Բաժիններ՝

ԵՄ-ը հաջորդ շաբաթ կարող է դիտարկել ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների 3 սցենար` թեթև, միջին ու կոշտ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` եվրոպացի առաջնորդները հաջորդ շաբաթ քննարկելու են Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ուկրաինայում տապալվեն վաղվա նախագահական ընտրությունները:

Այդ պատժամիջոցները կարող են առնչվել ապրանքների ներկրմանը` սկսած խավիարից ու մորթուց, վերջացրած նավթով ու գազով: Երկու էջից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցների երեք սցենար` թեթև, միջին ու կոշտ: Այն ԵՄ-ի անդամ երկրների դիտարկմանն է ներկայացվել դեռևս նախորդ ամիս և կդառնա մայիսի 27-ի գագաթաժողովի քննարկումների հիմքը:

Թեթև սցենարով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի ճոխ առարկաների ներկրման հարցում, ինչն առնչվելու է նաև ադամանդներին, թանկարժեք մետաղներին, մորթուն, օղուն ու խավիարին: Բացի այդ, ԵՄ-ը կարող է արգելել Ռուսաստան պարարտանյութերի, քիմիկատերի, անվադողերի ու նավերի արտահանումը:

Միջին սցենարն առնչվում է առևտրի ու ներդրումների սահմանափակմանը` կապված ֆինանսական կառույցների, կապիտալի ազատ շարժի հետ: Արգելվելու է ածխի ներկրումը, սահմանափակվելու են նավարկությունն ու տրանսպորտի տեղաշարժը, ռուսական էներգետիկ ոլորտում գրանցվելու է ներդրումային դադար:

ԵՄ-ի պատժամիջոցների ամենակոշտ տարբերակը նախատեսում է սահմանափակումներ կապիտալի շուկաներում, Ռուսաստանում նոր ներդրումների պոտենցիալ արգելք, եվրոպական ընկերությունների ռուսական ամեն տիպի ակտիվներում ԵՄ-ի նորմերի խստիվ պահպանում ու Ռուսաստանից նավթի ու գազի ներկրման ամբողջովին կասեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս