք ունեցողը, իսկ խանութ պահեստը, որը, բացի մանրածախից՝ իրականացնում է նաև մեծածախ առևտուր և ունի 500 քմ և ավելի տարածք:
Սակայն այս օրենքի նախագծով որևէ արգելք նոր խոշոր առևտրային օբյեկտների կառուցման համար չի նախատեսվում: Դրանում ընդամենն ասվում է, որ քաղաքային հողերի սղության պատճառով խոշոր առևտրային օբյեկտների նոր շինարարությունը կարող է իրականացվել` հաշվի առնելով քաղաքային տարածքների արդյունավետ օգտագործումը, մասնավորապես՝ վերգետնյա և ստորգետնյա տարածքների յուրացմամբ, անօգտագործելի արտադրական գոտիների տարածքների վերակազմակերպմամբ, արտադրական մակերեսներն առևտրային գործառույթներ ունեցող օբյեկտների վերակազմավորմամբ:
Բացի այդ, ասվում է, որ խոշոր առևտրային օբյեկտների չափաբաժինը Երևան քաղաքի առևտրային ցանցերի համակարգում` ըստ վարչական շրջանների, չի կարող գերազանցել 30-40%-ը` դրանց մակերեսների առնվազն 10-20%-ը առևտրային փոքր օբյեկտներին վարձակալության տրամադրելու պայմանով: Մի՞թե այստեղ որևէ լուրջ սահմանափակում կա նոր առևտրային օբյեկտ կառուցելու համար: Սա ավելի շուտ նման օբյեկտ կառուցելուն ուղղված խրախուսանք է, քան արգելք:
Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «չի կարող գերազանցել 30-40 տոկոսը» արտահայտությունը: Իսկ եթե գերազանցում է, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ դեպքում որոշ խոշոր առևտրային օբյեկտներ պետք է փակվեն, կամ՝ ինչպե՞ս պետք է որոշվի՝ ո՞րը փակել, իսկ ո՞րը՝ ոչ: Սրանք հարցեր են, որոնց օրենքի նախագիծը չի պատասխանում:
Բացի այդ, պատգամավորները հարցնում էին, թե ինչո՞ւ է օրենքի նախագիծը վերաբերում միայն Երևան քաղաքին, այն դեպքում, երբ նման խնդիր կա նաև մյուս խոշոր քաղաքներում:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ավելի արմատական առաջարկ արեց. նա հայտարարեց, որ մանր առևտրային օբյեկտներին պաշտպանելու համար, աշխարհի շատ երկրներում ընդունված է այլ, ավելի արդյունավետ տարբերակ. խոշոր առևտրային ցանցերը կարող են աշխատել առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը և ոչ թե՝ շուրջօրյա, ինչը հնարավորություն է տալիս օրվա մյուս ժամերին գործել նաև մանրերին: Սա իսկապես արմատական առաջարկ է, և կարող է էապես սահմանափակել խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը:
Բայց քանի որ ՕԵԿ-ի նպատակը պոպուլիզմն է և ոչ թե՝ մանր ու միջին խանութների գործունեության համար պայմաններ ստեղծելը, նրանք այս առաջարկն իրենց օրենքի նախագծի մեջ չեն ներառի: