ՀՀԿ-ականներից շատերը խուսափում են մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները, կարծես, արդեն արձակուրդում լինեն: Նրանցից շատերը պարզապես չեն պատասխանում հեռախոսազանգերին, իսկ մի մասն էլ չի հետևում քաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ ծանոթ չեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Ի պատասխան մեր հեռախոսազանգերին, ՀՀԿ-ական պատգամավորներից Սամվել Նիկոյանն ասաց, որ մարզից վերադառնում է Երևան, ճանապարհին է և հարցազրույցին ծանոթ չէ, նույն պատճառաբանությամբ որևէ մեկնաբանությունից հրաժարվեց Գագիկ Մինասյանը և խորհուրդ տվեց զանգահարել վաղը, Վարդան Այվազյանը ասաց, թե զբաղված է և անջատեց հեռախոսը: Խոսրով Հարությունյանը նույնպես նշեց, որ Քոչարյանի հարցազրույցը դեռ չի կարդացել, սակայն ընդդիմադիրներին վերահսկողական գործառույթներ վերապահելու վերաբերյալ երկրորդ նախագահի դրական գնահատականի հետ համաձայնեց:
«Շատ լավ է, որ դրական կարծիք է հայտնել: Ես, օրինակ, այդ կարծիքին էի վաղուց, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր: Ես գտնում եմ, այո, պետք է ընդդիմությունը լծակներ ունենա, բայց այլ հարց է, որ այնպես պետք է դա կազմակերպել, որ ընդդիմության վերահսկողական ֆունկցիան չդառնա նաև իր համար չարիք: Սա էլ պետք է հասկանանք»,- ասաց Խ.Հարությունյանը:
Ըստ նրա՝ քաղաքական ջրբաժանը ոչ թե օրենսդիր ու գործադիրի միջև է անցնում, այլ քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության, իսկ մեծամասնություն ասելով հականում ենք խորհրդարանական մեծամասնությունն ու իր կառավարությունը: Նրա կարծիքով՝ խորհրդարանական փոքրամասնությանը վերահսկողական գործառույթ տալը շատ դրական կլինի:
Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ակններից շատերն այդ հարցի շուրջ բացասական տեսակետներ են հայտնել, Խ.Հարությունյանը պատասխանեց. «Շատերը կարծում են, որ ընդդիմությունը դեռևս պատրաստ չի նման պատասխանատու դերակատարման: Ընդդիմությունը պետք է իրոք գիտակցի, որ այդ ֆունկցիան կատարելը այդ պաշտոնում միայն թեկնածու առաջադրելը չի և պետք է ստանձնեն նաև որոշ քաղաքական հետևանքները ու արդյունավետ գործունեության պատասխանատվությունը: Գաղտնիք չէ, որ մեր կուսակցությունները ներկուսակցական կյանքով աչքի չեն ընկնում: Այսինքն, ներկուսակցական ժողովրդավարությունը լուրջ զարգացման կարիք ունի, և պետական քաղաքական ավանդույթները ձևավորման կարիք ունեն: Այս բոլորը էական նշանակություն ունի և հանրապետականների մի ստվար զանգված, որ տարակուսում է ընդդիմությանը նման հնարավորություն տալու մասին, ոչ թե վերաբերում է, որ ընդհանրապես մերժում են, այլ պետք է կազմակերպական, իրավական առումով լուրջ նախապատրաստվել: Մի մոռացեք, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ՀՀ նախագահն էր առաջարկում իր օպոնենտ Րաֆֆի Հովհանիսյանին՝ բանակցել, թե ինչ հավելյալ ֆունկցիաներ վերապահել ընդդիմությանը»: