Մոսկվան ու Բաքուն գտնվում են պատմական համաձայնության շեմին. Yeni Müsavat

Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան ու Բաքուն գտնվում են պատմական համաձայնության շեմին: Վերջին շրջանում Ռուսաստանն ակնհայտ ուշադրություն է հատկացնում Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Նախ Բաքու այցելեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և կարևորեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նույն օրը Լավրովը Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկեց Երևանում:

Ուշագրավ են նաև ռուս պաշտոնյաների հաճախակիացած այցերն Ադրբեջան (այդ այցերը դեռ չեն ավարտվել, օրեր անց Բաքու է ժամանելու Ռուսաստանի փոխվարչապետ, ընդգծված հակաարևմտամետ Դմիտրի Ռոգոզինը): Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, որ իրենք գոհ կլինեն, եթե Ադրբեջանը ներկայացված լինի Եվրասիական միությունում:

Այլ կերպ ասած՝ դա նշանակում էր, որ Ադրբեջանը պետք է գտնվի Եվրասիական միությունում: Եվրասիական միության նախագծի ճակատագիրն այժմ մեծապես կախված է Ադրբեջանից, որին ռուս ստրատեգները տեսնում են Ուկրաինայի պոտենցիալ փոխարինողի դերում:

Բացի այդ, Արևմուտքի հետ «Սառը պատերազմի» շեմին հայտնված Վլադիմիր Պուտինին «օդի ու ջրի պես» անհրաժեշտ է Եվրասիական միության նախագծի իրագործումը՝ սեփական ուժը ցուցադրելու համար:

Մյուս կողմից էլ Ադրբեջանն ունի իր «դարդը», այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը, որի լուծումը մեծապես կախված է Մոսկվայից: Ստացվում է, որ Ադրբեջանի հիմնական խնդրի լուծման ելքը բխում է Ռուսաստանից, իսկ Պուտինի թիվ մեկ խնդիրը՝ Բաքվից: Կարծես թե, Ադրբեջանն արդեն իսկ պատրաստ է ընդունել Կրեմլի առաջարկը, ինչի մասին վկայում են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է. «Ներկայումս մենք չենք մտածում Եվրասիական միությանն անդամակցելու մասին»: Այսինքն, «այս պահին» (և ոչ թե ընդհանրապես) չենք մտածում:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Լավրովի այցից անմիջապես անց հայտարարեց. «Եթե Ռուսաստանն իրական ներդրում ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այդ ժամանակ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները կվերաճեն մինչև ռազմավարական դաշնակիցների մակարդակի»:

Տեսանյութեր

Լրահոս