Ռիչարդ Կիրակոսյանը` Բաքվից. «Բանավոր հարձակումները մեզ` երեք մեկուսացված հայերի վրա, հիաթափեցնում է»
Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին Հայաստանի պատվիրակության անդամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ակտիվորեն գրառումներ է կատարում Թվիթերի իր միկրոբլոգում` լուսաբանելով Բաքվի քննարկման ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները:
Քաղաքագետն այսպիսի եզրակացության է եկել. «Առանց ղարաբաղյան հակամարտության` Ադրբեջանի դիվանագիտությունն ու անվտանգությունը կսասանվի: Մեկ հիմնահարցի վրա հիմնված ռազմավարության սահմանափակությունը»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 86-րդ սեմինարը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը: Հայաստանից սեմինարին մասնակցում են նաև ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, ով գլխավորում է հայկական պատվիրակությունը, և Թևան Պողոսյանը: Հայ երկու պատգամավորները, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, նախանձելի աշխատանք են կատարում Բաքվում և պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը:
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հնարավորություն է այցելել Բաքու, բայց հուզական պոռթկումները և բանավոր հարձակումները մեզ` երեք մեկուսացված հայերի վրա, հիաթափեցնում է»,- ավելացրել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Ի դեպ, նա իր մեկ այլ գրառման մեջ նկատել է. «Դեռևս մի փոքր սյուրռեալիստական է թվում Բաքվի կենտրոնում նստած լինելը»: