Հայ-ադրբեջանական կրքեր Բաքվում. ադրբեջանցիների մեղադրանքներն անպատասխան չմնացին
Հայ-ադրբեջանական հակամարտության հերթական հարթակը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է, սակայն այս անգամ գլխավոր դերակատարները ոչ թե զինվորականներն են, այլ քաղաքական գործիչները:
Երեկ` հունիսի 16-ին, Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոթ» 86-րդ սեմինարը` «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Սեմինարին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետական, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թեմայով զեկուցող: Իր զեկույցում Ռ. Կիրակոսյանը մասնավորապես ասել է, որ 20 տարվա ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, կողմերը հեռու են միմյանցից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի շատ Մինսկ է, քան խումբ:
«Որպես խումբ` այն իրեն չի արդարացրել, իրեն չի արդարացրել նաև հակամարտության կարգավորման ձևաչափը: Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե կարգավորմամբ , այլ հակամարտության կառավարմամբ: Պետք է հրաժարվել դրանից»,- հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու մասին` ավելացնելով. «Ժամանակն աշխատում է բոլորի դեմ: Այս համակարտությունում չկա ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող»:
Սեմինարի հաջորդ օրը հայ-ադրբեջանական բանավեճն ավելի է սրվել: Հատկապես աչքի են ընկել ադրբեջանցիները, որոնց ելույթները հիմնականում կրել են հուզական բնույթ: Համենայն դեպս այդպես են ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցները: Կրքերը բորբոքվել են հայ պատվիրակների ելույթներից հետո:
Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքը, որ նախաձեռնել է Ադրբեջանը, լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Նա շեշտել է` վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացել է 20 անգամ, ինչն իրական սպառնալիք տարածաշրջանի համար: Այդ կապակցությամբ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կառույցից կոշտ արձագանք է պահանջել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը, Նահապետյանից հետո ելույթ է ունեցել Թևան Պողոսյանը` Ադրբեջանին մեղադրելով պատերազմը սանձազերծելու մեջ: Սեմինարը ղեկավարող Թոդոր Թագարևը միջամտել է` կարծիք հայտնելով, թե հայ պատվիրակների ելույթները սեմինարի օրակարգից դուրս են: Հայաստանի պատվիրակության հայտարարությունները, բնականաբար, դուր չեն եկել ադրբեջանական կողմին, և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆաթ Ասքերովը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և հայկական պատվիրակության հասցեին` նշելով, թե վերջինս երկու օր շարունակ «Բաքվում սադրանքով է զբաղվում»:
Ավանդույթի համաձայն` անցնելով «գրավյալ տարածքների» և «միլիոնավոր փախստականների» մասին ադրբեջանական հայտնի հռետորաբանությանը, Ասքերովը հայտարարել է, թե «ահաբեկչությունը Հայաստանում պետական քաղաքականություն է, իսկ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը տարածաշրջանի թիվ մեկ ահաբեկիչն է»: Նույն Ասքերովը հանցագործություններ կատարելու մեջ է մեղադրել նաև Թևան Պողոսյանի հորը` ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանին:
«Քո հայրն այն մարդկանցից է, որ արյունոտ հանցագործություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ Ղարաբաղում`իրենց իսկ հողում: Ես լուրջ ապացույցներ ունեմ, և այս պահին Հանրապետական զինվորական դատախազությունը հետաքննություն է իրականացնում այդ կապակցությամբ: Շատ շուտով քո մարդասպան հորը կգտնեն Ինտերպոլով և կբերեն այստեղ ու նա կստանա իր պատիժը»,- ասել է Ասքերովը: Զիյաֆեթ Ասքերովն անգամ պահանջել է հեռացնել Հայաստանի պատվիրակությանը վեհաժողովից:
Թվիթերի իր միկրոբլոգում այս միջադեպի մասին գրել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Վերջինս նշել է, որ ադրբեջանական պատվիրակների վարքը ողբերգական ֆարս է հիշեցնում, քանի որ նրանք Հայաստանի նախագահին «ահաբեկիչ» են անվանել, իսկ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակ Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են «ահաբեկչության մեջ»: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի`Թևան Պողոսյանը, ի պատասխան այդ մեղադրանքին, ընդգծել է, որ հպարտ է այն ամենով, ինչ իր հայրն արել է:
Yerkir.am-ին այսօր հաջողվել է կապ հաստատել Բաքվում գտնվող Թևան Պողոսյանի հետ, ով կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանցիներն ամեն կերպ ցանկացել են սրել իրավիճակը, սակայն սեմինարի կազմակերպիչները թույլ չեն տվել: Անդրադառնալով Ասքերովի ասածներին` Թևան Պողոսյանը նշել է.
«Ես ասացի, որ հպարտ եմ իմ հայրիկով, իր կյանքում արած ամեն ինչի համար` հանուն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի: Հպարտ եմ, որ ինձ հայրենասեր է դաստիրակել և որ կշարունակեմ իր աշխատանքը»:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, առաջին հերթին հարկ համարեց շեշտել, որ Բաքվի սեմինարի մասին տեղեկությունները ստանում ենք հիմնականում ադրբեջանական մամուլից, ինչի պատճառով ներկայացված պատկերը կարող է ամբողջովին չարտացոլել իրականությունը:
Մեր զրուցակցի կարծիքով` իհարկե, ադրբեջանցիներին պետք է պատասխանել, սակայն իր մոտ այնպիսի տպավորություն է, որ պատասխանները տրվում էին` ըստ անհատական մտածելակերպի և ճաշակի, իսկ ադրբեջանցիներն իրենց հայտարարություններում ներկայացնում էին Ադրբեջանի պետական հայեցակարգը:
«Ես բազմիցս ասել եմ, հիմա նորից եմ կրկնում` մեր բոլոր մակարդակի պատվիրակները պետք է ունենան Հայաստանի պաշտոնական կոնցեպտը, թե որն է մեր տեսակետը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: -Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանին պետք է այնտեղից հեռացնեն կամ չհեռացնեն, դա որևէ կապ չունի Ադրբեջանի ցանկության հետ: Հայաստանը մասնակցում է` ըստ պարտավորությունների և այդ կազմակերպության օրակարգի: Հեռացնելու հարցը դրվում է այն ժամանակ, երբ պետությունն ինքն է հրաժարվում կամ չի կատարում իր պարտավորությունները: Եթե Ադրբեջանին լսենք, Ադրբեջանը ՄԱԿ-ից էլ Հայաստանին կհանի»: