«Իրար պահելու, թիկունք կանգնելու կամքը գնալով նվազում է»

Սարգիս Շահինյանին շվեյցարահայ համայնքում գրեթե բոլորն են ճանաչում։ Ի պաշտոնե` նա Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահն է և Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի քարտուղարը։ Ոչ ֆորմալ առումով քաղաքական անցուդարձին քիչ թե շատ տեղյակ մարդիկ Ս. Շահինյանին համարում են լոբբիստ։ Այսինքն` մարդ, ով փորձում է առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Ինքը` Ս. Շահինյանը, չի հերքում, որ զբաղվում է լոբբիստական գործունեությամբ։ Սակայն ավելացնում է` լոբբիստական` բառի ամենաառողջ իմաստով։

«Խնդիրն այն է, որ լոբբիզմ ասելով` թե՛ Հայաստանում, թե՛ այստեղ ուրիշ բան են հասկանում։ Ամեն անգամ երբ ինձ որպես լոբբիստ են ներկայացնում` ես ասում եմ` այո, սակայն։ Ինձ համար լոբբիզմը մշակույթ է։ Եթե կարողանաք այդ մշակույթն անցկացնել երրորդի մոտ, ապա ձեր լոբբիզմը կհաջողվի»։ Մեր հարցին` դուք ձեզ հաջո՞ղ լոբբիստ եք համարում, Ս. Շահինյանը պատասխանեց` այո, թեպետ ավելի տեղին կլիներ օգտագործել «արդյունավետ» բառը։ Շվեյցարիայում ծնված, սակայն հայկական ինքնությունը լիովին պահպանած ու Հայաստանի մասին գերազանց տեղեկացված այս մարդու հետ զրուցեցինք թե Շվեյցարիայում հայերի մասին, թե՛ Հայաստանի, և թե՛ հայ-շվեյցարական հարաբերությունների։

– Պրն Շահինյան, քանի՞ հայ կա այսօր Շվեյցարիայում, և ի՞նչ արմատներ ունեն նրանք։

– Հայկական համայնքը մոտ 6000 հոգի է։ Հայաստանից եկած հայերի թիվը` 1000-1500։ Մնացածի մեծ մասը պոլսահայեր են, բեյրութահայեր և պարսկահայեր։ Գրեթե բոլորն էլ մնալու և աշխատելու իրավունք ունեն, կայացել են։ Միայն Հայաստանից վերջերս եկածները որոշակի խնդիրներ ունեն։ Բայց նրանց մեջ բավականին մեծ քանակություն երիտասարդների, որ հրավիրվել է պրոֆեսիոնալ գծով` իրենց գիտելիքների և որակի շնորհիվ։

– Հայկական համայնքը կազմակերպվա՞ծ է։

– Թղթի վրա` այո, իրականության մեջ` ոչ։ Իրար գտնելու հնարավորությունները կան, սակայն իրականությունն այն է, որ իրար պահելու, թիկունք կանգնելու հնարավորություններն ու կամքը գնալով քչանում են։

Երբ ռումինացին, ուկրաինացին կամ լեհը դժվարություններ է ապրում, նա փորձում է ճանապարհը խաչաձևել և մեկը մյուսի մոտ գնալ։ Իսկ մեզ մոտ, եթե ուրիշ ճանապարհ լինի, սիրով այդ ուրիշ ճանապարհով կգնանք։ Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր հայկական, ընտանեկան դաստիարակություն ունեն, և ում համար հայրենասիրությունն աղտոտ շապիկ չէ։ Այս մարդիկ կարող են իրենց հայրենակցի` եղբոր, քրոջ հանդեպ հետաքրքրություն ունենալ և նույնիսկ օգտակար լինել, եթե կարիք լինի։ Սակայն այդ խավն արդեն որպես սպիտակ ճանճ կարելի է որակել։

– Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից` ըստ Ձեր տպավորության։

– Ապրելու խնդրի պատճառով։ Իրենք թողել են Հայաստանը, որովհետև Հայաստանում չէին կարող կամ չէին ուզում ապրել տարբեր պատճառներով` սկսած սոցիալ-տնտեսական պայմաններից, վերջացրած անվտանգությամբ և մտավոր մթնոլորտի պակասով։ Քաղաքական հնարավորությունների մեջ ընդհանրապես չխորանամգ Չէին հեռանա, եթե կարողանային որպես մտածող անձնավորություն իրենց ճիշտը ոչ թե պարտադրել, այլ գոնե հնչեցնել, հաշվի առնել տալ ղեկավարության կողմից։ Եթե ղեկավարությունն այդ մթնոլորտը հաշվի առներ, մարդուն հաշվի առներ` մարդու տեղ դներ։

Մարդկայնության պակասը զգացվում է ոչ միայն մարդկային հարաբերությունների տեսանկյունից։ Որպես քաղաքացիական հասարակությունը կերտող տրամաբանության տեր անձ` ձեր ներկայությունը պետք չէ Հայաստանում։ Նկատի ունեմ նրանց, ովքեր թողնում-գնում են։

– Իսկ ինչո՞ւ են գալիս հենց Շվեյցարիա, որտեղ հաստատվելն ու ինտեգրվելը շատ ավելի դժվար է, քան, ասենք, մյուս եվրոպական երկրներում:

– Որովհետև այստեղ ավելի մեծ հեռանկարներ կան։ Եթե այստեղ դուք փաստեք, որ ձեր մտավոր ունկաթյունները համապատասխանում են այստեղի ակնկալիքներին, կունենաք բարգավաճելու և հանգիստ կյանք ապրելու հսկայական հնարավորություններ։ Հանգիստ` բառի բուն իմաստով։ Եթե դուք նորմալ աշխատանքի լինեք, կստանաք այնպիսի մակարդակի աշխատավարձ, որը իրապես կարող է ձեր կենցաղն ապահովել և հնարավորություն տալ ապրել ձեր կյանքը աշխատանքի այդ 8.5 ժամվանից զատ։

– Հայաստանից եկածների քանի՞ տոկոսին է հաջողվում մնալ այստեղ ու կայանալ։

– Ճշգրիտ չեմ կարող ասել, բայց փոքրամասնություն է։

– Անդրադառնանք Ձեր գործունեությանը խորհրդարանում։ Ինչո՞վ եք զբաղվում` ի՞նչ եք անում։ Ի՞նչ նպատակներ եք հետապնդում։

– 3 ուղղությամբ ենք աշխատում։ Առաջինը` պետական հարաբերությունների զարգացումն է, մանավանդ խորհրդարանական հողի վրա։ Երկրորդ ուղղությունը տնտեսական հարաբերությունների զարգացումն է պետական մակարդակով` կառավարությունների միջոցով։ Դրա համար մեր երկու այցերի ընթացքում` 2008-ին և 2012-ին, փորձեցինք գտնել պլատֆորմներ, որոնք մեզ հնարավորություններ կտային Հայաստանի տնտեսական օղակների հետ այս խնդիրը շոշափել և կոնկրետացնել։

Մանավանդ 2012-ի մեր այցն այդ առումով շատ կոնկրետ եղավ։ Եվ մոտ օրերս կայանալիք մեր այցելությունը Հայաստան հենց այդ ուղղությամբ է լինելու։
Երրորդ ուղղությունը քաղաքական խնդիրներն են։ Նախ` կապված Ցեղասպանության հետ և Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի ուղղությամբ ոչ միայն Շվեյցարիայում, այլ նաև այլ երկրներում։ Քաղաքական ուղղությամբ կարևոր են նաև Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը նպաստող քայլերը, հիշեցումները` որոնք են խոցելի կետերը։

Մենք մեր այցելությունների ժամանակ բացեիբաց շեշտերը դրեցինք։ Այլ խնդիր է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ նախագահը չցանկացան այդ ուղղությամբ լրջորեն լսել մեզ` միայն նախորդ վարչապետն էր (Տիգրան Սարգսյանը.- Բ.Թ.), որը միայն տնտեսական ոլորտում մեր մատնանշած ուղղությունների, առաջին հերթին` այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները զարգացնելու և օդային կապերի զարգացման և ազատականացման վրա ուշադրություն դարձրեց` Եվ տեսնում ենք, որ մեր խորհուրդներն ունեցան որոշ չափով իրենց հետևանքները` ոչ միայն մեր շնորհիվ, այլև ընդհանուր անհրաժեշտությունը գիտակցելու։

– Իսկ նոր վարչապետի` Հովիկ Աբրահամյանի հետ հույսեր կապո՞ւմ եք։

– Քաղաքականության մեջ հույս բառը չկա։ Հովիկ Աբրահամյանը հարց լուծող և իր տեսակով հասկացող անձնավորություն է և կարող է շատ լավ հասկանալ, թե նախապատվությունները որոնք են։ Իհարկե` պետք է տարբերել` դա ի՞ր, իր քաղաքական շրջանակի՞ նախապատվություններն են, թե՞ ժողովրդի։ Այն օրը, երբ ինքը ժողովրդի նախապատվությունն ամենագերագույնը դարձնի, ես վստահեցնում եմ, որ խնդիրները շատ արագ կլուծվեն։ Այս պահին այդ վիճակին չենք հասել։ Մենք հուսով ենք, որ մեր կապերի միջոցով դրան կհասնենք։ Ինքը մի քանի անգամ եկել է Շվեյցարիա, իրեն հանդիպել ենք որպես խորհրդարանական խումբ և մեր մտահոգությունները հստակորեն դրել ենք սեղանի վրա։ Եվ ինքը լսել է։ Այսինքն, գիտենք, որ ինքը տեղյակ էգ Հիմա ինքը պետք է շարժվի։ Այդ հնարավորությունն ունի շարժվելու, որովհետև այդ ուժն ունի։

– Քանի որ Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն…

– Համոզվա՞ծ եք։ Աստանայի ժողովից հետո ես, օրինակ, այդքան համոզված չեմ։

– Եթե հավատանք իշխանություններին, ամեն ինչ իր հունով գնում է առաջ։ Եվ եթե ստորագրվեց անդամակցության պայմանագիրը` դա կարո՞ղ է խոչընդոտել Ձեր նշած խնդիրների լուծմանը։

– Ոչ։ Որևէ խնդիր չկա Շվեյցարիայի և Հայաստանի միջև` երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով։

– Իսկ ժողովրդավարության առումո՞վ։ Չէ՞ որ այն տարածքը, որի մաս ենք դառնալու, ժողովրդավարական արժեքներով, մեղմ ասած, աչքի չի ընկնում։

– Այսպես ասեմ` ամեն ինչ սկսվում է ձեր տնից։ Դուք պիտի որոշեք, թե ձեր տանն ինչ եք ուզում անել։  Եթե այդ եզրին եք հասել, որ ավելի քան 1 միլիոն հոգի հայրենիքը թողել-գնացել է, ունեք պակաս մարտական ուժ, պակաս ներդրում, պակաս հնարավորություն, շրջանառության նվազում, ո՞նց պիտի տնտեսական ակնկալիքներ ունենաք։ Ո՞նց պիտի ստեղծեք մթնոլորտ, որտեղ դրամը շրջանառվի (որովհետև միայն շրջանառվող դրամն է, որ նոր դրամագլուխ է ստեղծում)։ Ո՞նց պիտի տարբերություն ստեղծեք, որպեսզի մարդկանց կյանքի որակը բարձրանա։ Ո՞նց պիտի անեք, որպեսզի շուկան լիբերալիզացվի` փոխանակ մեկուսանա։ Սա է միակ հնարավորությունը, որպեսզի ժողովուրդը մնա Հայաստանում։

Իսկ եթե նպատակն այլ է… Քաղաքական տեսանկյունից, եթե նպատակն այն է, որ Հայաստանը դառնա միայն ռազմական բազա` Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Իրանի համար, կամ ծառայի` միայն որպես տարանցիկ միջանցք կամ որևէ գազամուղի անցկացման վայր, արդեն խոսում ենք ուրիշ բանի մասին:

– Իսկ Ձեր նշած ազնիվ նպատակները կա՞ն, տեսնո՞ւմ եք։

– Ոչ։ Ինչպես և չեմ տեսնում Ցեղասպանության հարցի հետ կապված նպատակները։

– Այդ դեպքում ո՞րն է Ձեր լավատեսության հիմքը, ո՞րն է Հայաստան այցելելու և հանդիպումներ ունենալու իմաստը։

– Որովհետև ո՛չ ես, ո՛չ դուք, ո՛չ մեկ ուրիշն իրավունք չունի հրաժարվել իր ժողովրդի գոյատևման ծրագրի մասից։ Ինչ հնարավորություն որ կա` գիտական և հասարակական մակարդակի վրա, պետք է գործադրել։ Չի կարող այնպես լինել, որ երբ դանակը կոկորդին հասած լինի, նույնիսկ ամենակոռումպացված ղեկավարի դեպքում, որ ինքը խնդիրը չհասկանա։ Հնարավոր է, որ հասկանալու ժամանակ արդեն շատ ուշ լինի, բայց և հնարավոր է` խնդիրները միանգամից լուծվեն։ Մենք` իբրև հայ ժողովուրդ, միշտ ունեցել ենք մեր մեջ այդ ռեսուրսը։ Եղել ենք քիչ, սակայն մեր մեջ եղել են որակյալ անհատներ, որոնք կարողացել են մեր պատմության ընթացքը փոխել։ Դա միշտ եղել է, քանի որ այդ մարդիկ միշտ եղել են առանցքային տեղերում։

 

Տեսանյութեր

Լրահոս