ՀԱՊԿ-ը մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը. Բորդյուժա
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ռուսաստանի Պետդումայում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը և շարունակելու է զարգացնել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:
Բորդյուժան հավելել է, որ առաջնահերթ է համարվում նաև ՇՀԿ-ի հետ համագործակցության ու Չինաստանի հետ երկկողմ ձևաչափի ամրապնդումը. «Ընդգծվել է Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի միջազգային կառույցների հետ քաղաքական աջակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Առանձին ուշադրության արժանի է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, որի ազդեցությունը տարածաշրջանում անվիճելի է՝ հատկապես հաշվի առնելով Աֆղանստանի գործոնը: Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է բաց դիմակայության շեմին:
Մի շարք երկրներ գործնականում այլևս չեն թաքցնում իրենց գործողությունները, կոպտորեն միջամտում են այլ երկրների ներքին գործերին, փորձում են մանիպուլացնել հասարակական կարծիքը, տնտեսական ու ֆինանսական ազդեցություն ունենալ նրանց իշխանական կառույցների ու բնակչության վրա»: