Հունաստանի առափնյա պաշտպանության մոտորանավակը գրեթե մեկ ժամ գտնվել է Թուրքիայի «տարածքային ջրերում»
Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի առափնյա պաշտպանության մի մոտորանավակ երեկ մուտք է գործել Թուրքիայի «տարածքային ջրեր» և դրանցում գտնվել է 52 րոպե: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հունական մոտորանավակն Էգեյան ծովում Թուրքիայի տարածքային ջրերում է գտնվել ժամը 06.06 – 06.58-ն ընկած ժամանակահատվածում: Հունական մոտորանավակը ռադիոկապով զգուշացվելուց հետո լքել է Թուրքիայի «տարածքային ջրերը»:
Հիշեցնենք, որ տարածքային ջրերն ափի երկայնքով, ինչպես նաև ներքին ծովային ջրերից դուրս ընկած ծովային գոտին են, որն անվանում են նաև տարածքային ծով: Տարածքային ծովի արտաքին սահմանը հանդիսանում է ափամերձ պետության ծովային պետական սահմանը: Ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ջրերի մակերևրույթի ու դրանց հատակի ընդերքի, ինչպես նաև դրանց վրայի օդային տիրույթի վրա:
Էգեյան ծովում Հունաստանին են պատկանում հազարից ավելի կղզիներ, որոնց մի մասը բավական մոտ է գտնվում թուրքական ափերին (3 ծովային մղոնից քիչ ավելի): 1923 թվականի Լոզանի պայմանագրով տարածքային ջրերի հեռավորությունը սահմանվեց 3 ծովային մղոն (5.6 կիլոմետր):
1936 թվականին Հունաստանը դա հասցրեց 6 ծովային մղոնի (11 կիլոմետր), ինչի արդյունքում Էգեյան ծովի հունական մասնաբաժինը կազմեց 35 տոկոս: Իսկ ահա 1947 թվականին, երբ Դոդեկանեսյան կղզիներն Իտալիայից անցան Հունաստանին, վերջինիս մասնաբաժինն արդեն հասավ 47 տոկոսի, սակայն 6 ծովային մղոնի սահմանագիծը պահպանվեց:
1981 թվականին Հունաստանի վարչապետ Անդրեաս Պապանդրեուն հայտարարեց Հունաստանի տարածքային ջրերը 12 ծովային մղոնի (22 կիլոմետր) վրա տարածելու իր մտադրության մասին: Թուրքական կողմի կարծիքով` դա նշանակում է, որ Էգեյան ծովը վերածվելու էր հունական լճի, քանի որ այդ դեպքում արդեն հունական մասնաբաժինը կազմելու է 72.8 տոկոս:
Իսկ դա իր հերթին լրջորեն կսահմանափակեր բաց ծով դուրս գալու Թուրքիայի հնարավորությունները, քանի որ Էգեյան ծովը կիսափակ ծով է: 12 ծովային մղոնի կիրառման դեպքում Թուրքիայի տարածքային ջրերը 16.3 տոկոսից կնվազեին մինչև 9.27 տոկոսի:
1995 թվականի ամռանը Հունաստանը հայտարարեց Էգեյան ծովում իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին: Թուրքական կողմը դա որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ, սակայն գործը վերստին չհասավ պատերազմի:
Թուրքիան Հունաստանին մեղադրում է նրանում, որ վերջինս ցանկանում է Էգեյան ծովը դարձնել իր ներքին ծովը և դրանով իսկ Միջերկրական ծովից Թուրքիայի դեմ կառուցել պատ: