Ինչ բացահայտումներ է արել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը
168.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը: Այս փաստաթղթում նշված է, որ ձևավորվել է չորս ենթախումբ, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրել է առանձին խումբ խնդիրներ: Մասնավորապես` առաջին խումբն ուսումնասիրել է բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը՝բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածությանը, ներտնային համակարգի սպասարման ուսումնասիրություն:
Երկրորդ խումբը զբաղվել է 2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման և չափի հիմնավորվածության ուսումնասիրությամբ, Հայռուսգազարդ ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը:
Երրորդ ենթախումբը ուսումնասիրել է բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունների կանխատեսումները, ՀՀ տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումը, ՀՀ օրենսդրությամբ ՀՀ համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձևավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը:
Չորրորդ ենթախումբը ուսումնասիրել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկման կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային, համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին, ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակգնի վրա:
Հանձնաժողովի կազմած նախնական եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովը առանձնապես մեծ բացահատումներ չի կատարել, չնայած կան որոշ դրույթներ, որոնք ցույց են տալիս, որ այս ոլորտում ամեն ինչ չէ, որ կատարվել է օրինականության շրջանակներում: Բացի այդ՝ հանձնաժողովը բավական զգուշավոր է իր գնահատականներում և կոնկրետ նշված չէ, թե հատկապես ինչպիսի խախտումներ են թույլ տրվել, ովքեր են մեղավորները և ինչ պետք է անել թույլ տրված խախտումները ուղղելու համար:
Հանձնաժողովը վիճելի է համարում, թե ինչու պետք է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011-2013թթ. ձևավորված 129,5 միլիարդ դրամի պարտքը ձևակերպվեր, որպես պետական պարտք, որի դիմաց ՀՀ կառավարությունը հանձնեց «Հայռուսգազարդում» իր ունեցած 20 տոկոսանոց բաժնեմասը: Հանձնաժողովը լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն է տեսնում այդ բաժնեմասի գնահատման գործում:
Հանձնաժողովը անհրաժեշտ հիմնավորվածության կարիք է տեսնում, որ սակագնի մեջ ներառված է 669,94 միլիոն դրամի նորոգման և նյութական ծախսեր, որը 153,83 մլն դրամով ավել է նախորդ սակագնի հաշվարկի մեջ ներառված գումարից: Հանձնաժողովը նշում է, որ 29,8 տոկոսանոց աճը այնքան էլ հիմնավորված չէ, այն դեպքում, երբ վերջին երեք տարիներին համապատասխան ապրանքային և ծառայությունների շուկաներում փոփոխություններ չեն եղել:
Հանձնաժողովի համար վիճարկել է «Հայռուսգազարդի» շահույթի մեծացումը: Օրինակ, նախորորդ սակագնի հաշվարկի մեջ յուրաքանչյուր հազար խմ-ի մեջ շահույթը հաշվարկվել է 7524 դրամ, և կազմել է 11 282 մլն դրամ, իսկ 2013թ. այդ թիվը հասցվել է 8129 դրամ՝ յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց, կամ՝ 13 860 մլն դրամ: Այսպիսով՝ հանձնաժողովը արձանագրում է, որ երեք տարվա մեջ յուրաքանչյուր հազար խմ իրացումից «Հայռուսգազարդի» շահույթի չափը ավելացվել է 12 տոկոսով կամ՝ 875 դրամով:
Առավել մտահոգիչ է այն, որ ներկա սակագնի մեջ շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկված են 20,3 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ սակագնի հաշվարկի մեջ այդ գումարը եղել է կրկնակի պակաս՝ 10,3 միլիարդ: Ընդ որում՝ աշխատավարձի գծով ծախսը ավելացվել է 8,9 միլիարդ դրամով. Միջին աշխատավարձը 119 հազար դրամի փոխարեն հասել է 227 հազար դրամի, գրեթե 1000-ով ավելացել է «Հայռուսգազարդի» աշխատակիցների քանակը՝ 4792-ից հասնելով 5783-ի:
Հանձնաժողովը նշում է, որ այս բացահայտումները ամբողջական չեն, և մինչև տարեվերջ ժամանակ է խնդրում մնացած ուղղություններով ևս ուսումնասիրություններ իրականացնելու և վերջնական եզրակացություն ներկայացնելու համար: