Երեմ Սարգսյանը՝ դատախազին. Աչք եք փակել այդ ամենի վրա ու փորձել եք գործը րոպե առաջ դատախազությունից ուղարկել դատարան

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով շարունակվեց փորձագետի հարցաքննությունը: Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք փորձաքննության ընթացքում ուսումնասիրվե՞լ են Լիա Միսակյանի արյան քննության արդյունքները: Ի պատասխան փորձագետն ասաց, որ դրանք ուսումնասիրվել են, արյան համակարգի հետ կապված երեխայի մոտ հիվանդություններ չեն եղել:

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք նա ծանո՞թ է հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը, որը կատարվել էր ավելի վաղ: Փորձագետն էլ ասաց, թե քանի որ իրենք կատարել են կրկնակի փորձաքննություն, իրենց տարամադրվել է այդ փորձաքննությունը, որին իրենք ծանոթացել են:

Փաստաբանը փորձագետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս իրենք կարող են որոշել՝ փորձագետների ո՞ր խումբն է ավելի ճիշտ և հիմնավոր եղել: Ի պատասխան փորձագետն ասաց, որ հիմնականում իրենց եզրակացության մեջ վեր հանված խնդիրները գրեթե նույնությամբ եղել են նաև առաջին փորձաքննության մեջ:

«Եթե դուք ի մի բերեք նախորդ և ներկայիս փորձաքննությունները, ըստ էության, եզրակացությունների մեջ, համենայն դեպս, հետևությունների բաժնում էական ոչ մի տարբերություն չկա»,- ասաց փորձագետը: Ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց, թե իրենց համար էական տարբերություններ կան:

Փաստաբանը նշեց, որ քննիչը փորձագետներին առաջադրել է նաև հարցը, թե ինչ վաղեմություն ունեն հիվանդի մոտ հայտնաբերված փոփոխությունները և փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք փորձաքննության մեջ որևէ տեղում նշվե՞լ է այդ հարցի պատասխանը: Փորձագետն էլ պատասխանեց, թե փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, որ թոքաբորբն ունի 4-5, իսկ նշիկաբորբը՝ 7 օրվա վաղեմություն:

Փաստաբանի ճշտմանը, թե խոսքը վերաբերում է փոփոխություններին, փորձագետն ասաց, որ նշված երկուսը հիմնական հիվանդություններն են, իսկ մյուսները՝ ուղեկցող հետևանքներ:

Մեղադրողն ասաց, որ փորձաքննության մեջ հստակ նշվել են երեխայի հիմնական հիվանդությունները, ներկայացվել դրանց վաղեմության ժամկետները: Ըստ նրա՝ փոփոխությունները դրանց հետևանքներն են, եթե հիմնական հիվանդություններից մեկի վաղեմությունն, օրինակ, 5 օր է, հետևաբար՝ փոփոխությունների վաղեմությունը կարող է լինել մինչև հինգ օր. «Դրա կարիքը էլ չկար»:

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեղադրողի խոսքից հետո հանդես եկավ հայտարությամբ՝ նշելով, որ ինքը ձեռնպահ է մնում մեղադրողին բացարկ հայտնելուց՝ չնայած դրա հիմքերը կան: «Ձեռնպահ եմ մնում մեղադրողին բացարկ հայտնելուց, քանի որ հասկանում եմ, որ սա դատախազության միասնական դիրքորոշումն է, իմ գործընկերն էլ հստակ նշեց, թե ինչի համար: Հիմա հետևյալն եմ ասում: Հարգելի մեղադրող, եթե դուք ցուցումը տալիս եք քննիչին, որ այդ հարցերը առաջադրի, և այդ հարցի պատասխանը չեք ստանում (ընդ որում՝ ձեր հարցերից էր, թե ինչ ախտանիշներով է որոշվում, և այդ ախտանիշների պատասխանը չեք ստանում, հարցերից էր՝ մատնանշեք գրականություն, գրականության պատասխանը չեք ստանում)… եթե դուք ինձ կասեք, որ այս հարցերն ինքնանպատակ եք տվել, ես խիստ կկասկածեմ:

Lia Misakyan (1)Դուք այն ժամանակ նպատակային եք այս հացերը տվել, սակայն, պատասխան չստանալով, աչք եք փակել այդ ամենի վրա ու փորձել եք գործը րոպե առաջ դատախազությունից ուղարկել դատարան, որպեսզի ավելորդ ուշադրության կենտրոնում չհայտնվեք: Դրա համար ինքնաբացարկ չեմ հայտնում ձեզ, որովհետև միևնույն է՝ դուք փոխվեք, ուրիշ մեղադրող գա, նույնն էլինելու: Բայց երբ իմ հարցից հետո հայտարարությամբ եք հանդես գալիս, բարի եղեք նկատել, որ ձեր կողմից տրված հարցերին պատասխան չի տրվել, ու դուք առանց այդ պատասխանի, որ դուք էական էիք համարել, առանց քննարկելու արդեն մեղադրանք եք պաշտպանում»,- ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 5-ին. դատարանում կշարունակվի փորձագետի հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս