Փախուստի ու վերադարձի մեր ճանապարհները
Արտագաղթ, փախուստ. վերջին տարիներին քննարվկող թիվ մեկ հարցը. ցավոտ հարց, բարդ, անլուծելի թվացող խնդիր: Հայերը շարունակում են լքել հայրենի եզերքը: Երկիր մոլորակի աղետալի պտույտը չի կասեցնում մեր մեծ տեղաշարժը: Դեռևս տասնամյակներ առաջ ազգային մեր այս վարքի շուրջ խորհրդածելու առաջարկ էր ներկայացրել Հարություն Խաչատրյանը, հեղինակային` «Քամին ունայնության» ֆիլմը նկարահանելով: Ազգային բնավորության դրսևորման Իմաստի մեջ խորանալու արվեստագետի առաջարկը, կարծես, մեզ մոտ այնքան էլ ոգևորությամբ չընդունվեց: Մինչդեռ խնդիրը քննության նյութ է դարձրել մի ռեժիսոր, որը հմտորեն օգտագործելով կինոարվեստի պաշարները` կարողանում է էկրանը դարձնել մի հսկայական կտավ ու բազմաշերտ ասելիքով ներկայացնել Ժամանակը` որպես Պատմություն: Հայերն ինչո՞ւ են լքում հայրենի եզերքը:
Ինչո՞ւ է մարդը թողնում իր ծննդավայրը, հարազատներին, հարազատ վայրերն, ու անծանոթ, օտար աշխարհներ մեկնում` արվեստագետի հարցադրման մասին, հիմա շատերն են խոսում: Գրեթե ամեն օր ու ազգովի են խոսում: Ե՛վ նրանք, ովքեր դեռ երկրում են , և՛ նրանք, ովքեր արդեն գնացել են: Մեզ համար պատուհաս էլ չէ, այլ չարիք դարձած արտագաղթի չափերը գնալով` ավելի են մեծանում: Մենք շարունակում ենք այն որպես խոսակցության թեմա պահել` կրկին չուզենալով խորանալ Իմաստի մեջ, ըմբռնել մտոք և գործողության միջոցով` եթե ոչ լիովին, ապա մասամբ կասեցնել փախուստի շարունակական ընթացքը:
Հարություն Խաչատրյանն այս հիմնահարցը տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով` արդեն ֆիլմաշարով է խնդիրը քննության առնում, և ոչ թե այն հիմքով, որը մակերեսի վրա է ոչ թե «ճամփորդող պանդուխտների» հաջողության կամ պատրանքների անկման վկան դառնալով, այլ կինոօբյեկտիվի թաքնված ուժի հայեցմամբ, իրականության «դիմանկարային» կինոպատումների շարքով:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ընդհանուր խորագրով շարքի առաջին` «Հայկ. Փախուստ» նկարի էկրանային երթը սկսվել ու շարունակվում է: Շարունակվում են նաև ռեժիսորի` հաջորդիվ ներկայացվելիք ֆիլմերի մոնտաժման աշխատանքները.
– Փախուստի պրոբլեմին անդրադառնալով` ես որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու խնդիր չեմ ունեցել: Ուզեցի հասկանալ: Հասկանալ ուզեցի ու փորձեցի խորքը տեսնել. 1987-89 թվականներն էին, երբ ավարտին հասցվեց «Քամին ունայնության» ֆիլմը: Զգացի, որ գործն անավարտ մնաց, որ իմ հերոսների պատմությունը նոր է սկսվում: Նոր էին երկրից գնացել, դեռ տաք էին, երազներ իրականացնելու հույսեր ունեին փայփայվող: Եվ սկսեցի նկարահանել էդ մարդկանց` հինգ, յոթ, տասը, քսան տարվա ընդմիջումներով:
Ո՞ւր են տանում ճանապարհներն աշխարհի: Ո՞ր ճանապարհներին են հայտնվում հայրենիքից հեռացած մեր հերոսները: Նրանց անցած տեղերով ես էլ անցա և ամեն մեկին իր նոր հանգրվանում նկարահանեցի: Ամեն մեկին թվում էր, թե ճակատագրով է ընտրված թափառումների իր ճանապարհը: Տարիները նրանց արտաքինը փոխում էին: Իսկ ես ամեն անգամ փորձում էի տեսախցիկի օգնությամբ միայն արտաքին չէ, այլև նրանց ներքին փոփոխությունները նկատել, տեսնել, թե նրանց անատոմիայի մեջ, քիմիայի մեջ, հոգեբանության մեջ ի՞նչն է փոխվել: Կարևորը պրոցեսին հետևելն էր: Եվ այդ պրոցեսն է, որ սարսափեցնում է: Մարդկային կառույցի կազմալուծումն ասեմ, թե` փտումը…
Փթթել չէ, փտել: Կամ հիվանդանալը, կամ առողջանալը` հարստանալով զորանալը, սովից հյուծվելը: Եվ… հուսահատությունը: Նկարահանված նյութը, թվում էր, թե մի ֆիլմի սահմաններում կտեղավորեմ: Տեսա` չէ, ամեն մեկը կենսագրության ուրույն էջերով է կյանքը շարունակել, և չես կարող ներհյուսված մի պատկերաշարով միասնական պատմություն ներկայացնել: Իմաստային առումով էլ չես կարող: Պիտի դառնար ընդհանուր խորագրով հավաքվող ֆիլմերի շարք` ենթավերնագրերով:
– Նախորդ բոլոր ֆիլմերում խոսքը շրջանցող, խոսքը, որպես կինոարվեստի արտահայտչամիջոց մերժող կինոռեժիսորն ինչո՞ւ է այս անգամ սեփական սկզբունքը խախտելով` արտոնել, որ այն չափազանց շատ հնչի էկրանից:
– Ճիշտ է, ես միշտ խուսափել եմ խոսքից, բայց իմ հերոսները, կարծես թե, իրենք «ստիպեցին», որ խոսքաշատ լինի ֆիլմը: Էս պրոբլեմը` միգրացիայի, բոլոր ազգերն ունեն: Ուրեմն, պետք է, որ օտարներին էլ հետաքրքրեր այս գործը: Բայց նկարը հիմնականում հայերի համար է: Ասելիքը, հերոսների` հայերին է ուղղված: Նրանք համոզված են, որ իրենց ցավի, դարդի մասին միայն իրենց հայրենակցին կարող են պատմել: Քանի որ միայն նրանք կարող են հասկանալ ապացուցողական իրենց «ճշմարտությունները»: Օտարը կարող է և չընկալել, թե իր կյանքի երազանքների մասին պատմող մարդն ինչո՞ւ է այսքան տխուր: Չնայած ֆիլմն արված է պատկերային լուսավոր շեշտադրումներով: Աշխարհի երկրներ է ներկայացվում` Ռուսաստանի մայրաքաղաքից մինչև Սիբիր ընկած տարածքներով, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Երևան..
– Կան ռեժիսորներ, որոնց ֆիլմերում երևում է, թե նա ինչպես է վերաբերվում իր հերոսներին: Այն, որ Հարություն Խաչատրյանը սիրում է իր հերոսներին, ակնհայտ է նրա բոլոր գործերում: «Անվերջ վերադարձ, հավերժ փախուստի» առաջին ֆիլմի հերոսին էլ է սիրում կարծես, բայց այս մարդու հանդեպ, թվում է, թե ավելի շատ կարեկցանք կա:
– Ես նրանց բոլորին սիրում եմ, երբ նկարում եմ: Կարող է` չսիրես շատ, բայց պիտի հարգես անպայման, որովհետև այն մարդուն, որին լավ չես վերաբերվում, չես կարող հետը ազնիվ ու անկեղծ լինել: Իսկ կինոն ազնիվ արվեստ է, որը խաբելու իրավունք չի տալիս: Այս ֆիլմի բարդությունը նաև այն է, որ իր տեսակով է տարբերվում: Չես կարող բնավորություն ստեղծել, սիրելի կամ ատելի կերպար կերտել: Մարդու ճակատագիր հորինել ու սիրել տալ, կամ ատելություն առաջացնել:
Եվ չես կարող Ճշմարիտ նրա տեսակը բացառելով, նրա կենսագրության էջերը ջնջելով` քո տարբերակով ներկայացնել նրա կյանքի ընթացքը, որը սեփական ընտրությա՞մբ, թե՞ ճակատագրի բերումով է այնպիսին, ինչպիսին որ կա: Ճշմարտություն բացահայտել ու ներկայացնելն էլ է դժվար: Սա է: Այսպիսի ընթացք է ունեցել այս մարդու կյանքը: Առաջին ֆիլմի հերոսը` Հայկը, ու նրա ապրած կյանքն է սա, որից ինքն է դրվագներ առանձնացնելով` պատմում:
– Եվ առանց վերջակետ դնելու պատմում է: Այնպիսի տպավորություն է, թե նա իրեն տրված «տուն դառնալու», մայրենի լեզվով խոսելու եզակի հնարավորությունից օգտվել է, ապրած ու չապրած տարիների, արած ու չարած գործերի մասին պատմելով` գուցե նաև արդարանալ է ուզում: Կամ էլ, թե` ճշմարտությունն իրենից հեռացնելու, սեփական «եսը» վեր դասելու համար է, որ չի կարողանում վերջակետ դնել…
– Խոսում է հայրական տան մասին, իր երեխաների մասին, որոնց հասունանալու տարիները չի տեսել: Խոսում է մի քանի միլիոն գումար ձեռք բերելու մասին, որոնք ունենալու դեպքում միայն կարող է իր երկու աղջիկներին հանդիպել, հայրենիք վերադառնալու, ծննդավայրում ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին է խոսում: Սուտ է ասում: Նա արդեն եկեղեցուն է նվիրվել: Իսկ եկեղեցի գնում ես ապաշխարելով, ապաքինվելու, գնում ես վերջին խոստովանությունից առաջ, երբ ինքդ քեզ պատրաստում ես միանալու բոլոր նրանց, ում սիրել ես, ովքեր քեզ են սիրել ու տարբեր ժամանակներում հեռացել երկրային կյանքից:
– 1987-1989 թվականներից մինչև 2012-14թթ. ընկած ժամանակի հատվածում արտագաղթի թեման իմաստային փոփոխություն է կրել: Հիմա մարդիկ հեռանում են կեցության տարրական պայմաններ չունենալու, գոյություն պահելու համար: Գնում են երեխաների ապագայով մտահոգված: Գնում են, քանի որ հուսահատության սահմանն էլ է խախտվել:
– Հայերը միշտ էլ նույն պատճառաբանություններով են հեռացել: Որովհետև միշտ դժգոհ են սեփական երկրից: Որովհետև չեն սիրում հայերենը: Որովհետև հարստության հետևից են վազում: Դժգոհությունների մի ցանկ են կազմել և բոլոր ժամանակներում էդ նույն բաներն ասել ու գնացել են: Հայ ժողովրդի այն հատվածը, որը փախուստի ճանապարհն է ընտրում, ինձ լրջորեն անհանգստացնում է: Մեր այս ֆիլմերի շարքը հասցեատեր ունի: Թող նայի ու մտածի, թե փախչող հայն Ամերիկայում ի՞նչ է անում, Սիբիրում ի՞նչ է անում, Էստոնիայում ի՞նչ է անում: Հաջողակը և անհաջողակն ի՞նչ է գտել, և կորցրածն ի՞նչ է…
– Հաջողության հասած հայրենակիցներ էլ ունենք, չէ՞: Եվ հիմնականում նրանք, ովքեր ավելի վաղ` անկախության հռչակումից առաջ են հեռացել երկրից:
– Կան, իհարկե: Արմեն Ջիգարխանյանը, որը շատ վաղուց է հեռացել: Երջանկություն փնտրելու էր մեկնել Մոսկվա ու գտել էր: Բայց շատ դժբախտ է: Հասկանո՞ւմ ես: Փախուստի դիմող մարդկանց տարբեր տեսակներ կան: Մարդ կա, որ գնացել ու վերադարձել է ու էլի միայնակ է: Օրինակ, Ռուբիկը` Հախվերդյան: Հաջողա՞կ է, թե՞ ոչ: Չգիտես: Եվ չես էլ ուզում խորանալով պարզել` վերադառնալո՞վ է երջանիկ, թե՞ դրսում մնալով ավելի լավ կզգար իրեն: Չգիտես: Դրա համար էլ երբեք պատասխաններ չի տալիս արվեստագետը: Արվեստագետը, խորամանկ ասեմ, թե խելոք պիտի լինի այնքան, որ մեղադրելու կամ արդարացնելու, լավ կամ վատ ասելու Աստծուն վերապահված իրավունքն իրեն չվերապահի: Արվեստագետը խնդիրը բարձրացնելով` դրա շուրջ մտածելու է հրավիրում: Այն արվեստագետը, որը ոչ միայն պատասխանը գիտի, այլև արդարացնելու կամ մեղադրելու վճիռ է կայացնում, անմիջապես է արվեստի ասպարեզից դուրս մնում և դառնում է մեծամիտ ասուն…
– Արվեստագետը միայն հարց բարձրացնելու համա՞ր է այս կամ այն գործը հեղինակում:
– Արվեստագետը հարց է բարձրացնում և ստիպում մարդկանց դրա շուրջ լրջորեն մտորել, շատ խորը մտածել: Ոչ թե` սա վատն է, սա` լավը, սա հերոս է, քանի որ հայրենիքում է մնացել է, իսկ այս մեկը վատն է, որովհետև գնացել է:
Ի՞նչ իրավունքով ես նման գնահատականներ տալիս: Ազգային ինքնության դրսևորման հարցը, ազգիդ մի զգալի մասի վարքը քննելու փոխարեն` մակերեսային էդ ի՜նչ մոտեցում ես ցուցաբերում: Մարգարե՞ ես, Սո՞ւրբ ես, ո՞վ ես: Ուշադիր պետք է լինես, քանի որ մարդկային եզակի թվացող ճակատագրերի մասին չես պատմում, այլ նրանց միջոցով համազգային մեծ խնդիր քննել ես առաջարկում թե՛ դրսում հայտնված, թե՛ ներսում ապրող հայերին:
– Ներսում հիմա վիճակը գնալով ավելի քան աղետալի է դառնում: Տունը, որը լքվում է, փլուզման է ենթակա, հողը, որը չի մշակվում, բանուկ ճանապահի է վերածվում, կամ ուրիշի սեփականությունն է դառնում…
– Աղետալի է, այո: Բայց կրկնում եմ` ոչ մեկը, առավել ևս` արվեստագետը, իրավունք չունի մեղադրողի թիկնոցն ուսերին առնելու: Չարի շարժում կա: Տեսանելի ու անտեսանելի հազար ու մի երևույթներ կան: Հավերժության գաղտնիք ու Տիեզերական ուժեր կան: Մարդը զգացողությունների կծիկ է: Վախ ունի, ինքնահաստատվելու, իր ապրած իրականությունից փախչելու ցանկություն ունի: Ի՞նչ գիտենք, թե ո՞վ, ի՞նչ մղումով է մեկնում: Գուցե փախչելն է համարում իր փրկության ուղին: Նույն տիեզերական ուժի թելադրանքով, կամ էլ թե` չարի դեմ իր անզորությունը զգալով: Եվ գուցե քո տեսակը հենց նա` գնացողն է պահելու: Գուցե՞ գնալով է մնացողին օգնելու: Չգիտեմ: Ասում եմ` գուցե: Մարդկային վարքի ամեն մի դրսևորում, նույնիսկ հիմար քայլը կարելի է տարբեր մեկնաբանություններ տալով` հասկանալ փորձել:
– Կասկածելու կամ վստահության պակաս ունենալու պարագայում, նման խնդիրներ վերհանող արվեստագետի ստեղծագործությունը հնարավոր է, չէ՞, մարդկանց համար կողմնորոշվելու ազդակ դառնա: Չբացառենք, որ արվեստի, հատկապես կինոարվեստի գործերըն որոշակի ամպլիտուդով ներազդեցություն գործելու ուժ ունեն:
– Պիտի միշտ կասկածես: Եթե չկասկածես, չես կարող ստեղծագործել: Չկասկածողներ շատ կան ու շատ են եղել: Նույնիսկ առաքյալներից մեկը փորձեց հակաճառել Հիսուսին:
«Սա ճիշտ է», «սա սխալ է» տարբերակման նշաններ դնելու արտոնությունն ո՞ւմ է տրված: Ո՞վ է ասում` Նժդեհի նման եղեք: 21-րդ դարում ապրող մարդն ինչպե՞ս կարող է Նժդեհի նման լինել: Ի՜նչ մեծություն էր, եզակի անհատականություն էր, չէ՞, Նժդեհը: Ինչպե՞ս կարող է երկրորդ մի Նժդեհ լինել:
Չի կարող ուրիշ որևէ մեկը Քրիստոս լինել: Ամեն մարդ, անգամ իրականացրած երազանքներով մարդը, տառապյալ մեկն է: Տարօրինակ ձգտումներ ունի: Խոշոր անհատականություններին պիտի չբերես արվեստ, քո մեկնաբանություններով նրա կերպարը պիտի չկերտես: Յուրաքանչյուր ոք Մեծերի մասին իր պատկերացումն ունի, և չես կարող քո դիտանկյունից տեսածի հիմքով նրանցից որևէ մեկին գնահատական տալ: Ստացվում է, որ դու մեծից էլ մեծ ես: Նրանց առաջ խոնարհվել ու ասել է կարելի միայն` «ես` անխելքս», «ես` անճարս», «ես` մեղավորս»…
– Նարեկացու պես…
– Նարեկացին ապաշխարում էր: Նարեկացուց ավելի խոնարհ, ավելի մեծ մեղանչումով պիտի թեման «բացես»: Այնքան ու այնպես, որ մտածելու, խորհելու մղի, ոչ թե պարզ մի գնահատականով ուղղորդի: «Քամին ունայնության» ֆիլմն էդպիսի մի գործ էր: Շատերն էին դժգոհ` «ինչո՞ւ ես էդ թեմային անդրադարձել» ասացին: Գրեցին` «պատերի տակ թաքնված այդ բորենիները հայեր չեն»: Մեղավոր ես, որովհետև ժամանակից շուտ ես հասկացել, թե ինչ է կատարվում քո երկրում, ու ինչ վտանգ կարող է դառնալ արտագաղթը երկրիդ համար:
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի` «Հայկ. Փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի` «Vision du Reel» կինոփառատոնում, ապրիլի 30-ին:
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հիմնականում հեղինակային վավերագրական կինոն է: Եվ այս փառատոնում է դեռևս 1988 թվականին ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացել Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը: Իսկ մեկ տարի անց ռեժիսորի «Սպիտակ քաղաք» կինոնկարը ստացել է նույն այս փառատոնի` «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակը:
Ի դեպ, վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն է աշխարհում` «Vision du Reel»-ն, որն աշխարհի տարբեր փառատոներում, այդ շարքում` նաև Կաննի միջազգային կինոփառատոնում, հատուկ ծրագրով մոլորակի լավագույն վավերագրական ֆիլմերը ներկայացնելու արտոնություն ունի: «Vision du Reel»-ի առաջարկով` մայիսի կեսերին կայանալիք Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել է նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը:
ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ