Իրանն աջակցում է ժողովրդավարական երկրի վերածվելու Եգիպտոսի ձգտմանը. ԱԳՆ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը մեկնաբանել է Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունները.
«Երկրում ընտրություններ անցկացնելը Եգիպտոսի օրինական իրավունքն է և հանդիսանում է կարևոր քայլ՝ երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Եգիպտոսի քաղաքական բոլոր կուսակցությունների մասնակցությամբ ազգային կառավարության ձևավորումը կբարձրացնի երկրի կայունությունը և կամրապնդի նրա դիրքերը համաշխարհային արենայում»:
Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հավաքել է քվեների 96.91 տոկոսը՝ ավելի քան 23 միլիոն քվե:
Ալ Սիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնում է 4 տարով, նրա նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի 2018 թվականի հունիսի 3-ին: Նախնական տվյալներով՝ Սիսիի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 8-ին: