
Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո»

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից կատարված առանձնապես խոշոր չափի գումար գողանալու գործով, հայտնում է «Փաստինֆոն»։
Երեկ հայտնի էր դարձել, որ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։
«Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո»,-գրում է պարբերականն ու հավելում, որ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։
Նշվում է, որ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։