Բաժիններ՝

Արամ Աբրահամյան. «Պրոֆեսիոնալիզմի մակարդակն ավելի բարձր է նոր սերնդում»

Մամուլի ազգային ակումբը «ԶԼՄ-ները և ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակում և «Առավոտ» օրաթերթի 20-ամյա տարեդարձի առիթով այսօր լրագրողներին հանդիպման էր հրավիրել թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ: Թեև հանդիպման առիթը հոբելյանական էր, այնուամենայնիվ ասնդրադարձ եղավ Հայաստանում տպագիր մամուլի զարգացման խոչընդոտներին և հնարավորություններին:

Արամ Աբրահամյանի խոսքով` «Առավոտ»-ը դեռևս 20 տարի առաջ եկավ նոր խոսք ասելու, քանի որ նախկինում թերթերը կուսակցականացված էին. «Թերթը պետք է լիներ ոչ կուսակցական, թերթը պետք է լիներ բաց բոլորի համար, թերթը չպետք է արտացոլեր որևէ տնտեսական խմբի կարծիքը` չնայած տնտեսական խմբի կողմից էր ստեղծվել, բայց նրանք բավականին լայնախոհ մարդիկ էին, և նրանց պետք է արժանին մատուցել:

Կարծում եմ` սա մի ավանդույթ էր, որ թերթն այս 20 տարիների ընթացքում պահպանել է: Դա նաև այն պրոֆեսիոնալ սկզբունքների շնորհիվ էր, որ մշակված են «Առավոտ»-ի վարքականոնի մեջ: Ասել, իհարկե, որ մենք միշտ պահպանում ենք մեր իսկ կողմից մշակված վարքականոնը, ճիշտ չէ. երբեմն լինում են սխալներ, որոնց համար ես պատժում եմ: Այդ սխալները նկատելու հարցում ինձ, իհարկե, մեծապես օգնում է առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը»:

Խոսելով տպագիր մամուլի զարգացման խոչընդոտների մասին` Ա. Աբրահամյանն ասաց, որ այդ խոչընդոտները պետք էր ավելի շուտ նկատել. «Ես ավելի շուտ չհասկացա, որ ինտերնետային մամուլը, սոցիալական ցանցերը բավականին առաջանցիկ դեր են խաղալու մոտակա տարիներին: Իհարկե, նախընտրելի է, որ տպագիր մամուլն իր ինտերնետային տարբերակն էլ ունենա, պետք է կարողանալ համատեղել այդ երկուսը: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչ ես ուզում հրապարակել կայքում և ինչ` թերթում: Իդեալական կլինի հատկապես, եթե կայքն ու թերթն ունենան իրենց առանձին աշխատակիցները: Այնուամենայնիվ, օրինակ, Արևմուտքում շարունակում են մնալ թերթեր, որոնք բարձր տպաքանակ ունեն:

Կարդացեք նաև

Այսինքն` տպագիր մամուլի զարգացման համար այս պահին հիմնական խոչընդոտ է հանդիսանում ինտերնետային մամուլը: Բացի այդ` նախկինում բազմաթիվ ճնշումներ էին լինում լրագրողների, թերթերի նկատմամբ, սակայն այժմ այդ ճնշողները դարձել են բավականին անտարբեր: Դա մի կողմից` վատ է, որ, այսպես ասած, տեղ չի հասնում մեր խոսքը, մյուս կողմից` լավ է, որ այլևս չեն հարձակվում, խմբագրությունները չեն հրկիզում, թերթեր չեն փակում և այլն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում թերթերի կողմից հաճախակի կիրառվող «դեղին» հնարքներին` Ա. Աբրահամյանն ասաց, որ այժմ ինքը հակված չէ դրան և նախընտրում է հեղինակություն ունենալ ոչ այդ հնարքների շնորհիվ.

«Բայց մոտավորապես 1997 թվականից հետո ինչպես շատ թերթերի, այնպես էլ «Առավոտ»-ի տպաքանակն իջավ, և այդ ժամանակ մենք դիմում էինք այդ ոչ այնքան գեղեցիկ հնարքներին, որպեսզի տպաքանակը բարձրացնենք, բայց ես դրա համար չեմ ափսոսում, պարզապես հիմա կամաչեի: Այժմ մեզ մոտ ստացվում է առանց այդ հնարքների հեղինակություն ունենալ»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք հատկապես տպագիր և առցանց լրատվամիջոցների վրա վերահսկողության պակաս չե՞ք զգում, Ա. Աբրահամյանն ասաց, որ ինքն առհասարակ դեմ է պետական սահմանափակումներին. «Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 20-ը կար պետական վերահսկողություն. «Տիգրամ Մեծ» տպարանում նստած էր ԿԳԲ-ի ներկայացուցիչը և հետևում էր, որ ՀԱԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմության մասին որևէ խոսք չլինի: Ես նման վերահսկողություն չեմ ընդունում, և այդ ժամանակ ոչ մի նորմալ թերթ լույս չէր տեսնում, ոչ մի նորմալ հեռուստաընկերություն չպետք է աշխատեր, բայց մեր հեռուստաընկերությունները նորմալ չեն»:

Վերջում խոսելով այն մասին, թե ինչպես է անդրադարձել սերնդափոխությունը մամուլի զարգացման վրա` Արամ Աբրահամյանն ասաց, որ պրոֆեսիոնալիզմի մակարդակն ավելի բարձր է նոր սերնդում. «Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս