Բաժիններ՝

Կառավարությունը «Նաիրիտի» ներդրողներին ուղարկել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաջ գիտակցում է, որ ինչ էլ անի, տնտեսության զարգացման գլխավոր ուղին ներդրումներն են: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Աբրահամյանի հանդիպումներում, լինի դա Հայաստանի գործարարների, դեսպանների թե օտարերկրյա հյուրերի հետ, ներդրումների հարցը մշտապես արծարծվում է: Սակայն, պարզվում է, նոր կառավարության ոչ բոլոր անդամներն են նույն կերպ ջանում ներդրումների համար ուղի հարթել:

Օրերս Սլովակիայի ընկերությունների կոնսորցիումի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան ու հանդիպում ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում` «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման հարցով: Սլովակները պատրաստ են 40 մլն եվրո ներդնել գործարանում: Սակայն արտերկրյա գործարարներին ընդունել է ոչ թե նախարար Երվանդ Զախարյանը, այլ` փոխնախարար Արա Սիմոնյանը:

Ճիշտ է, նա «Նաիրիտում» կառավարության ներկայացուցիչն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, բայց տարիներ շարունակ համագործակցել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի հետ, ովքեր, ըստ մամուլի հրապարակումների, ակտիվ մասնակցություն են ունեցել «Նաիրիտի» թալանի գործում։ Եթե նոր կառավարության համար իրոք արժեքավոր է երբեմնի քիմիական հսկան, որի 10%-ը դեռևս պետական բաժնեմաս է, ապա, տրամաբանորեն, Զախարյանն անձամբ պետք է ընդուներ ներդրողներին և լսեր նրանց առաջարկը, և ոչ թե հրաման ստորագրեր նախարարության Զարգացման վարչության քիմիայի բաժինը փակելու մասին:

Ինչևէ: Խնդիրն այն է, որ փոխնախարարը բանակցելու փոխարեն հայտարարել է, թե կառավարությունը կապ չունի «Նաիրիտի» հետ, և օտարերկրյա ներդրողներին ուղարկել է ԱՊՀ Միջպետական բանկ, որին գործարանի կառավարիչ օֆշորային Rhinoville Property Limited ընկերության կողմից վերցված վարկը չմարելու հետևանքով անցել էին «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը:

Կարդացեք նաև

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով ուղեկցել է սլովակ ներդրողներին, «168 Ժամի» հետ զրույցում հաստատեց, որ փոխնախարարի և սլովակների հանդիպմանը փորձ է արվել կառավարությանը ներկայացնել «Նաիրիտի» վերականգնման ծրագիր, բայց պարզվեց, որ կառավարության նպատակներն այլ են. «Բաց տեքստով հայտարարեցին, որ պետք է Մոսկվայի հետ հարցերը լուծենք, քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերը պատկանում են Միջպետական բանկին: Սա դավաճանություն է ժողովրդի նկատմամբ և խաբեբայություն: Չենք կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀ ղեկավարությունը, քաջ իմանալով, թե ում կողմից է կողոպուտն արվել` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, իր գործընկեր էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ-ում Միջպետական բանկի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի, իսկ գումարները գտնվում են Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվներին, փորձում է տարբեր տիպի խաղերով դա կոծկել:

300 մլն դոլարից ավելի վարկ վատնվել է: «Նաիրիտի» կողոպուտը պարզաբանման կարիք ունի, բայց կառավարությանը ձեռնտու չի, որ այսօր այս հարցը դրականորեն լուծվի: Դա պարզ երևաց մեր հանդիպման ժամանակ: Հարցը թողնում եմ այս իշխանությունների ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խղճի վրա և հայտարարում` մենք ի վիճակի ենք աշխատացնել «Նաիրիտը», նաև կհասնենք նրան, որ, այնուամենայնիվ, մեղավորները պատժվեն»:

Ա. Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրել են «Նաիրիտի» վիճակը, և սլովակները պատրաստ են 3 ամսում վերաթողարկել գործարանը, իսկ 4-րդ ամսվա ընթացքում` կաուչուկ արտահանել: Ըստ նրա` եթե ներկայիս անգործությունը շարունակվի, մոտ 6 ամիս անց բոլոր երազների վերջը կգա, քանի որ գործարանի մասնագետների միջին տարիքը 70 է, երիտասարդ է կոչվում 68 տարեկանը. «Այս իրավիճակում բոլորի հույսերը մարում են և, եթե նրանց աշխատավարձն այլևս չվճարվի, թողնելու են գնան երկրից:

Կառավարությունը հսկայական գումարներ է վճարում` որպես աշխատավարձ, բայց դրա 70%-ը վարչական աշխատողներին պահելու համար է, իսկ իսկապես մասնագետների բաժինը 30% է միայն: Շատ անհասկանալի է վիճակը, շատ անհասկանալի են կառավարության կատարած քայլերը, բայց պարզ է, որ Հայաստանի համար շատ կարևոր է «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» գործարկումը, քանի որ դա մեր հակադրությունն է Ադրբեջանի նավթին»:

ԵՀՄՖ նախագահը տեղեկացրեց, որ օգոստոսի առաջին կեսին կլինեն Մոսկվայում և կբանակցեն Միջպետական բանկի հետ, իսկ երկրորդ կեսին կգան ՀՀ: Նա վստահություն հայտնեց, որ Բանկի հետ «լեզու կգտնեն», պարտքերը մարելու ժամանակացույց կկազմեն, բայց նաև նշեց, որ սլովակները պատրաստ են վճարել միայն գործարանի իրական պարտքը, իսկ կողոպտված գումարների խնդիրը կթողնեն ՀՀ իշխանության վրա. «Միջպետական բանկն առնվազն ոչ պրոֆեսիոնալ կլինի, եթե մերժի մեզ, քանի որ այդ դեպքում գործ կունենա միայն «Նաիրիտի» մետաղի ջարդոնի հետ: Այդ գործարանը ոչ մի արժեք չունի, եթե չի վերաթողարկվելու»:

Հիշեցնենք, որ անցած ամբողջ տարվա ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էին, թե ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ համաձայնության են եկել «Նաիրիտը» վերագործարկելու համար: «Ռոսնեֆտը» ևս պայման էր դնում գործարանից կողոպտվածն այլ աղբյուրներից վճարելու մասին: Գործարքն այդպես էլ չկնքվեց: Եվ այսօր Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նոր պաշտոնն է վայելում, իսկ Արմեն Մովսիսյանը խորհուրդներ է տալիս ՀՀ նախագահին: Գուցե այս իրավիճակի պատճառը Սերժ Սարգսյանի հրահա՞նգն էր, որ նոր կառավարությունը նախորդի արածները չքննադատի:
Ուրեմն, ի՞նչ է սպասվում սլովակներին Մոսկվայում: Ամենայն հավանականությամբ, Միջպետական բանկը կհամաձայնի վաճառել գործարանի բաժնետոմսերը, եթե սլովակները ստանձնեն գործարանի ամբողջ պարտավորությունը՝ շուրջ 300 մլն դոլար:

Իսկ այդքան գումար ոչ ոք չի վճարի առանց այդ էլ մեծ ներդրումներ պահանջող գործարանի համար: Եթե այսօր այն աշխատի, եկամուտը լինելու է ամսական մոտ 1 մլն դոլար, տարեկան՝ 10 մլն: Հաշվեք, թե քանի տարի կպահանջվի պարտավորությունը մարելու համար: Անխոս, ավելի էժան է նոր գործարան կառուցելը:

Սա շատ լավ գիտեն նախարարությունում, ու եթե էներգետիկայի նախարարն անուշադրության է մատնում սլովակ ներդրողներին, փոխնախարարն էլ նրանց խորհուրդ է տալիս այլ դուռ թակել՝ լավ իմանալով, որ այդ դուռը փակուղի է տանում, ապա նշանակում է, որ նոր կառավարությունը «Նաիրիտի» վրա խաչ է քաշել: Եվ գործարանի աշխատակիցները կարող են այլևս հույս չփայփայել, որ աշխատավարձ կստանան: Սրա հետևանքն էլ պարզ է՝ ոլորտի վերջին մասնագետները կհեռանան երկրից, ու քիմիական արդյունաբերության գերեզմանաքարը հաստատապես կդրվի:
Մինչ այդ, մեր տեղեկություններով, գործարանում վերսկսվել է թալանը: «Նաիրիտի» ղեկավարությունն ապամոնտաժում է ռետինատեխնիկական արտադրամասի սարքավորումները: Երկուշաբթի գնորդների են սպասում:

Հ.Գ. Բայց դեռ փրկության մի հույս կա. գուցե վարչապետը տեղյակ չէ, որ իր նախարարը սլովակ ներդրողներին ուղարկել է «այլ ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս