ԵՏՄ-ԵՄ և ՀԱՊԿ-ՆԱՏՕ. Ջոշուա Կուչերայի անդրադարձը

EurasiaNet-ում հրապարակվել է ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին վերլուծաբան, արևմտյան մի շարք պարբերականների հոդվածագիր Ջոշուա Կուչերայի հոդվածը, որում նշված է. «Բելառուսական BELTA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ԵՏՄ-ը լրացնում է ՀԱՊԿ-ի դերը, սակայն չարժե միավորել այդ երկու կազմակերպությունները` առնվազն մոտ ժամանակներս:

Նա հավելել է, որ իր կազմակերպությունը ձևավորում է «Հատուկ գործողությունների ուժեր»` «կիբերհարձակումների» դեմ պայքարի համար: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հետխորհրդային ինտեգրման ռուսական սխեման համեմատել է եվրոպականի հետ` հայտարարելով, որ ԵՏՄ-ը հանդիսանում է ԵՄ-ի համարժեքը, իսկ ՀԱՊԿ-ը նման է ՆԱՏՕ-ին».

«Օրինակ, Եվրոպայում ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն են. որևէ երկրի ԵՄ չեն ընդունում, քանի դեռ նա չի անդամակցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն զբաղվում է անվտանգությամբ, իսկ ԵՄ-ը` քաղաքականությամբ, տնտեսությամբ և այլն:

Դեռ այդպիսի սխեմա է նախատեսվում կիրառել նաև ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններում: Այսինքն ԵՏՄ-ը լուծելու է տնտեսական հարցերը, իսկ ՀԱՊԿ-ը` քաղաքական ու անվտանգության հարցերը: Ես կարծում եմ, որ մենք աշխատելու ենք հենց այդ բանալիով»:

Այստեղ հետաքրքրական է աշխատանքի բաժանման սխեման, քանի որ Եվրոպայում «քաղաքականության» համար պատասխանատու է ԵՄ-ը, իսկ հետխորհրդային տիրույթում` ՀԱՊԿ-ը: ԵՏՄ-ի անդամները չեն հոգնում ընդգծել, որ իրենց միությունը չի կրում քաղաքական բնույթ և կրում է բացառապես տնտեսական բնույթ` Ռուսաստանի տատանվող դաշնակիցներին վստահեցնելով, որ ԵՏՄ-ին անդամակցելիս չի խաթարվի նրանց ինքնիշխանությունը:

Սակայն արդյոք կցանկանա՞ն դաշնակիցները մտնել «քաղաքական» դաշինքի մեջ, եթե այն նրանց ներկայացվի ՀԱՊԿ-ի և ոչ թե ԵՏՄ-ի տեսքով: Ահա թե այս կապակցությամբ ի՞նչ է ասում Բորդյուժան. «Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ թե’ ՀԱՊԿ-ը, թե’ հատկապես ԵՏՄ-ը կդառնան ավելի կատարյալ, երբ կծավալվեն փոխգործակցության բոլոր մեխանիզմները, ի հայտ կգա դրանց միաձուլման անհրաժեշտություն:

Թեև անձամբ ես` որպես փորձագետ, ով ողջ կյանքում զբաղվել է անվտանգության հարցերով, կարծում եմ, որ երկու կառույցները մեկ միության մեջ միավորելը կլիներ սխալ, համենայն դեպս մոտ հեռանկարում դա անելը, քանի որ այդ միությունը կդառնա վիթխարի և բարդ կլինի այն ղեկավարելը:

Ավելի լավ կլիներ եթե երկու կազմակերպությունները փոխգործակցեին միմյանց հետ` հստակ որոշելով գործունեության ոլորտներն ու տարանջատելով լիազորությունները: Ես կարծում եմ, որ մենք դրան կմոտենանք մոտ ապագայում»:

«Համենայն դեպս մոտ ապագայում» արտահայտությունը կարող է մտածելու տեղիք տալ Ռուսաստանի հարևան երկրների բնակիչներին: Բացի այդ, ելնելով այդ ամենից` սա առաջին դեպքն է, երբ ռուս բարձրաստիճան պաշտոնյան այդպես ուղիղ նկարագրի տարածաշրջանային ինտեգրացիոն խոշորագույն նախագծերի միջև հարաբերությունները:

Հետաքրքություն է ներկայացնում նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական նոր ստորաբաժանումների ձևավորման մասին Բորդյուժայի հայտարարությունը: Նա վստահեցնում է, որ (մինչև տարեվերջ) կավարտվի ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձևավորումը և արդեն իսկ հստակեցվել են դրանց գործունեության սկզբունքները, ինչպես նաև դրանց մարտական ու թվային կազմը:

Բացի այդ, ՀԱՊԿ-ը պլանավորում է ստեղծել Հատուկ գործողությունների ուժեր, թեև դեռ անհասկանալի է, թե արդյոք դրանք կձևավորվեն հատուկ նշանակության ուժերի նման, թե դրանց «յուրահատկությունը» կկայանա մեկ այլ բանում: Բորդյուժան հայտարարել է.

«Այս ամենից բացի, ՀԱՊԿ-ում ձևավորվում են Հատուկ գործողությունների ուժեր: Այդ ստորաբաժանումները կոչված են ՀԱՊԿ-ում հատուկ ձևերով ու մեթոդներով ապահովել այս կամ այն զորամիավորման գործունեությանն աջակցելը: Այդ միջոցը բացարձակապես անհրաժեշտ է ժամանակակից պատերազմի պայմաններում:

Այդպիսի հատուկ ստորաբաժանումները կարող են հակազդել կիբերհարձակումներին` օգտագործելով հատուկ միջոցներ, որսալ այս կամ այն ազդանշաններ, տեղեկատվական հաղորդագրություններ և այլն: Պլանավորված է, որ դա կլինի ստորաբաժանումների մի ամբողջ հավաքածու, օրինակ ինչպիսիք են տեղեկատվական-հոգեբանական գործողությունների ստորաբաժանումները»:

Այդ զորամիավորումները կներառվեն ՀԱՊԿ-ի ռազմական ստորաբաժանումների շարունակ ընդլայնվող ցանկում: Բորդյուժան ավիացիոն ուժերի ու Հատուկ գործողությունների ուժերի ձևավորմանը հավելել է նաև հետևյալը.

«ՀԱՊԿ-ն աշխատում է «երկկողմ խմբավորումների», Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, Կենտրոնա-ասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի ու խաղաղապահ ուժերի ստեղծման կամ կատարելագործման վրա»»:

Տեսանյութեր

Լրահոս