Ֆրանսուհու ստեղծած գրպանի մոխրամանները տարածվում են աշխարհում. Ձգտել եմ ստեղծել այնպիսի մոդել, որը գործնական լինի (լուսանկարներ)

Հարցազրույց ֆրանսուհի ձեռնարկատեր, նորարար Ֆաբիենն Մանինի (Fabienne Manin) հետ

Լիոնից 50 կմ հեռավորության վրա գտնվող Լեյման գյուղի բնակչուհի Ֆաբիենն Մանինի ստեղծած մոխրամանները գրավել են ոչ միայն ֆրանսիացիներին, այլև հարևան երկրների ծխողներին, մինչև անգամ` կանադացիներին ու մեքսիկացիներին: Գրպանի մոխրամաններն աստիճանաբար տարածվում են աշխարհում, իսկ մեր երկրում դրանք հանրահայտ չեն, ու ծխախոտի մնացորդները շարունակում են աղտոտել հասարակական վայրերն ու միջավայրը: 47-ամյա ֆրանսուհու նորարարությունը 10 տարվա վաղեմություն ունի, սակայն Հայաստանում շատ քչերը գիտեն այդ մասին:

– Ինչպե՞ս ծնվեց գրպանի մոխրաման ստեղծելու գաղափարը:

– 10 տարի առաջ, երբ հանգստանում էի ծովափին, ինձ վրդովեցնում էին ծխախոտի հազարավոր մնացորդները, որ աղտոտում են ծովի ափը, հետո հայտնվում ջրի մեջ: Այդ մնացորդները պարունակում են նյութեր, որոնք վնասակար են ձկների, կրիաների և ծովային այլ կենդանիների համար: Քաղաքում էլ անընդհատ աչք էին զարնում մայթեզրերին, այգիներում թափված ծխախոտի բազմաթիվ մնացորդները: Դրանք կոյուղաջրերի միջոցով լցվում են գետերը` մեծ չափով աղտոտելով բնությունը:

Կարդացեք նաև

moxraman-Fabien (1)

– Իսկ դուք ծխո՞ւմ եք:

– 10 տարի առաջ, երբ գրպանի մոխրամանի գաղափարը ծնվեց, ես դեռ ծխում էի, բայց արդեն 8 տարի է` ոչ մի գլանակ չեմ վերցրել ձեռքս: Գաղափարը, իմ կարծիքով, օգտակար է երկուստեք` թե՛ ծխողներին, և թե՛ բնությանը:

– Արդյոք մինչ այդ գրպանի մոխրաման հասկացությունը գոյություն ունե՞ր:

– Գիտեմ, որ նախկինում Ասիայում արտադրվում էր գրպանի մետաղե մոխրամանի մի մոդել, որը գործնականում այնքան էլ հարմար չէր, քանի որ ջրի հետ շփումից ժանգոտվում էր: Այդ ժամանակ Ֆրանսիայում բավականին դժվար էր գտնել գրպանի մոխրաման. վաճառքում չկար: Կրպակներում վաճառում էին մեծ քանակի ծխախոտ, բայց ոչ մի ծխող պատրաստ չէր բնության հանդեպ պատասխանատվություն կրել. ծխախոտի մնացորդները լավագույն դեպքում նետում էին մոտակա աղբարկղը:

moxraman-Fabien (2) moxraman-Fabien (3)

– Ո՞ւմ է պատկանում գրպանի մոխրաման ստեղծելու հեղինակային իրավունքը:

– Ֆրանսիայում գրպանի մորխրաման ստեղծելու գաղափարի հեղինակային իրավունքն իմն է: Ես ստեղծել եմ մոխրամանի 2 մոդել, որոնց հեղինակային իրավունքը ստանալու համար հայտ եմ ներկայացրել Ֆրանսիայի Արդյունաբերական պաշտպանության ազգային ինստիտուտ (Institut National de la Protection Industrielle):

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր ստեղծած մոխրամանը:

– Ձգտել եմ ստեղծել այնպիսի մոդել, որը գործնական լինի. ծխողները կարողանան ամրացնել իրենց բանալիների խրցին ու իրենց հետ տանել ամեն տեղ: Ես հաշվարկել եմ, որ մոխրամանի չափերը լինեն հարմար և տեղավորեն գլանակի մոտ 10 մնացորդ, տեղավորվեն ձեռքի ափի մեջ, գրպանում կամ պայուսակում: Ցանկացել եմ, որ մոխրամաններն ունենան կլոր եզրեր, հաճելի լինեն աչքի համար և հարմար` ձեռքում բռնելիս, մանավանդ որ` ծխողի ձեռքին կա արդեն ծխախոտի տուփ և կրակայրիչ: Մոխրամանները չպետք է բեռ դառնան ծխողների համար, այլ հակառակը` օգտակար և հարմար իր լինեն:

moxraman-Fabien (9)

– Ի՞նչ նյութերից են պատրաստվում դրանք:

– Ապրում եմ մի մարզում, որտեղ պլաստմասսե իրերի մի քանի արտադրություն կա, ուստի դիմեցի տեղի արհեստավորներին: Մասնագետներից մեկն ինձ խորհուրդ տվեց` ինչ նյութից կարելի է մոխրաման պատրաստել: Իմ ստեղծած 2` MEGO.H.S և H.S.MEGO մոդելի մոխրամանների մեջ ծխախոտի մնացորդները հանգչում են 10 վայրկյանում, քանի որ դրանք հերմետիկ են և ջուր չեն կլանում: Ես կիրառում եմ վերամշակված նյութ, որը հետագայում էլ հնարավոր է օգտագործել:

– Հիմնականում ովքե՞ր են հետաքրքրվում Ձեր արտադրանքով:

– Իմ հիմնական պատվիրատուները քաղաքապետարաններն են, տուրիզմի գործակալությունները, ակումբները, հանգստյան գոտիները, աղբ վերամշակող ձեռնարկությունները և, պարզապես, իրենց կազմակերպությունը գովազդել ցանկացողները, քանի որ ես մոխրամանների վրա փակցնում եմ իրենց ապրանքանշանը, կարգախոսը և կոորդինատները:

moxraman-Fabien (8)

– Ո՞ր երկրում ունեք առավել մեծ պահանջարկ:

– Պատվիրատուներն առավել շատ են Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ եվրոպական մյուս երկրներից պատվերներն ավելի քիչ են, քանի որ փոխադրման վրա ավելի շատ է ծախսվում: Կա նաև մտածելակերպի խնդիր: Բնապահպանությամբ մտահոգված են ու պատասխանատվության զգացում ունեն հիմնականում Հյուսիսային Եվրոպայի զարգացած պետությունների, օրինակ` Գերմանիայի, Բելգիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների բնակիչները:

moxraman-Fabien (6)

– Արդյոք գրպանի մոխրաման վաճառելը եկամտաբե՞ր գործ է:

– Տարեկան վաճառում եմ մոտ 30 000 մոխրաման, սակայն միայն այս աշխատանքը բավարար չէ, և ես միաժամանակ այլ գործ էլ եմ անում: Ունենալով իմ սեփական ձեռնարկությունը`մի հիմնարկում զբաղեցնում եմ նաև տնօրենի օգնականի պաշտոնը:

– Իսկ Դուք քանի՞ օգնական ունեք:

– Մեծ պատվերների դեպքում դիմում եմ տեղի մի արհեստանոցի, սակայն դա հազվադեպ է լինում, հիմնականում ինքս եմ պատրաստում երեկոյան` աշխատանքից վերադառնալուց հետո և հանգստյան օրերին:

– Ձեզնից բացի` կա՞ն գրպանի մոխրաման արտադրողներ:

– Ֆրանսիայում կան այլ արտադրողներ ևս, բայց իմ հիմնական մրցակիցներն ասիական երկրներից են, սակայն իրենց մոխրամաններն ավելի էժան են և, բնականաբար, որակն` ավելի ցածր: Այժմ արդեն կան բազմաթիվ տարբեր չափի, ձևի, զանազան նյութերից պատրաստված մոխրամաններ, օրինակ` երկաթից, որ դժվարությամբ են բացվում կամ ժանգոտվում են, ստվարաթղթից, որ խոնավանում, ճմրթվում են և, ի վերջո, հայտնվում փողոցում`ծխախոտի մնացորդների կողքին:

moxraman-Fabien (5)

– 10 տարվա ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել մոխրամանի արտադրության շուկայում:

– Իմ կարծիքով` 10 տարվա ընթացքում, իսկապես, այս շուկայում հայտնվել են նոր արտադրողներ, բայց նրանց մոխրամաններն այնքան էլ որակով ու արդյունավետ չեն. ցանկացել են առավելագույնս նվազեցնել արտադրության ծախսերը, ինչի հետևանքով տուժել է մոխրամանների և՛ որակը, և՛ հարմարավետությունը:

– Իսկ բնության պահպանության հարցում ի՞նչ առաջընթաց կա:

– Վերջին տարիներին նորաձև է դարձել բնապահպանական կարգախոսներ օգտագործելը, և գրպանի մոխրամաններ արտադրող շատ ձեռնարկություններ այնպիսի կարգախոսներ են ընտրում, որոնցում շեշտում են, որ իրենք պահպանում են շրջակա միջավայրը, ինչն էլ դարձել է հասարակության վրա ազդելու շատ կարևոր գործոն:

moxraman-Fabien (7)

– Որո՞նք են Ձեր ձեռքբերումները:

– 2 երեխաներիս միայնակ եմ մեծացրել, ուստի ստիպված եմ եղել լինել շատ համարձակ և նախաձեռնող` թե՛ իմ անձնական, և թե՛ մասնագիտական կյանքում: Կյանքը ստիպել է ինձ լինել շատ նախանձախնդիր ու միշտ ուղիներ գտնել իմ ճանապարհին հանդիպող խնդիրները լուծելու համար: Հենց այս որակներն էլ օգնել են ինձ` իմ ձեռնարկությունը հիմնելու գործում: Կարևոր եմ համարում նաև այն, որ 44 տարեկանում ստացել եմ բարձրագույն կրթության դիպլոմ և զբաղեցնում եմ տնօրենի օգնականի պաշտոնը:

– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:

– Եթե ազատ ժամանակ ունենում եմ, սիրում եմ անցկացնել երեխաներիս ու հարազատներիս հետ, ինչպես նաև` հաճելի զբոսանքներ կազմակերպել բնության գրկում, բացահայտել նոր վայրեր և մասնակցել աշխարհի տարբեր ազգերի մշակութային միջոցառումներին:

– Ձեր ուղերձը հայ ծխողներին:

– Խորհուրդ կտամ օգտագործել գրպանի մոխրամաններ, ավելի նրբանկատ ու հոգատար լինել իրենց իսկ շրջակա միջավայրի հանդեպ և ծխախոտի մնացորդը փողոցում կամ այգում նետելուց առաջ` մտածել հետևանքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս