Ուկրաինայի խորհրդարանը միջազգային հանրությունից պաշտպանություն է խնդրել՝ կապված ռուսական ԶԼՄ-ների կեղծիքների հետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան միջազգային հանրությանը խնդրել է կոչով դիմել ռուսական ԶԼՄ-ներին՝ պահպանելու համար լրագրողական էթիկան ու պրոֆեսիոնալ չափորոշիչները:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ԶԼՄ-ների իրականացրած տեղեկատվական-հոգեբանական ագրեսիայի հարցով Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Լրագրողների եվրոպական ֆեդերացիային, Եվրոպացի լրագրողների ասոցիացիային, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, Միջազգային օլիմպիական կոմիտեին դիմելու մասին թիվ 4026 որոշման օգտին քվեարկել է 233 պատգամավոր:
Որոշման մեջ նշված է, որ Ռուսաստանը համակարգված ու նպատակամղված ձևով տեղեկատվական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ. «Մասնավորապես, Ուկրաինայում ու նրա սահմաններից դուրս մանիպուլացնելով հասարակական գիտակցությունը՝ ռուսական ԶԼՄ-ները տարածում են Ուկրաինայի մասին ոչ հավաստի, ոչ լիարժեք ու կանխակալ տեղեկատվություն: Ընդ որում, կիրառվում են տեղեկատվա-հոգեբանական պայքարի բոլոր մեթոդները՝ ընդհուպ մինչև կիսաճշմարտություն ու չքողարկված սուտ»: