Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն տարածքներով, դա կորոշվի հանրաքվեով. Խանդանյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։
Հիշեցնենք, որ Փաշինյանն արդեն մի քանի անգամ ասել է, որ Հայաստանի ոչ մի կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ-անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն։
Խանդանյանը նշեց, որ անկլավների հարց այս պահին կա, որը, սակայն, պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում։
Խանդանյանը տեղեկացրեց, որ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ, հետո Հայաստանն ուԱդրբեջանը կորոշեն՝ ինչպես անդրադառնան անկլավների թեմային։
«Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ-որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաև վավերացվի։



