Երուսաղեմի Հայոց Պատրիարքը հաշտվե՞լ է Վեհափառի հետ
Այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Երուսաղեմի հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը: Պատրիարքի աթոռը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Էջմիածին: Ինչպես հայտնի է՝ Պատրիարքը, այսպես ասաց՝ նեղացած էր և չէր մասնակցել 2013 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին, որը պատմական իրադարձություն էր, և 1651 թվականից հետո առաջին անգամ էր անցկացվում հայ իրականության մեջ:
Իսկ մինչ այդ Երուսաղեմի հայոց պատրիարքը մի զայրալից ու նշանավոր նամակ էր գրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը տարածվել էր Հայաստանի և Սփյուռքի բոլոր լրատվամիջոցներում, բայց Վեհափառի կողմից մնացել էր անպատասխան:
Պատրիարքին զայրացրել էր այն, որ Ֆրանսիայի հայոց թեմում թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի և տեր Վաչեի միջև ծագած հակամարտության հարցում Ամենայն Հայոց կաթողիկոսը կանգնել էր Տեր Վաչեի կողքին և Գերագույն խորհուրդն ընդունել էր առաջնորդի հրաժարականը.
«Ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորն անտեսել ի հաշիվ պարզ քահանայի մը, որ նոյնիսկ եթե իսկապես որոշ արժանիքներու տեր անձ մըն է, այդ պարագային թելադրելի էր որ Մայր աթոռին ծառայեր»:
Նամակի վերջում Երուսաղեմի Հայոց Պատրիարքը գրել էր, որ Վեհափառ հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը, ինչպես նաև մտահոգություն էր հայտնել, որ վախի և սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, ինչպես Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր ասել, այսօր ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քան գարշապար լիզողների:
Զայրացած Սրբազանն այնուամենայիվ այսօր, գահակալությունից մոտ մեկ տարի հետո, այցելել է Էջմիածին: 168.am-ը Էջմիածնում հանդիպում ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի հետ. նա ներքին խնդիրների վերաբերող որոշ հարցերի չպատասխանեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Պատրիարքը եկել էր նորոգելու իր ուխտը:
– Սրբազան, ի՞նչ հարցով եք եկել Էջմիածին:
– Մի քանի հարցեր ունեի քննարկելու Վեհափառի հետ, մեկը վերաբերվում է եպիսկոպոսաց ձեռնադրությանը…
– Անցե՞լ է Ձեր ու Վեհափառի միջև առկա լարվածությունը:
– Մեր միջև ոչ մի բան չկար:
– Նամակ էիք գրել…
– Ոչ մի հետին նպատակ չուներ այդ նամակը: Մեր երկու աթոռները միշտ գործակցել են, միշտ սիրով են եղել միմյանց հետ: Կոմունիզմի ժամանակ 70 տարի Երուսաղեմն է հոգացել Հայաստանյաց եկեղեցու ամբողջ կարիքները, այնպես որ՝ խնդիր չենք ունեցել, ոչ էլ կունենանք: Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է:
– Սրբազան, լուրերից տեղեկացանք, որ Երուսաղեմում օրեր առաջ Հայր Շնորհք վարդապետին են ծեծել: Ի՞նչ հարց էր:
– Տգեղ պատահար էր եղել: Այս նոր քաղաքապետը տարին մի անգամ «Լույսի շաբաթ» է հռչակում, քաղաքը զարդարում են, աշխարհի բոլոր ծայրերից հարյուր հազարավոր հրեաներ են գալիս, ծեծը այդ ժամանակ է եղել, դրանով ուզում են ասել՝ Երուսաղեմը մերն է:
– Իսկ պատրիարքարանը ի՞նչ հակազդեցություն է ունենում նման դեպքերում: Առաջին անգամ չէ, որ մոլեռանդ հրեաները բառիս բուն իմաստով թքում են հայ վարդապետների վրա և ծեծկռտուք է տեղի ունենում:
– Այս անգամ թքելու հարց չէր: Առաջ շատ էր լինում, թքում էին և ծեծ էին ուտում, մի շրջան քչացել էր, հիմա նորից այս դեպքը եղավ, բայց չգիտեմ՝ ինչպե՞ս է ծագել կռիվը:
Ինձ ուշ տեղեկացրին. Հայր Շնորհքի հետ չի եղել, նրա հետ մի սարկավագ է եղել, այդ սարկավագի հետ խնդիր է ծագել, Հայր Շնորհքը միջամտել է, ծեծկռտուք է տեղի ունեցել: Մենք գանգատ արեցինք, մեր գանգատն անմիջապես տեղ հասավ, ոստիկանությունը միջամտեց, իսկ քաղաքապետն էլ խոստացել է ամեն ինչ անել, որ այդպիսի դեպքերը կանխվեն: Արդեն պայմանավորվածություն ունեմ Իսրայելի ներքին գործերի նախարարի հետ, երբ վերադառնամ, ինձ մոտ է գալու, այս հարցերը քննարկելու ենք:
– Սրբազան, Ձեր գահակալության առթիվ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ձեզ ավելի շուտ շնորհավորեց, քան՝ Իսրայելի իշխանությունը: Այս լուրը մեկնաբանվեց իբրև խախտում: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Իսրայելի իշխանությունն այդ օրերին ներքին խնդիրներ ուներ՝ վարչապետի ընտրության հետ կապված, դրա համար ուշացան: Երբ վերջացավ ընտությունը, պատվիրակությունը եկավ և շնորհավորեց: Մենք խնդիրներ չունենք ո՛չ արաբների, ո՛չ հրեաների հետ:
– Իսկ Երուսաղեմի հայկական համայնքի վիճակը ինչպե՞ս եք գնահատում այսօր:
– Լավ է, խնդիր չունենք, բայց քրիստոնեության թիվը գնալով նվազում է, քառասուն տարի հետո այնտեղ՝ Սուրբ Երկրում քրիստոնեություն չի լինելու, ամբողջ երկրում հարյուր հազար քրիստոնյա հազիվ կա:
– Միջին Արևելքի քրիստոնյաների դեմ ուղղված այդ հարվածներին դիմագրավելու ելքը ո՞րն է:
– Միակ ելքն այն է, որ Եվրոպան, ԱՄՆ-ը, ինչպես ժամանակին տեր էին կանգնում, այսօր նույնպես տեր կանգնեն քրիստոնյաներին: Այսօր նրանք ձեռքը քաշել են քրիստոնյաների վրայից:
– Երուսաղեմի հայերը այդ վտանգների պայմաններում չեն ուզում Հայաստան գալ, ինչո՞ւ:
– Այստեղ դրսից մարդ չեն ուզում: Այդպիսի հոգեբանություն կա Հայաստանում: Սիրիայի հայերը ի՞նչ եղան, որ հիմա էլ Երուսաղեմի հայերը գան: Հալեպցիների մի մասը ետ է գնում, ասում է՝ ավելի լավ է այնտեղ մնամ, քան այստեղ ապրեմ: Եթե դուք դրսի հայերի մասին եք հարցնում, նայեք այստեղ՝ ներսում մարդիկ իրենց ինքնությունը ինչպե՞ս են պահում, Ռուսաստան են գնում, կորցնում իրենց հայությունը: Միջին Արևելքում մենք իսլամների մեջ հարյուր տարի պահում ենք մեր ինքնությունը: Մենք այնտեղ պրոբլեմ չունենք, դո՛ւք այստեղ պրոբլեմ ունեք: