Հնարավո՞ր էր արդյոք փրկել 2.3 տարեկան երեխայի կյանքը. փորձագետի պարզաբանումները

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով այսօր հարցաքննվեց փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Փորձաքննության եզրակացության մեջ նշվել էր, որ հիվանդանոցում Լիա Միսակյանի ախտորոշումը թերի է կատարվել. երեխայի մոտ պետք է ախտորոշվեր թոքաբորբ, սակայն ընդունող բժշկի կողմից ախտորոշվել է սուր շնչառական ինֆեկցիա:

Մեղադրող Դավիթ Կարապետյանն այսօր դատարանում փորձագետից հետաքրքրվեց՝ ի՞նչ հանգամանքներից ելնելով է փորձագետը պնդում, որ ախտորոշումը թերի է եղել:

Փորձագետն ի պատասխան ասաց, որ, ըստ գործի տվյալների՝ Լիա Միսակյանը հիվանդանոց ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 31-ին. նրա խոսքով՝ փոքրահասակ երեխաների անամնեստիկ տվյալները սովորաբար ներկայացնում են ծնողները:

Փորձագետը դատարանում ասաց, որ Լ. Միսակյանի հիվանդության պատմագրի համապատասխան բաժնում նշված է եղել, որ երեխան հիվանդ է մոտ 14 օր, ունեցել է հազ, երեք օր առաջ ջերմության բարձրացում, ունեցել է փսխում, հիվանդանոց ընդունվելու օրը հրաժարվել է սննդից, երեկոյան բարձր ջերմություն և ցնցում է ունեցել, շրթունքների կապտություն:

Փորձագետն ասաց, որ այս տվյալներն ընթերցնելուց հետո շատերի մոտ կարծիք է ձևավորվում, որ երեխան բավական խնդիրներ է ունեցել: Փորձագետն ասաց, որ հիվանդության պատմագրում, բացի անամնեստիկ տվյալներից, բժիշկը նշել է, որ երեխայի շնչառական հաճախականությունը 32 է (ըստ փորձագետի՝ 2.3 տարեկան երեխայի համար 32 շնչական ակտը շատ է, սահմանային կարելի է համարել 28-ը), երեխայի ընդհանուր վիճակը գնահատել է ծանր, ջերմություն ունի, շնչում է տնքոցով:

«Շնչառությունը տնքոցով միանշանակ նշանակում է (որևիցե մեկը չի կարող հակառակը պնդել կամ ապացուցել), որ շնչառական համակարգի հետ լուրջ խնդիրներ կան: Սա արդեն ծանր, խորը գնացած թոքաբորբի մասին է վկայում»,- ասաց փորձագետը:

Նա նշեց, որ նման տվյալների առկայության դեպքում պետք է կատարվեին ընդհանուր լաբորատոր անալիզներ և թոքերի ռենտգեն նկարահանում. «Այստեղ երկրորդ կարծիք չէր կարող լինել, որ կարելի էր մտածել մեկ այլ բանի մասին: Այս նշված բոլոր տվյալները միանշանակ, առանց կասկածի խոսել են շնչական համակարգի խորը գնացած պրոբլեմների, ինտոքսիկացիայի և թոքաբորբի մասին»,- դատարանում ասաց փորձագետը՝ նշելով, որ անգամ առանց ռենտգեն հետազոտության կարելի էր հաստատել ախտորոշումը և անցնել «հզոր» հակաբակետերիալ բուժման, որը չի կատարվել:

Փորձագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ նշանակված բուժումը հակացուցված չի եղել, «այնպես չէ, որ ոչինչ չի արվել», սակայն կատարված բուժումը վերջնական արդյունքում չէր կարող նպատակային լինել, բուն հիվանդությանն ուղղված բուժում չի եղել:

Մեղադրող Դավիթ Կարապետյանն ասաց, որ դատարանում հնչել են կարծիքներ, թե Լիա Միսակյանի հիվանդությունը կայծակնային բնույթ է ունեցել և փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք հիմք կա՞ ենթադրելու, որ երեխայի մոտ հիվանդությունը կայծակնային ընթացք է ունեցել:

«Միանգամից կուզենամ հիասաթափեցնել այդ հարցով, որ չի եղել և չի կարող լինել նման խնդիր՝ կայծակնային զարգացում»,- ի պատասխան ասաց փորձագետը՝ նշելով, որ երեխայի անամնեստիկ, օբյեկտիվ տվյալները, նրա վիճակը խոսում են այն մասին, որ հիվանդությունն ունեցել է ծանրանալու ընթացք. «Ծանրանալով՝ եկել, հասել է իր ձևավորման վերջակետին: Ի՞նչ կայծակնային, եթե մենք այստեղ գործ ունենք թարախային թոքաբորբի հետ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան մտածել, ասել՝ կայծակնային»:

Մեղադրողն ասաց, որ կարծիք կար նաև այն մասին, որ հնարավոր է՝ երեխան խոզի գրիպով է հիվանդ եղել: Ի պատասխան փրձագետն ասաց. «Անգամ եթե այդ մասին են մտածել, որտե՞ղ է մտածելու պահին նրանց ձեռնարկած թեկուզ մեկ հետազոտությունը, որ շատ արագ ձևով արձագանքեին»:

«Եթե ամեն ինչ կատարվեր, աճող, նոր օրգանիզմ է (ճիշտ է երեխայի մոտ, ըստ մեր մորֆոլոգիական հետազոտության, այսինքն՝ դիակի ուսումնասիրության, օրգանիզմի ընդհանուր պաշտպանական թույլ ֆոն է եղել)…, բայց ամեն դեպքում կան բուժման տակտիկական սխեմաներ, որոնց ճիշտ ժամանակին կիրառման դեպքում հնարավոր էր նաև զերծ մնալ մահված ելքից, այսինքն՝ կյանքը փրկվեր:

Ինչո՞ւ ենք ասում, որ չի բացառվում, որ հնարավոր է, որովհետև միանշանակ ասել, կարելի է ասել՝ անթույլատրելի է: Կարող է՝ եթե ամեն ինչ իդեալական կերպով կատարվեր, ամենաբարձր մակարդակով հետազոտություններ և այլն, բայց հնարավոր է՝ նորից բուժման ընթացքում ինչ-ինչ խնդիրներ առաջանային, ունենայինք նույն բացասական պատկերը»,- ասաց փորձագետը:

Քրեական գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն էլ ասաց, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ թոքաբորբին բնորոշ նշաններն են 1-5 տարեկան երեխաների մոտ1 րոպեում 40 շնչառական ակտը, 38.5 աստիճան ջերմությունը, կրծքավանդակի ներքաշումները, թաց խզոցներ և այլ ախտանիշներ:

Փաստաբանն ասաց, որ թոքաբորբ ախտորոշելու համար, ըստ ԱՀԿ-ի՝ պետք է հիմնվել բժշկական փաստաթղթերի վրա. «Այնտեղ ջորմությունը 38.5 չի եղել, շնչառական ակտը 32 է եղել, 40-ից ավել չի եղել, կրծքավանդակի ներքաշումներ չի ունեցել և հևոց էլ չի եղել: Ինչո՞ւ պետք է իմ պաշտպանյալի կողմից ախտորոշվեր թոքաբորբ կամ էլ ինչ-որ տեղ կասկածեր, որ ռենտգեն հետազոտություն կատարեր»:

Փորձագետն էլ հակադարձեց, որ հիվանդին ԱՀԿ-ն չի բուժում, հիվանդին բժիշկն է բուժում. «Առողջապահության միջազգային կազմակերպության պրոտոկոլների մեջ գրված չէ, որ ցածր դիմադրողականության ֆոն ունեցող հիվանդի մոտ թոքաբորբը կարող է գնալ նաև ատիպիկ ձևով, ջերմությունը լինի ոչ թե 38.5, այլ 38.2., ոչ թե շնչառության հաճախականությունը լինի 40, կարող է լինել նաև 36: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կրկնում եմ, չի բուժշում հիվանդին, հիվանդին բժիշկն է բուժում»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

Տեսանյութեր

Լրահոս