ԵՄ-ում չգիտեն, թե ինչ է ուզում Հայաստանը
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականը` 2013թ. եվրոպական ինտեգրացիայի վրա կատարված ծախսերի մասով: Այս քննարկումն ինչ-որ իմաստով ռետրո է թվում, քանի որ Հայաստանն այլևս չի եվրոինտեգրվում, և սեպտեմբերի 3-ից հետո փորձում է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը, չնայած այդ միությանն ինտեգրվելու նպատակով իրականացված ծախսերի մասով ոչ մի քննարկում չի կատարվում: Քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:
– Տիկին Զոհրաբյան, Հայաստանը շարունակո՞ւմ է ինտեգրվել Եվրամիությանը, թե՞ այդ պրոցեսը սեպտեմբերի 3-ից դադարել է:
– Դեկլարատիվ հայտարարություններով միգուցե և շարունակվում է, բայց իրական, գործնական քայլեր ոչ միայն ես չեմ տեսնում, չնայած ես տեսողության հետ որևէ խնդիր չունեմ, այլև չեն տեսնում Եվրամիության մեր գործընկերները: Նրանց համար ևս տեսանելի չէ, թե Հայաստանն ինչ է ուզում և ընդհանրապես ուզո՞ւմ է, թե՞ ոչ:
– Քիչ առաջ Եվրոինտեգրման հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2013թ. բյուջեում եվրոինտեգրման նպատակով իրականացված ծախսերի կատարողականը, և նշվում էր, որ կատարողականը կազմել է 41 տոկոս: Արդյո՞ք այդ 41 տոկոսը կարելի է արդյունավետ ծախս համարել, և ընդհանրապես ինչի՞ վրա են ծախսվել այդ հսկայական գումարները:
– Գիտե՞ք, մինչև սեպտեմբերի 3-ը, երբ մենք դեռ չգիտեինք, որ մեկ օրում արտաքին քաղաքական վեկտոր կփոխվի, իհարկե լրջագույն ֆինանսական միջոցներ ծախսվել են Հայաստան-ԵՄ ասոցիացման պայմանագրի և նրա բաղադրիչը համարվող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների վրա: Երևի միայն հարյուրավոր փոխայցեր են եղել Երևան-Բրյուսել, ինչպես նաև բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որովհետև մինչ այդ մենք գիտեինք, որ նոյեմբերի 29-ին Հայաստանը նախաստորագրելու է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
Բայց այդ միջոցները, այդ ծախսերը, պարզվեց, որ անիմաստ են արվել, քանի որ, ինչպես նշեցի, մեկ օրում տեղի ունեցավ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, և պարզվեց, որ Հայաստանն ասոցիացվում է ոչ թե ԵՄ-ին, այլ Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը: Հիմա մեզ ասում են, որ հունիսի 10-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հավաքը, որի ժամանակ որոշակի ճշգրտումներ տեղի կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այդպիսի մի քանի ավագ ու կրտսեր պաշտոնյաների հավաքներ են տեղի ունեցել Բրյուսելում և Երևանում, բայց դրա արդյունքում Եվրամիության ներկայացուցիչների համար այդպես էլ պարզ չի դարձել, թե որ հարցերը պիտի լինեն Հայաստան-Եվրամիություն նոր օրակարգում, կամ, ավելի պարզ ասած, ինչ է ակնկալում Հայաստանը Եվրամիությունից: Մինչև Հայաստանը չտա այս հարցի հստակ պատասխանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է:
– Կարելի՞ է ասել, որ 2014թ. բյուջեից այլևս գումարներ չեն ծախսվի եվրոինտեգրման վրա, և հաջորդ տարի 2014թ. բյուջեի կատարողականը եվրոինտեգրացիայի մասով չի քննարկվի:
– Ես չեմ ցանկանում այդքան վատատես լինել, որովհետև, ինչպես տեսնում ենք, մյուս ինտեգրացիոն դաշտում ևս` Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու մասով ևս բազմաթիվ չլուծված հարցեր և խնդիրներ կան՝ ոչ միայն մեզ նման շարքային մահկանացուների և պատգամավորների, այլև Արտգործնախարարության առաջին դեմքերի համար: Այնպես որ, պետք չէ եզրակացություններ անելու հարցում շտապել կամ, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք: