Վազգեն Բրուտյան. Քո ճակատագրի համար միակ պատասխանատուն դու ես

Վազգեն Բրուտյանը մասնագիտությամբ համակարգչային ինժեներ է: Ծնվել ու մեծացել է Կահիրեում: Ուսումն ավարտելուց հետո փոխադրվել է Սաուդյան Արաբիայի Ալ-Խոբար քաղաքը՝ աշխատանքի անցնելով ՏՏ ոլորտի առաջատար՝ ամերիկյան IBM ընկերության ներկայացուցիչ Saudi Business Machines ֆիրմայում: Հետագայում հաստատվել է Բրազիլիայում՝ բնակվելով նախ՝ Ռիո դը ժանեյրոյում, իսկ հետո՝ Սան Պաուլոյում: Այսօր Վազգեն Բրուտյանը Բրազիլիայում ունի սեփական ՏՏ ընկերությունը, որը սպասարկման ծառայություններ է իրականացնում ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների համար: Չնայած հեռավոր Բրազիլիայում ապրելուն՝ Վազգենը հետևում է Հայաստանի ու հայաշխարհի իրադարձություններին: «168 Ժամի» հետ զրույցում նա կիսեց իր աշխատանքային հաջողությունները և իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի և հայության այսօրվա խնդիրների շուրջ:

– Վազգեն, ի՞նչը Ձեզ մղեց դառնալ համակարգիչների մասնագետ, և ի՞նչ հաջողություն եք ունեցել Ձեր մասնագիտության մեջ:

– Փոքր տարիքից շատ էի սիրում կարդալ: Անհագ ընթերցող եմ մինչև հիմա: Երևի ութ տարեկան էի, երբ մի գրքույկ կարդացի գյուտարար Թոմաս Էդիսոնի մասին: Ինձ շատ տպավորեց հատկապես այն, որ էլեկտրական լապտերը հիմնովին «փոխել է աշխարհը»: Այդ օրվանից գիտության և տեխնիկայի ֆանատիկ երկրպագու եմ: Հետագայում, երբ հորս հետ «Բի բի սի» ռադիոկայանի ուղիղ եթերում հետևում էինք «Ապոլլո 11-ի» լուսնային վայրէջքին, հորս հարցրի, թե ինչպես է հնարավոր երկրագնդից կառավարել այդքան հեռավոր սարքերը, հայրս այդ ժամանակ առաջին անգամ «կոմպյուտեր» բառն օգտագործեց՝ առանց բացատրելու, թե ինչ բան է այդ: Երկու տարի հետո՝ 13 տարեկանում, վերջապես հանդիպեցի այդ խորհրդավոր կոմպյուտերին, երբ Կանադայում այցելեցինք «Օնտարիոյի Գիտությունների կենտրոն» (Ontario Science Centre):

Պարզ է, որ իսկույն սիրահարվեցի և հենց տեղում որոշեցի համակարգչային մասնագետ դառնալ: Երբ համալսարանն ավարտեցի, նախ Եգիպտոսում աշխատեցի որպես գիտական և ինժեներական կիրառումների (applications) ծրագրավորող: Երկու տարի անց փոխադրվեցի Սաուդյան Արաբիա և որպես IBM Systems Engineer՝ աշխատեցի նավթարդյունաբերության հսկա ARAMCO ընկերության հետ: Կարճ ժամանակում մասնագիտացա նավթի հետազոտության և արդյունաբերության համար օգտագործվող գերհամակարգիչների (supercomputer) կիրառման մեջ: Ավելի ուշ ընկերությունը գնահատեց իմ կազմակերպչական ձիրքը և մասնագիտական աշխատանքիս կողքին ինձ միաժամանակ նշանակեց տասնչորս հոգուց բաղկացած Systems Engineering խմբի ղեկավար:

Կարդացեք նաև

– Իսկ ինչպե՞ս եղավ, որ հաստատվեցիք Բրազիլիայում:

– Արդեն հինգ տարի էր՝ Սաուդյան Արաբիայում էի ապրում, և այդ երկրի սահմանափակ ապրելակերպն ինձ բավականին հոգնեցրել էր: IBM-ի համաշխարհային ներքին ցանցով մշտական կապի մեջ էի ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Հարավային Աֆրիկայի և Իտալիայի supercomputing-ի մասնագետների հետ և որոշ չափով ճանաչված էի: Օրերից մի օր Բրազիլիայից զանգ ստացա. IBM-ի տեղական մասնաճյուղը Petrobras ընկերության հետ աշխատելու համար իմ մասնագիտության կարիքն ուներ:

Հետաքրքիր առաջարկ էր, մանավանդ Ռիո դը Ժանեյրոյում ապրելու հեռանկարը ոգևորեց ինձ: 1988-ի սկզբին ամուսնացա, և եկանք Բրազիլիա: Petrobras-ի հետ աշխատանքս բացառիկ հաջող էր. մեկ տարվա մեջ արդեն այցելել էի Լատինական Ամերիկայի նավթի բոլոր ընկերությունները և supercomputing-ի պրոյեկտներ էի սկսել Վենեսուելայում ու Մեխիկոյում: Երեք տարի անց նշանակվեցի տնօրեն և հաջորդող յոթ տարիների ընթացքում IBM-ի տարբեր բաժիններում կազմակերպչական պատասխանատվություններ ստանձնեցի, մինչև որ մի բարի օր ճապոնական Hitachi ընկերությունը «դուռս թակեց», և առաջարկ ստացա Hitachi Data Systems-ի բրազիլական մասնաճյուղը ղեկավարելու՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն՝ արդեն Սան Պաուլոյում:

Հաջորդող երկու տարիների ընթացքում զգալի ներդրում ունեցա այդ ընկերության` բրազիլական շուկայում որոշ ռազմավարական նպատակներ հաջողությամբ իրագործելու մեջ, ինչի համար վարձատրվեցի «ակնառու ներդրում» մրցանակով (outstanding contribution award): Այդ պահին մի նոր և անմերժելի առաջարկ ստացա, այս անգամ` գերմանական ThyssenKrupp-ից: Հարկավոր էր «կարգի բերել» (turnaround) նրանց պատկանող Triaton-ը, որը ՏՏ ոլորտի սպասարկությունների ընկերություն էր:

Այդ ժամանակ ես արդեն մտմտում էի նույն ոլորտում սեփական ընկերություն հիմնելու մասին, ուրեմն իսկույն ընդունեցի նոր պատասխանատվությունը: Չնայած բավականին բարդ իրավիճակին՝ երկու տարվա տքնաջան աշխատանքս հաջողությամբ պսակվեց, և ընկերությունն առողջացնելուց հետո այն վաճառեցինք ամերիկյան Hewlett Packard-ին: Ժամանակն էր սեփական ընկերության ծրագիրս գործի դնելու: Այդ նպատակով 2005-ին հիմնեցի Applied Solutions-ը: Հիմնականում ՏՏ սպասարկություններ ենք մատուցում ավտոմեքենա արտադրող ընկերություններին՝ business-to-business integration-ի ոլորտում:

– Իսկ ո՞րն եք համարում Ձեր հաջողությունների գաղտնիքը, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել բոլոր այդ կարևոր պաշտոններում:

– Մեծ գաղտնիքներ չունեմ: Մարդկանց հետ պետք է միշտ հարգալից վերաբերվել և լինել վստահելի՝ խոսքի տեր մարդ: Նոր հնարավորություններ գտնելու և գնահատելու հմտությունը պետք է զարգացնել: Համապարփակ կերպով վերլուծել յուրաքանչյուր իրավիճակ և արագ կողմնորոշվել: Կենտրոնանալ լուծումներ ձևակերպելու վրա և ժամանակ ու էներգիա չվատնել անկարևոր հարցերի շուրջ վիճելով: Իսկ ամենակարևորը՝ պետք է դրական աշխարհայացք ունենալ. աշխարհը չի սիրում մռայլ կամ նվնվան մարդկանց:

– Սփյուռքի այսօրվա իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Նոր Սփյուռքի մասին շատ տեղեկություն չունեմ, բայց դասական Սփյուռքը հարկավոր է վերակազմակերպել: Բոլորս էլ գիտակցում ենք համասփյուռքյան կառույցների անհրաժեշտությունը, բայց առանց Հայաստանի պետության նախաձեռնության և գործուն մասնակցության` լիազոր կառույցներ երբեք չեն կայանա: Արևմտահայ Սփյուռքը Ցեղասպանության ուղղակի հետևանք է, և Ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացում ներելի չէ ինքնագլուխ գործելը: Այսօր կանգնած ենք համահայկական բարդ և բազմակողմանի խնդիրների առջև, հաջողության հասնելու համար պետք է աշխարհով մեկ սփռված մեր լավագույն և ամենաորակյալ ուժերը համախմբենք լիազոր համահայկական կառույցների մեջ և նպատակասլաց աշխատանք զարգացնենք:

– Ի՞նչ զգացական կապեր ունեք հայության և Հայաստանի հետ:

– Ես Բրազիլիայում բնակվող հայ եմ և ոչ թե «հայկական ծագումով» բրազիլացի կամ եգիպտացի: Իմ զգացական արժեհամակարգն ամբողջությամբ հայկական է: Լավ եմ սերտել մեր ազգային պատմությունը: Արևմտահայերենի բնիկ և ամբողջական կրողն եմ և որոշ չափով տիրապետում եմ նաև արևելահայերենին: Բախտ եմ ունեցել այցելելու աշխարհի քառասունից ավելի երկրներ և, անշուշտ, այդ շփումների ընթացքում ձեռք եմ բերել որոշ կոսմոպոլիտ ճաշակ, բայց միայն Կոմիտասն է ինձ հարազատ: Իսկ Հայաստանի հետ իմ կապն օրգանական է, քանի որ իմ պորտն Էջմիածնում է թաղված՝ բառիս բուն իմաստով: Ես ու քույրս Էջմիածնում մկրտված սփյուռքահայ առաջին երեխաներն ենք. 1962 թվականին հայրս մեծ դժվարությամբ կարողացել է արտոնություն ձեռք բերել՝ հատուկ այդ նպատակով Հայաստան գալու և մեզ այնտեղ մկրտելու համար:

– Իսկ անկախությունից հետո եղե՞լ եք Հայաստանում:

– Այո, որդիս` Արմենը, 2010 թվականին մասնակցեց Հայաստանի Շախմատի ակադեմիայում կայացած մրցումներին: Այդ առիթով որոշեցինք ընտանիքով հավաքվել և Երևանում նշել հորս 90-ամյակը: Ի դեպ՝ Արմենն այժմ ՖԻԴԵ-ի վարպետ է. նախապես եղել է Հարավային Ամերիկայի Մ-16 տարեկանների չեմպիոն՝ 2009-ին, իսկ 2011-ին և 2012-ին՝ Բրազիլիայի` Մ-18 տարեկանների կրկնակի չեմպիոն: Ընդհանուր տպավորությունս Հայաստանի մասին եթե ասեմ՝ շատ սիրուն երկիր է, ժողովուրդը մարդամոտ է և հյուրասեր: Բայց երկրի տնտեսությունը պետք է ամրացնել:

Brutyan (2)

– Իբրև փորձառու ձեռնարկատեր` ի՞նչ առաջարկներ կանեիք:

– Հայաստանի հզորացման և բարգավաճման համար առաջնահերթ խնդիր է տնտեսական միջին խավի (middle class) ձևավորումը: Շարքային քաղաքացին պետք է իր մտասևեռումը դարձնի իր կյանքի ընթացքում աստիճան առ աստիճան բարձրանալը և նվաճումներ ունենալը, խոչընդոտներ հաղթահարելը: Հայն աշխատասեր և իր շրջապատը ծաղկեցնող ժողովուրդ է, պինդ ու դիմացկուն է. սրանք մեր ազգային հատկություններն են, որոնց վրա հենվելով է, որ պիտի զարգանա Հայաստանը: Առաջին հերթին` հարկավոր է հաղթահարել ներքին, հոգեբանական խոչընդոտները: Պետք է ըմբռնել, որ քո ճակատագրի համար միակ պատասխանատուն դու ես, ուրիշ ոչ ոք:

Հետո հարկ է գիտելիքներ և հմտություններ կուտակել, կյանքի նպատակ ձևավորել և այդ նպատակի ուղղությամբ լրջորեն և անվհատ կերպով աշխատել: Երբեք պետք չէ խորշել չարքաշ աշխատանքից՝ որքան էլ պայմանները դաժան լինեն: Նույնիսկ դժվար պայմաններում` ժամանակ առ ժամանակ, կյանքն անպայման նոր հնարավորություններ է բացահայտելու: Կարևոր է հատկապես երկրում հերոսացնել նախաձեռնող-գործարարի` ձեռնարկուի (entrepreneur) կերպարը: Հայաստանում խոշոր և արդեն իսկ կայացած ընկերությունները փոքրաքանակ են: Ավագ սերունդը վարժ չէ ձեռնարկատիրության, բիզնես ծավալելու, շուկայական օրինական մրցակցության: Այդ պայմաններում նոր սերունդը պետք է յուրացնի և կիրառի բոլոր այդ հմտությունները և նոր ավանդույթ ձևավորի հաջորդող սերունդների համար: Հավատացեք, որ նույնիսկ ձախողված նախաձեռնություններն օգտակար են:

– Ասում եք, որ մարդիկ հույսն իրենց վրա պիտի դնեն, իսկ պետության դերը ո՞րն է այս ամենի մեջ:

– Մի շարք գործառույթներ պետության մենաշնորհն են: Օրինակ՝ ազգային անվտանգություն, քաղաքացու կյանքի և ունեցվածքի ապահովություն, օրենքի գերակայություն և անխտիր գործադրություն. բոլոր այս ոլորտներում խղճամիտ ու որակյալ աշխատանք զարգացնելը պետության սուրբ պարտականությունն է: Պետք չէ, սակայն, ուռճացնել պետությունից սպասելիքները: Եթե պետությունը որոշ հարկային արտոնություններով կարողանա օգնել սկսնակ նախաձեռնություններին` շատ բարի, բայց վերջին հաշվով՝ նախաձեռնող մարդիկ աշխարհի շատ երկրներում հաջողության են հասնում` «ի հեճուկս» պետության: Կարող է զարմանալի թվալ, բայց իմ կարծիքով` պետությունից ավելի կարևոր դեր ունեք դուք՝ լրատվամիջոցներդ:

– Այդ ինչպե՞ս:

– Լրատվամիջոցները հասարակության հոգեբանությունը ձևավորող հիմնական ազդակն են: Հայաստանում թե՛ պետությունը և թե՛ հասարակությունը նորածին մանկան պես խոցելի կողմեր ունեն: Հիշենք, որ հսկա մի կայսրության փլուզման պատճառած հոգեբանական ցնցումը մի ամբողջ սերունդ կարող է փչացնել: Լրատվամիջոցներում երբեմն այնպիսի կործանարար վերնագրերի եմ հանդիպում, որոնք առնվազն անպատասխանատվության դրսևորում են: Արդյունքում՝ դեպրեսիվ, ճարահատ ու դժգոհ հասարակություն է կազմավորվում: Այդպիսի մթնոլորտում ապրողն ինչպե՞ս կարող է գիտելիքներ և հմտություններ կուտակել, կյանքի նպատակ ձևավորել և այդ նպատակի ուղղությամբ լրջորեն աշխատել: Լավորակն ու վատորակն ամեն տեղ էլ կան, դա չէ հարցը. լրագրողը պետք է նախ և առաջ` գիտակից և պարկեշտ լինի:

– Իսկ Բրազիլիան ձեռնարկատիրություն իրականացնելու համար Ձեր նշած լավագույն պայմաններն ունի՞: Առհասարակ ի՞նչ համեմատություններ կան Հայաստանի և Բրազիլիայի միջև:

– Բրազիլիան մոտ 200 միլիոն բնակչություն ունի, որոնցից 100 միլիոնը մաս է կազմում տնտեսական միջին խավին: Ունի խոշոր և կայացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և բանկային սպասարկություններ: 2013-ի դրությամբ Բրազիլիայի ՀՆԱ-ն կազմել է 2.4 տրիլիոն ամերիկյան դոլար: Նոր ձեռնարկ իրականացնելու հիմնական խնդիրներից մեկը՝ գնորդների առկայությունը, այս բարենպաստ պայմաններում, գործնականում լուծված է: Մյուս կողմից՝ հարկային համակարգն ու աշխատանքային օրենսդրությունը սկսնակ նախաձեռնության համար ծանր բեռ են և «սանձում են» փոքր կապիտալով նոր սկիզբ առած ընկերությունների արագ վերելքը: Բանկերից վարկ առնելու մասին էլ մտածել իսկ չի կարելի: Մի խոսքով՝ հազար ու մի վտանգներն ու խոչընդոտները պետք է հեռվից նախատեսել և խուսանավել: Իսկ Հայաստանի հետ համեմատելը դժվար է՝ քանի որ Բրազիլիան տարբեր քաշային կատեգորիայի պետություն է:

– Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է կյանքը Սան Պաուլոյում: Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, մարդիկ ի՞նչ հետաքրքրություններ ունեն այդ քաղաքում:

– Մետրոպոլի տարածքում 18 միլիոն բնակչություն է ապրում: Սիրիա-լիբանանյան, իտալական և ճապոնական խոշոր համայնքների շնորհիվ Սան Պաուլոն աշխարհի ամենազարգացած գաստրոնոմիական շուկաներից մեկն է, որի ռեստորանային ցանցը կարող է մրցել Փարիզի, Լոնդոնի կամ Նյու Յորքի հետ: Մարդիկ բարերում և ռեստորաններում են հավաքվում ընկերովի ժամանակ անցկացնելու համար: Առևտրի և զվարճանքի սրահներն ու բացօթյա այգիներն էլ միշտ լիքն են: Բրազիլական փոփ երաժշտությունն ընտիր է, և Սան Պաուլոյում միշտ էլ լավ համերգներ կարելի է գտնել:

Շաբաթավերջին քաղաքի արվարձաններում խորովածի շուրջ հավաքվելու և հերթական ֆուտբոլի խաղը կամ «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը խմբովին դիտելու սովորույթ կա: Իսկ արձակուրդներին բոլորը նետվում են դեպի մեկ-երկու ժամվա հեռավորությամբ գտնվող ծովափները: Սրանից բացի՝ սանպաուլոցիներն ահագին ժամանակ են անցկացնում գեղեցկության և մարմնամարզության սրահներում: Մաքուր ու խնամյալ տեսք և գեղեցիկ, կոփված մարմին ունենալն ուղղակի մարմաջ է այստեղ:

 

Տեսանյութեր

Լրահոս