Բաժիններ՝

Կիմ Կի Դուկ. «Քո հոգով ինչ տեսնես՝ դա է ֆիլմի իմաստը» (տեսանյութ)

«Բարև ձեզ, ես Կիմ Կի Դուկ անունով կորեաcի ռեժիսորն եմ»,- հենց այս խոսքերով այսօր ողջունեց լրագրողներին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակից, պատվավոր հյուրը՝ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը (Kim Ki-duk):

Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց Կիմ Կի Դուկին՝ որպես Կորեայի ամենաճանաչված ռեժիսոր.

«Ավելին, աշխարհում շատերը, որ շատ քիչ բան գիտեին Կորեայի մասին, հենց Կիմ Կի Դուկի ֆիլմերի շնորհիվ իրենց պատկերացումն են կազմել ոչ միայն կորեական կինոարվեստի, այլև կորեական կենցաղի, նիստուկացի և մենթալիտետի մասին»:

Korean filmmaker Kim Ki-Duk2

Նա նշեց, որ շատ հաճախ Կիմ Կի Դուկին մեղադրում են դաժանության համար. «Բայց ինչպես ինքն է ասում՝ այդ դաժանությունների հետևում իր նուրբ սիրտն է և սերը մարդկանց հանդեպ, որպեսզի դաժանություն այլևս չլինի»,- ասաց Մ. Ստամբոլցյանը, ում խոսքով՝ Կիմ Կի Դուկը ամենաբեղմնավոր ռեժիսորներից է:

1999 թվականից սկսած նա նկարահանել է 20 ֆիլմեր, և գրեթե բոլորը եղել են հեղինակավոր միջազգային կինոփառատոներում.

Korean filmmaker Kim Ki-Duk

Korean filmmaker Kim Ki-Duk3

«Ավելին, նա յուրaհատուկ ռեկորդի հեղինակ է. երբ 2004 թվականին նրա 2 ֆիլմերը եղան երկու խոշոր փառատոներում՝ մեկը Բեռլինի փառատոնում շահեց լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ, մյուսը, նույն տարվա ընթացքում, աշնանը, Վենետիկում կրկին մրցանակ շահեց՝ ռեժիսուրայի համար»:

«Ստացվեց այնպես, որ եկել եմ Հայաստան ու ներկայացնում եմ իմ ֆիլմերը: Իմանալով արդեն, որ Հայաստանում իմ ֆիլմերը շատերը դիտում են և հետաքրքրություն ունեն իմ ֆիլմերի նկատմամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ»,- ասաց Կիմ Կի Դուկը:

Նա նշեց, որ մինչ իր Հայաստան գալը երբեք որևէ բան չի իմացել Հայաստանի մասին, բայց մինչ այստեղ ժամանելն ինտերնետով կարդացել է Հայաստանի ու նրա պատմության, մարդկանց մասին. «Եկել եմ Հայաստան երեկ, ու այսօր առավոտյան երեք ժամ քայլել եմ Երևանում: Այսօր քայլել եմ շուկայի կողմերով և տեսել եմ, որ նաև կան աղքատ մարդիկ կան»: Հայաստանը համեմատելով Կորեայի հետ՝ Կիմ Կի Դուկն ասում է, որ պատկերները շատ նման են. «Այսօրվանից սկսած՝ կկարդամ և շատ բաներ կսովորեմ Հայաստանի մասին»:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք ճի՞շտ է, որ Կիմ Կի Դուկն առաջին անգամ ֆիլմ դիտել է 32 տարեկանում, ռեժիսորը համաձայնեց, և դրան հաջորդող այն հարցին, թե ինչպե՞ս նա կառանձնացնի կյանքը մինչ կինոն և կինոյից հետ, այսպես պատասխանեց.

«Մինչ կինոն զբաղված եմ եղել մեքենաներ սարքելով: Աշխատել եմ փոքր տարիքից: Իսկ1990 թվականին, երբ երկու հանրահայտ ֆիլմեր դիտեցի, ինձ վրա դրանք մեծ ազդեցություն թողեցին, և այդ օրվանից սկսեցի հետաքրքրվել ֆիլմերով»:

Korean filmmaker Kim Ki-Duk4

Կիմ Կի Դուկը պատմեց, որ հետագայում մեկնել է Ֆրանսիա, որտեղ էլ ֆիլմեր է դիտել և սովորել կինոռեժիսուրա: Այդ ժամանակ հասկացել է, որ ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարահանել. «Ես տեսա ֆիլմի ազատությունը ու այդ օրվանից սկսեցի սցենարներ գրել և աշխատել կինո պատրաստելու համար»:

Պատմելով իր մանկության մասին՝ կորեացի կինոռեժիսորն ասաց, որ Կորեայում այն ժամանակ բնակչության միայն 50%-ն է կարողացել հաճախել դպրոց: Նա այն մարդկանց թվին է դասվում, որ չի հաճախել դպրոց և մինչև 30 տարեկանն աշխատել է՝ գումար վաստակելու համար: Աշխատել է գործարանում, և աշխատելով՝ սովորել է շատ բաներ, որոնք դպրոցում չեն սովորում: Նա այդքան էլ շատ չի կարևորում դպրոց գնալը, քանի որ գործարանում աշխատելու ընթացքում նա ավելի շատ բաներ է սովորել և մեծ փորձ է ձեռք բերել.

«Իմ ֆիլմերն առանձնանում են հոլիվուդյան և այլ կորեական ֆիլմերից, քանի որ իմ ֆիլմերում ես փորձել եմ ցույց տալ այն, ինչ ես ապրել եմ, և այն, ինչ իրականում տեղի է ունենում կորեական կյանքում: Այդ իսկ պատճառով, կարելի է դպրոց չգնալ»:

Կիմ Կի Դուկը նշեց, որ ժամանակին ինքն ընդհանրապես չգիտեր «Ոսկե Ծիրանի» մասին, բայց հետո արտասահմանում հանդիպել է Փիթեր Վան Բուերենին («Ոսկե Ծիրան» կինոփառատոնի օրաթերթի գլխավոր խմբագիրը), ով նրան ներկայացրել է կինոփառատոնը.

«Այսօր եկել եմ ու տեսել եմ՝ ինչպիսի աշխարհահռչակ կինոռեժիսորներ են այստեղ: Երեկ նաև տեսա Փարաջանովի ֆիլմը, որն այդպես գեղեցիկ պատրաստել էին, ու արդեն կարելի է ասել, որ «Ոսկե Ծիրան» փառատոնը շատ մեծ կարևորություն ունի թե՛ Հայաստանի համար, թե՛ կինոռեժիսորների համար: Ամենազգացմունքայինն այն է, որ իմ 6 ֆիլմերը կցուցադրվեն այստեղ»:

Կիմ Կի Դուկն ասաց, որ ֆիլմի սցենարները գրելիս մարդն անընդհատ փոխվում է: Եղել են ժամանակներ, երբ նա հավատացել է մարդկանց, և եղել է, որ չի հավատացել, եղել է նաև, որ չի սիրել մարդ ասվածին. «Բայց հիմա ինձ մոտ այլ զգացողություն է: Ես հավատում եմ մարդկանց: Հավատում եմ, որ մարդը հույսով է ապրում»:

Korean filmmaker Kim Ki-Duk8

Կորեացի ռեժիսորը դիտում է բոլոր ֆիլմերը. և՛ հոլիվուդյան, և՛ կորեական, և՛ եվրոպական, սակայն խորհուրդ է տալիս դիտել այն փոքր երկրների ֆիլմերը, որոնք դեռ հայտնի չեն, որոնք դեռ չունեն կինոմատոգրաֆիա: Այժմ նա աշխատում է 2-3 սցենարների վրա, որոնք դեռ չի վերջացրել: Խոստանում է՝ երբ կավարտի այդ սցենարները ու կորոշի ֆիլմեր նկարահանել, անպայման Հայաստանում կներկայացնի:
Աշխարհահռչակ կինոռեժիսորի համոզմամբ՝ ֆիլմը բացատրության կարիք չունի, ֆիլմը ցույց է տալիս մարդկային հոգին. «Քո հոգով ինչ տեսնես՝ դա է ֆիլմի իմաստը»:
Եզրափակելով լրագրողների հետ հանդիպումը՝ Կիմ Կի Դուկը երգեց կորեական ազգային մի երգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս